«Մանկապարտեզ հաճախելուց հետո երեխաս դարձել է չափից ավելի ագրեսիվ. ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանել են «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետները:

 

Անուն՝ Մերի
Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, հնարավո՞ր է՝ երեխան լսի, բայց չխոսի։
Պատասխան՝ Այո, իհարկե: Կարևոր է հասկանալ՝ բացի լսելուց, արդյոք ընկալում է խոսքը, արձագանքու՞մ է, երբ իրեն եք դիմում, ինչպե՞ս է հաղորդակցվում, ինչպե՞ս է արտահայտում իր հույզերը։ Հնարավոր է՝ երեխայի ֆիզիկական լսողությունը պահպանված է, բայց խնդիր կա խոսքային լսողության և ընկալման հետ։ Խոսքի ձևավորման համար գլխուղեղում պատասխանատու է երկու կենտրոն՝ խոսքալսողական և խոսքաշարժողական։ Խոսքալսողական կենտրոնն ապահովում է խոսքի ընկալումը, իսկ խոսքաշարժողական կենտրոնը՝ խոսելը։ Եթե դժվարություններ կան խոսքալսողական կենտրոնի հետ, ապա երեխայի ֆիզիկական լսողությունը պահպանված է լինում, բայց խոսքի ընկալումը բացակայում է, և տպավորություն է ստեղծվում, որ երեխան չի լսում: Չխոսելու համար հնարավոր է՝ նաև այլ պատճառներ լինեն:


Անուն՝ Մանուշակ
Հարց՝ Բարև Ձեզ, տղաս 3.10 տարեկան է, նորմալ ասում է, որ միզել է ուզում, բայց կղելու ցանկության դեպքում ոչ գիշերանոթից, ոչ զուգարանակոնքից չի ուզում օգտվի։ Երբ համոզում եմ, փորձում եմ նստեցնել, բղավում է, անում է տակը։ Հոգեբանի դիմելու կարիք կա՞։
Պատասխան՝ Կարծում եմ՝ պետք է մեկ անգամ դիմել մակաբույժի, ապա նաև դիմել մանկական հոգեբանի: Տվյալ խնդիրը կարող է կապված լինել և՛ աղիների գործունեության, և՛ երեխայի հուզական վիճակի հետ:

Անուն՝ Մարիամ
Հարց՝ Երեխաս 2 տարեկան է, նոր է հաճախում մանկապարտեզ։ Սկսել է  ագրեսիվ վարք ցուցաբերել, շատ է լացում, իմ ու հոր կատմամբ մի տեսակ չարացել է։ Ուզում եմ հասկանալ՝ սա նորմա՞լ է։
Պատասխան՝ Մանկապարտեզ հաճախելը և նոր միջավայրում ադապտացվելը դժվար և սթրեսային է երեխայի համար, և վարքի նման փոփոխությունը սկզբնական շրջանում նորմալ է, բայց եթե վարքի փոփոխությունը երկարատև է, ապա պետք է հասկանալ՝ որն է նման փոփոխության պատճառը։ Փորձեք պահպանել հանգստություն։ Հետևեք երեխային, նրա վարքին, խաղին, քնի և սնվելու ռեժիմին, հարցրեք՝ ինչպես է իրեն զգում մանկապարտեզում, ինչ է անում այնտեղ։ Եթե ամեն բան լավ է, այդ դեպքում  վարքագծի նմանատիպ դրսևորումը պետք է կարճ տևի։


Անուն՝ Լիանա
Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է: Վերջերս շատ հաճախ է լաց լինում, թավալվում է գետնին, ջղաձգվում է և այնքան է գոռում, որ  ձայնը կտրվում է: Նյարդային լարվածություն է նկատվում մոտը։ Նույնը կատարվում է նաև գիշերը: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպես վարվեմ, որ նման իրավիճակում կարողանամ հանգստացնել երեխայիս:
Պատասխան՝ Բարև Ձեզ, նախ՝ պետք է հասկանալ՝ ինչի հետ է կապված երեխայի վարքի նման փոփոխությունը: Եթե սա ուղղակի կամակորություն է, ապա նման վարքով նա չպետք է ստանա այն, ինչ ցանկանում է: Ցանկալիի ստացման այս մեթոդը պետք է անարդյունավետ լինի, որքան էլ որ երկար տևի: Ինչքան Դուք անեք լացով կամ նման վարքով պահանջածը, այնքան հաջորդ անգամվա լացն ավելի ուժգին ու երկարատև է կլինի։ Այսպիսով՝ գալով նա ավելի նյարդային ու անկառավարելի կդառնա: Պարզապես Ձեր մերժումները պիտի լինեն հիմնավորված և հաստատակամ: Կարող եք մի անգամ դիմել նաև հոգեբանի խորհրդատվության՝ դաստիրարակության մոտեցումների քննարկման համար:



Անուն՝ Մանուշակ
Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 2 տարեկան 2 ամսական է։ 9 ամսականից սկսած՝ բառեր է ասել, հիմա կարողանում է նախադասություն կազմել, բայց սկսել է մուլտեր նայել։ Շատ նայելուց հնարավո՞ր է՝ խոսքի զարգացման հապաղում լինի։
Պատասխան՝ Ընդհանրապես երկարատև մուլտեր դիտել խորհուրդ չի տրվում ոչ մի տարիքում, քանի որ կարող է խանգարել երեխայի բնականոն զարգացմանը: Այդ տարիքում ցանկալի է, որ երեխան շատ շփվի հասկակիցների հետ, զբոսնի, խաղա, թռչկոտի, վազվզի:
Մուլտերի երկարատև դիտումը նաև շատ բացասաբար է անդրադառնում խոսքի զարգացման, լեզվամտածողության և շփման հմտությւոնների ձևավորման վրա: Երեխան պիտի լսի կենդանի խոսք, հուզականորեն հագեցած շփում ունենա և ակտիվ խաղա: