«Ինչպե՞ս կանխել վաղաժամ սերմնաժայթքումը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

 

Անուն՝ Գայանե
Հարց՝ Բարև Ձեզ, ձեռնաշարժության հետևանքով հնարավոր է՝ կուսաթաղանթը պատռվի, եթե հեշտոցի մեջ խորը ներթափանցում չի եղել: Արդյոք հարաբերության ընթացքում և՛ կինը, և՛ տղամարդը զգու՞մ են կուսաթաղանթի պատռումը, թե՞ միայն կինն է զգում: Կուսազրկման ժամանակ արյունը պարտադի՞ր է, ուժեղ ցավո՞վ է ուղեկցվում այն:

Պատասխան՝ Մատնային ներթափանցման ժամանակ կուսաթաղանթի մասնակի կամ ամբողջական վնասման հավանականությունը քիչ է. դա, իհարկե, մեծապես պայմանավորված է կուսաթաղանթի անատոմիական և տեղագրական առանձնահատկություններով, ինչով նաև պայմանավորված է հարաբերության ժամանակ արյան առկայությունը: Իսկ ցավը կամ այլ սուբյեկտիվ զգացողությունները խիստ անհատական են և ոչ պարտադիր: Այն շատ հաճախ ապատեղեկատվության արդյունք է:

 

 

Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ, ինչպե՞ս կարելի է ունենալ արական սեռի երեխա:

Պատասխան՝ Ընդհանրապես սեռի պլանավորման բազմաթիվ մեթոդներ են հայտնի, սակայն որևէ մեթոդ հավաստի չէ: Սեռերի փոխհարաբերությունը պոպուլյացիայում կարգավորվում է բնական մեխանիզմներով:

 

 

Անուն՝ Արմինե
Հարց՝ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Սեռական հարաբերություն չեմ ունեցել, կույս եմ, բայց սերմնաժայթքումը եղել է հեշտոցի մոտ՝ ներքնաշորի վրա: Եթե այս ամիս դաշտան ունենամ, այդ պարագայում հնարավո՞ր է հղիություն: Նշեմ, որ վերջին անգամ դաշտան եմ ունեցել մեկ ամիս առաջ: Ինձ մոտ 35-40 օր ինտերվալով է լինում:

Պատասխան՝ Ձեր նկարագրած իրավիճակում, եթե սերմնաբջիջները հեշտոց չեն ներթափանցել, ապա հղիության հավանականություն չկա: Դուք իրավացի եք՝ հերթական մենստրուացիայի չսկսելը համարվում է հնարավոր հղիության կարևոր նշաններից մեկը:

 

 

Անուն՝ Լիդա Ասատրյան
Հարց՝ Բարև Ձեզ, շաբաթական 3-4 անգամ սեռական հարաբերություն ունենալը նորապսակների դեպքում չհղիանալու պատճառ կարո՞ղ է լինել:

Պատասխան՝ Ոչ, իհարկե, Ձեր նշած սեռական կյանքի ռիթմը համարվում է միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում ստատիստիկ նորմա և համապատասխանում է հղիության համար բարենպաստ ռիթմին:

 

 

Անուն՝ Աննա
Հարց՝ Զուգընկերոջս մոտ կա վաղաժամ սերմնաժայթքում: Այս երևույթի կանխման համար ի՞նչ միջոցներ կան:

Պատասխան՝ Վաղաժամ սերմնաժայթքումը համարվում է սեքսոլոգիական հաճախ հանդիպող խնդիրներից, երբեմն տարբեր հետազոտություններ փաստում են, որ սերմնաժայթքման խանգարումները /ինչպես վաղաժամ ՝ ejaculatio praecox , այնպես էլ ուշացած՝ ejaculatio tarda /  ամենահաճախ հանդիպող սեքսոլոգիական գանգատներն են: Տարբերում են առաջնային և երկրորդային վաղաժամ սերմնաժայթքում, որոնց պատճառագիտությունը, ախտամեխանիզմը և բուժման մոտեցումները որոշակիորեն տարբեր են, ուստի անհրաժեշտ է մանրամասն պարզել դրանց պատճառները և նոր միայն իրականացնել արդյունավետ բուժում: Շատ կարևոր նշանակություն ունի սեռական կյանքի ռիթմը, անձի անհանգստությունը և տագնապը, էմոցիոնալ լարվածությունը, գերհոգնածությունը և այլ գործոններ: