Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն՝ Սինարա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ: Ծննդաբերել եմ ապրիլի 29-ին՝ կեսարյան հատման միջոցով և կարերի շրջանում ունեմ սուր ծակոցներ: Անցել եմ ՈՒՁՀ, ասացին նորմալ է: Խնդրում եմ՝ ասեք՝ վախենալ պե՞տք է, թե՞ ոչ: Եվ ի՞նչը կարող է լինել ցավի պատճառը:
Պատասխան՝ Կեսարյան հատումից հետո հետվիրահատական ընթացքը տևում է մինչև 6 ամիս՝ կախված վիրահատության ծավալից և ծննդկանի օրգանիզմից: Եղե՛ք հսկողության տակ:
Անուն՝ Մարիամ Գրիգորյան
Հարց՝ Ինձ հետաքրքրում է՝ եթե դաշտանը անկանոն է, ինչպե՞ս կարող եմ որոշել ձվազատման օրը: Ինչի՞ հետևանք կարող է լինել անկանոն դաշտանը:
Պատասխան՝ Ինչ նկատի ունեք՝ անկանոն ասելով: Ձվազատումը կարող եք ֆիքսել ֆոլլիկուլոմետրիայի օգնությամբ:
Անուն՝ Անի Մալյան
Հարց՝ Բարև Ձեզ, կասկածներ ունեմ, որ հղի եմ, 2 օր դաշտանի ուշացում ունեմ, սակայն ունեմ դաշտանի բոլոր նախանշանները, որոնք միշտ ունենում եմ՝ ցավեր, ֆիզիոլոգիական փոփոխություններ:
Հնարավո՞ր է հղիության դեպքում ունենալ նմանատիպ ցավեր: Ե՞րբ թեսթը ցույց կտա արդյունք:
Պատասխան՝ Թեստը արդեն ցույց կտա, կարող եք նաև ԽԳ հանձնել:
Անուն՝ Նելլի
Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեմ երկու զավակ: Կեսարյան հատմամբ եմ ծննդաբերել: Հիմա ցանկանում ենք երրորդ բալիկն ունենալ, բայց չի ստացվում: 3 անգամ հղիացել եմ, սակայն 3 անգամն էլ վիժել եմ: Ի՞նչը կարող է պատճառ լինել:
Պատասխան՝ Պատճառները շատ են: Խնդիրը հստակ պարզելու համար՝ դիմեք մասնագետի և անցնեք մանրակրկիտ հետազոտություն:
Անուն՝ Աշխեն Սիմոնյան
Հարց՝ Ունեցել եմ դաշտան մարտի 22-ին, հաջորդ դաշտանը եղել է ապրիլի 8-ին, որը տևել է 3 օր: Նշեմ, որ արյունը եղել է առատ և լյարդացած:
Հաջորդ դաշտանը եղել է ապրիլի 22-ին, տևել է 6 օր, արտադրությունը եղել է շատ քիչ: Դրանից հետո նորից դաշտան է սկսվել մայիսի 9-ից: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի հետ կարող է կապված լինել սա:
Պատասխան՝ Մինչ այդ ունեցե՞լ եք հղիություն, վիժում կամ հղիության արհեստական ընդհատում: Եթե ոչ, դիմեք մասնագետի և անցեք հորմոնալ հետազոտություն:
Անուն՝ Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ, ինչու՞ է ձվազատման ժամանակ արյուն գալիս: Ինչի՞ հետ է դա կապված:
Պատասխան՝ Ձեզ մոտ մի՞շտ է ձվազատումը ուղեկցվում արյամբ: