«Դաշտանի ավարտի հենց հաջորդ օրը հարբերություն ունենալու դեպքում հղիանալու հավանականությունը որքա՞ն է». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Անի Իսախանյան

Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, ամուսնացած եմ, շուտ հղիացել եմ, արդեն 5 ամսական է հղիությունս, բայց կուսաթաղանթս պատռված չէ, ծննդաբերության ժամանակ այն հե՞շտ կպատռվի:

Պատասխան՝ Ծննդաբերության ընթացքում այդ խնդիրը մանկաբարձ-գինեկոլոգը կվերացնի, եթե այն հղիության ընթացքում ունեցած սեռական հարաբերությունների արդյունքում չվերանա։

 

Անուն՝ Սյուզի

Հարց՝ Արդեն 1 տարի է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում: Ունեմ ցիկլի խանգարում: Բժշկի նշանակումով օգտագործում եմ դյուֆաստոն: Խնդրում եմ՝ ասեք՝ դեղի ընդունման ընթացքում կարելի՞ է հարաբերություն ունենալ: Շնորհակալություն:

Պատասխան՝ Դյուֆաստոնի օգտագործումը ոչ մի կերպ չի բացառում սեռական հարաբերությունը։

 

Անուն՝ Դինա

Հարց՝ Ընկերոջս հետ զբաղվել ենք պետինգով, սակայն նրա մոտ սերմնաժայթքում չի եղել: Համացանցում կարդացի, որ նախասերմից հղիանալ հնարավոր չէ, բայց մի տեղ էլ հանդիպեցի, որ հնարավոր է: Հիմա ո՞րն էր դրանցից ճիշտը:

Պատասխան՝ Պետինգը չի նախատեսում բուն սեռական ակտ։ Միայն շոյանքների արդյունքում առաջացած սերմնաժայթքումը, որը չի իրականցվել հեշտոցում, չի կարող հանդիսանալ հղիության պատճառ։

 

Անուն՝ Սոնա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ունեմ մարմնի ամբողջական մազակալում: Դա պայմանավորվա՞ծ է հորմոնալ խանգարումով:

Պատասխան՝ Եթե տվյալ տիպի մազակալումը չի հանդիսանում գենետիկական երևույթ, ապա ամենայն հավանականությամբ հանդիսանում է հորմոնալ դիսբալանսի հետևանք։ Դիմեք մասնագետի։

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեմ 2 աղջիկ և սպասում եմ 3-րդ բալիկիս: Օգնեք սեռը իմանալ:

Պատասխան՝ Սեռը կարող եք իմանալ 14 շաբաթականից սկսած՝ ՈՒՁՀ հետազոտության միջոցով։

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Բարև Ձեզ, ես արդեն 7 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ կարողանում հղիանալ: Նշեմ, որ դաշտանիս օրվանից սկսած՝ մինչև 14-րդ օրը ունեցել ենք հարաբերություն, այնուհետև մինչև հաջորդ դաշտան դադար տվել: Դաշտանս անկանոն է: Այս ամիս 5 օր ուշացել է: Նշեմ նաև, որ սերմնահեղուկը գրեթե ամբողջությամբ թափվում է հեշտոցիս վրա և չի լցվում հեշտոցից ներս:  Գրեթե 2 ամիս առաջ հղիության թեսթի վրա նկատեցի 2 բաց գիծ: Ինպե՞ս կարող եմ հղիանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Մինչև 1 տարի հղիության բացակայությունը ակտիվ սեռական կյանքի պարագայում չի հանդիսանում անպտղություն։ Ավելի հստակ և գրագետ պլանավորման համար դիմեք մասնագետի։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, դաշտանի ավարտի հենց հաջորդ օրը հարաբերություն ունենալու դեպքում հղիանալու հավանականությունը որքա՞ն է:

Պատասխան՝ Հղիության ամենամեծ հավանականությունը դիտվում է օվուլյացիայի օրերին: Նշեմ նաև, որ միայն օվուլյացիան բավարար չէ հղիության համար, այն պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։ Սակայն փոքր հավանականություն կա նաև ցիկլի սկզբում։