Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն` Գոհար Սիմոնյան
Հարց՝ Ես ծննդաբերել եմ 2 ամիս առաջ, հիմա ունեմ խնդիր՝ կղելու ժամանակ ունենում եմ շաատ ուժեղ ցավեր, ծակոցներ և արյուն: Դիմել եմ բժշկի, նշանակել են գլիցերինի և ուլտրապրոկտ մոմիկներ, օգտագործել եմ նաև ռելիֆ մոմիկ, բայց արդյունք չկա: Ինձ մոտ տպավորություն է, թե ունեմ հետանցքի ճաք, ցավերս շատ սաստիկ են: Խնդրում եմ՝ օգնեք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Նախնական բուժօգնությունն արդեն ստացել եք, ավելին չեմ կարող ասել, նորից դիմեք պրոկտոլոգի:
Անուն` Armin
Հարց՝ Բարև ձեզ, մենք 1 տարի պայքարում էին, որ հղիանամ: Այս ամիս վերջապես ստացվեց, բայց հիմա շատ եմ վախենում վիժել: Մի քանի ամիս առաջ արգանդս վակումով մաքրել էինք, քանի որ պտղի սրտի զարկերը դադարել էին: Հիմա շատ եմ վախենում նորից կորցնել երեխայիս: Խնդրում եմ՝ ասեք՝ քնելու դիրքերը կապ ունե՞ն, նախնական փուլում ի՞նչ անեմ կամ չանեմ որ նորից խնդիր չլինի: Նշեմ, որ նախորդ անգամ նեմազոլ էի խմել ու դա էր երեխային կորցնելու պատճառ հանդիսացել:
Պատասխան՝ Քնելու դիրքը այս ժամկետներում ազդեցություն չունի, մի՛ անհանգստացեք, մի՛ լարվեք: Եղեք հսկողության տակ, կատարեք բժշկի խորհուրդները:
Անուն` Լիլիթ
Հարց՝ Արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում, դաշտանս 26 օրը մեկ է լինում:
Փորձում եմ նաև ձվազատման օրերին հղիանալ, բայց չի ստացվում: Դիմե՞մ բժշկի, թե՞ սպասեմ:
Պատասխան՝ Մինչև 1 տարի հղիության բացակայությունը չի համարվում խնդիր, այժմ նույնիսկ մինչև 2 տարին: Ցանկության դեպքում, իհարկե, կարող եք դիմել բժշկի:
Անուն` էլեն
Հարց՝ Բարև Ձեզ, վերջին անգամ դաշտանս սկսվել է ապրիլի 17-ին, տևել է 3 օր, մայիսի 1-ին շատ ուժեղ ցավեր ունեցա կրծքերիս հատվածում, դա նորմա՞լ է: Ինչի՞ հետևանք կարող է լինել:
Նշեմ, որ 20 տարեկան եմ և ամուսնացած չեմ:
Պատասխան՝ Հետևեք դաշտանային ցիկլին, եթե այն նորմալ ինտերվալով և բնույթով շարունակվի, ապա անհանգստանալու կարիք չկա, եթե ոչ, ապա դիմեք մասնագետի, հնարավոր է՝ հորմոնալ խախտման հետևանք լինի:
Անուն` Էմմա
Հարց՝ 2 ամիս է՝ ամուսնացած եմ: Ինձ մոտ նկատվում է նոր սկսվող հղիություն: Ունեմ ինտիմ հատվածում ուժեղ քոր և արտադրություն: Վտանգավո՞ր է, արդյոք, և ի՞նչ անել:
Պատասխան՝ Դիմեք գինեկոլոգի, հանձնեք քսուկ:
Անուն` Ռուզաննա
Հարց՝ Բարև Ձեզ, հղիությունս գրեթե 9 շաբաթական է, ունեմ թույլ ցավեր և ծակծկոցներ որովայնի, ձվարանների հատվածում: Նորմա՞լ է:
Պատասխան՝ Ծակոցները կարող են լինել արգանդի չափսերի մեծացման հետևանքով, սակայն հստակ պարզելու համար՝ դիմեք մասնագետի, անցեք ՈՒՁՀ հետազոտություն: