Ներարգանդային պարույր տեղադրելուց, ապա հանելուց հետո հնարավո՞ր է հղիանալ. «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Բելլա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 36 տարեկան եմ, շատ երկար տարիներ դաշտանս սկսվել է միշտ 28-32 օրվա ընթացքում, վերջին ամսում արդեն 42-րդ օրն է՝ դեռ չի եղել։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի հետ կարող է կապված լինել (ամուսնացած չեմ, հղիությունը բացառվում է)։ Հնարավո՞ր է՝  կլիմաքս է սկսվում: Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Կլիմաքսի տարբերակը հնարավոր է, սակայն այն պետք է կամ հաստատվի, կամ հերքվի։ Հնարավոր է՝  հորմոնալ ֆոնի փոփոխություն լինի, որը շատ հեշտ ենթարկվի կորեկցիայի։ Դիմեք գինեկոլոգ-էնդոկրինոլոգի։

 

Անուն՝ Շուշան

Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է երեխայի սեռը որոշել նախքան հղիությունը: Շնորհակալություն։

Պատասխան՝ Հաշվարկի միջոցով 100 տոկոսով սեռի որոշում հնարավոր չէ։

 

Անուն՝ Արփուշ

Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, ներարգանդային պարույր տեղադրելը, այնուհետև հանելը վտանգավո՞ր է հետագայում երեխաներ ունենալու համար։

Պատասխան՝ Ներարգանդային պարույրի տեղադրումն ունի իր հակացուցումները, դրանց բացակայության դեպքում պարույրի կիրառումը ոչ մի վտանգ չի ներկայացնում։



Անուն՝ Տաթև

Հարց՝ Բարև Ձեզ, ինձ մոտ 4 շաբաթական հղիություն է, ունեմ արյունային արտադրություն։ Հիմա բժիշկների հսկողության տակ եմ, ընդունում եմ գլյուկոզա, սիստեմա, դյուֆաստոն և  ֆոլաթթու։ Այս պարագայում հղիությունը փրկել հնարավո՞ր է։

Պատասխան՝ Արյունային արտադրությունը հղիության ժամանակ հանդիսանում է հնարավոր վիժման նախանաշան, սակայն դա չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է։ Դուք գտնվում եք հսկողության տակ, և ամեն ինչ պատշաճ կերպով արվում է՝ հղիության պահպանման համար։

 

Անուն՝ Անանուն

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հղիության առկայության դեպքում ե՞րբ պետք է այցելել բժշկի (հղիությունս հիմա 4 շաբաթական է)։

Պատասխան՝ Թեսթի դրական արդյունքից հետո արդեն կարող եք այցելել բժշկի՝ հետագա ընթացքի համար ցուցումներ ստանալու։

 

Անուն՝ Քրիստինե

Հարց՝ Բարև Ձեզ, ցանկանում էի իմանալ, թե երբ է սկսվելու իմ պտղաբեր օրերը։ Վերջին դաշտանս եղել է մարտի 8-ին, որին հաջորդողը ապրիլի 5-ին էր։

Պատասխան՝ Օվուլյացիան լինում է 12-16 օրերի ընթացքում՝ կախված ցիկլի տևողությունից։ Ավելի ստույգ պարզելու համար կարող եք անցնել ֆոլլիկուլոմետրիա կամ դիմել օվուլյացիոն թեստի օգնությանը։