«Ճի՞շտ է, որ ՆԱՊ տեղադրելուց հետո կինը գիրանում է». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Աննա 

Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս 3 ամսական է, կերակրում եմ միայն կրծքով՝ ըստ պահանջի: Դեռ ցիկլս չի վերականգնվել։ Հնարավո՞ր է, արդյոք, լինի հղիություն, թե՞ ձվազատում լինում է միայն դաշտանի վերականգնումից հետո: Այսինքն՝ հնարավո՞ր է՝ չիմանամ, ձվազատում լինի և մինչև դաշտանի սկսվելը հղիություն լինի:

Պատասխան՝ ԿԿ պարագայում դաշտանի բացակայությունը չի բացառում հնարավոր հղիությունը։ Անցակալի հղիությունից խուսափելու համար, անկախ դաշտանի առկայությունից, խորհուրդ է տրվում պաշտպանվել։ Անուն՝ Մարիամ Գրիգորյան Հարց՝ Եթե դաշտանը անկանոն է, ինչպե՞ս կարող եմ իմանալ ձվազատման օրը։ Պատասխան՝ Անկանոն ցիկլի պարագայում ավելի բարդ է ֆիքսել օվուլյացիան։ Ամենահստակ մեթոդը հանդիսանում է ֆոլլիկուլոմետրիան։ 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, արդեն 1 տարի 6 ամիս է՝ ամուսնացած եմ, հետազոտվել եմ, ամեն ինչ լավ է, խնդիր չունեմ, դաշտանի ցիկլի խանգարում չեմ ունեցել: Ամուսինս նույնպես հետազոտվել է, միակ խնդիրը վարիկոցելեն է: Դա կարո՞ղ է չբերության պատճառ դառնալ

Պատասխան՝ Վարիկոցելեն կարող է ուղիղ ազդեցություն ունենալ սերմնահեղուկի որակի վրա, ինչն էլ կարող է հանդիսանալ անպտղության պատճառ։

 

Անուն՝ Աննա 

Հարց՝ Բարև Ձեզ, ես Աննան եմ՝ 23 տարեկան, ամուսնացած եմ, ունեմ մեկ բալիկ՝ 1 տարեկան։ Վերջին դաշտանի օրը եղել է ապրիլի 6-ին, իսկ ամսի 14-ին և 15-ին ունցել եմ հարաբերություն։ 2 անգամն էլ երկուսս էլ ունեցել ենք օրգազմ։ Ունեմ սրտխառնոց։ Թեսթի պատասխանը բացասական է եղել։ Հնարավոր է հղիություն։

Պատասխան՝ Թեսթը կրկնեք սպասվող դաշտանի օրերին մոտ, այդ ժամանակ այն ավելի ստույգ կլինի։ Բացասական արդյունքի պարագայում եղեք հետևողական՝ արդյոք կրկնվում է սրտխառնոցը։

 

Անուն՝ Լիա Արսենյան

Հարց՝ Բարև Ձեզ, ես 23 տարեկան եմ, մոտ երկու ամիս առաջ տեղադրել եմ ՆԱՊ և դրանից հետո դաշտան չեմ ունեցել։ Դա նորմա՞լ է, ի՞նչ կարող եմ անել, որ վերականգնվի։ Կա, արդյոք, այնպիսի հաբ, որ առաջացնի դաշտան, ճի՞շտ է, արդյոք, որ ՆԱՊ տեղադրելուց հետո կինը սկսում է գիրանալ։

Պատասխան՝ Դիմեք ՆԱՊ տեղադրած մասնագետին, անցեք ՈՒՁՀ հետազոտություն։ Գիրությունը կարող է կապված լինել դաշտանի բացակայության հետ։

 

Անուն՝ Սյուզի

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, արդեն 3 ու կես ամիս է՝ ծծնդաբերել եմ, բայց արգանդս դեռ չի կրճատվել: Դա նորմա՞լ է: Կանխավ շնորհակալություն։

Պատասխան՝ Արգանդի լիարժեք կրճատման համար անհրաժեշտ է ժամանակ, որը կրում է անհատական բնույթ՝ կախված օրգանիզմից, կրած հղիությունից և ծննդաբերությունից։ Դիմեք Ձեզ ծննդալուծող բժկին։ Նորմայից շեղման պարագայում բժիշկը կնշանակի համապատասխան բուժում։