Եթե զուգընկերս սերմնաժայթքումը կատարում է հեշտոցից դուրս, հնարավո՞ր է հղիություն. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը

Անուն՝ Գայանե 

Հարց՝ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ունեմ 1 տարեկան երեխա, գինեկոլոգիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի ՆՊ տեղադրել, անհրաժեշտ հետազոտություններից հետո պարզվեց, որ վարակներ կան։ Գինեկոլոգս ասեց, որ ամուսինս էլ պետք է բուժվի, այլապես իմ բուժումը անիմաստ կլինի։ Ինչի՞ց կարող են առաջանալ այդ վարակները, եթե նա հարաբերություն չի ունեցել ոչ մեկի հետ։ 

Պատասխան՝ Բարև Ձեզ, Դուք, իհարկե, չեք նշում՝ կոնկրետ ինչ վարակների մասին է խոսքը, սակայն կլինիկական փորձից պետք է ասեմ, որ հաճախ բուժառուները բոլոր մանրէները բնորոշում են որպես վարակներ: Քանի որ բացառում եք սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայությունը, ապա պետք է ենթադրել, որ դրանք պայմանական պաթոգեն միկրոբներ են, որոնք կարող են առկա լինել, սակայն ակտիվանալ /գլուխ բարձրացնել/, երբ ընկճված են օրգանիզմի տեղային կամ ընդհանուր պաշտպանական մեխանիզմները: Ոստի այս պարագայում, եթե առկա են սեռական օրգաններում բորբոքային / միկրոբային, վիրուսային և այլն / պրոցեսներ և ցուցված է բուժում, ապա, իհարկե, պետք է ամուսինը նույնպես հետազոտվի և անցնի բուժում:

 

Անուն՝ Վիկա 

Հարց՝ Բարև Ձեզ, ես և ընկերս շփվում ենք արդեն 8 ամիս, 5-րդ ամսին հասկացա, որ սեռական հարաբերություններ է ունենում տարբեր կանանց հետ։ Գրեթե բաժանման եզրին էինք, սակայն բացատրեց, որ դա դավաճանություն չէ, ես էլ որոշեցի ներել ու ասել՝ եթե նորից կրկնվի, կհեռանամ, նա էլ խոստացավ, որ չի դավաճանի։ Հարցը հասել է նշանադրությանը, ու քննարկվում է մեր ապագան, սակայն հիմա էլ գիտեմ, որ նորից հանդիպում է տարբեր կանանց հետ, բայց ասում է՝ սա դավաճանություն չէ: Ցավս մեծ է, բայց երկուսս էլ միմյանց շատ ենք սիրում, չգիտեմ՝ ինչպես վարվեմ, ի՞նչ խորհուրդ կտաք, կամ արդյո՞ք նա ամուսնությունից հետո էլի այդպես կվարվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ շատ: 

Պատասխան՝ Իհարկե, սա շատ անհատական քննարկման հարց է, քանի որ զույգերն իրենք են որոշում՝ իրենց հետագա ամուսնական կյանքում ինչպիսի փոխհարաբերություններ են նախընտրում և ինչպիսին է նրանց թույլատրելիության շրջանակը: Իհարկե, փաստ է, որ կան մի շարք տարբերություններ կանանց և տղամարդկանց սեռականությունների միջև։ Կարող եք կարդալ իմ հոդվածը այդ հետաքրքիր հարցի շուրջ։ Սա կօգնի ձեզ շատ հարցեր հասկանալ։ Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ դուք սիրում եք միմյանց և ամուսնական կյանքը կկառուցեք փոխադարձ սիրո և վստահության վրա: 

 

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, եթե սեռական հարաբերության դեպքում զուգընկերս սերմնաժայթքումը կատարում է հեշտոցից դուրս, հնարավո՞ր է հղիություն։

Պատասխան՝ Գործնականորեն քիչ է հավանական, սակայն պետք է ասել, որ ընդհատված սեռական ակտի մեթոդը համարվում է անցանկալի հղիության կանխման ոչ վստահելի մեթոդ, ինչպես նաև ավելորդ լարվածություն է պատճառում զույգերին: Հնարավոր է սերմնաբջիջների պասիվ արտահոսք մինչև սերմնաժայթքումը, ինչ կարող է հղիության պատճառ դառնալ: 

 

Անուն՝ Լիզա 

Հարց՝ Բարև Ձեզ, 2,6 տարի է՝ ամուսնացած եմ։ Նախանական շրջանում (3 ամիս) մենք ապրել ենք նորմալ սեռական կյանքով, որից հետո ամուսինս խուսափում է անգամ հպումներից։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչը՞ կարող է պատճառ լինել։ Մենք առօրյայում շատ սիրող զույգ ենք, սակայն սեռական կյանքը մեզ մոտ անկայուն է։ Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ամուսնուս համոզեմ, որ անցնի համապատասխան ստուգումներ, նա շատ է բարկանում, երբ զգում է, որ ուզում եմ նրան հարցեր տալ։ Նշեմ նաև, որ մեր առաջին սեռական ակտը շատ բարդ է ստացվել։ 

Պատասխան՝ Ըստ Ձեր նկարագրության՝ ամուսնու մոտ առկա է սեռական ցանկության իջեցում/նվազում կամ բացակայություն, որը սեքսոլոգիական հաճախ հանդիպող խնդիրներից է: Այն բազմապատճառային խնդիր է, անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական հետազոտություն, կատարել որոշ հորմոնալ հետազոտություններ /տեստոստերոն, պրոլակտին/, քննարկել միջանձնային փոխհարաբերությունների խնդրահարույց կամ խոչընդոտող գործոնները և կազմակերպել արդյունավետ բուժում: 

 

Անուն՝ էլադա 

Հարց՝ Բարև Ձեզ, սեռական հարաբերության ժամանակ օրգազմ չեմ ապրում, չեմ բավարարվում, քանի որ գրգռվում եմ ծլիկից, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Հնարավո՞ր է բուժման օգնությամբ վերականգնել հեշտոցային գրգռումը։ Նշեմ, որ ամուսնացած եմ 10 տարի, ունեմ 2 երեխա։ Շնորհակալություն նախապես։ 

Պատասխան՝ Կանանց մոտ օրգազմը, ըստ ծագման աղբյուրի, լինում է ծլիկային, հեշտոցային և խառը տիպի: Բոլոր տեսակներն էլ սեքսոլոգիական տեսանկյունից համարվում են նորմա, և պետք է նշել, որ կնոջ մոտ 50-100 % օրգաստիկությունը / 50-100 % հարաբերությունները ուղեկցվում են օրգազմով / նույնպես համարվում է նորմա: Ըստ սեքսոլոգիական հետազոտությունների՝ կնոջ հեշտոցային օրգազմը համարվում է առավել հասուն սեքսուալության դրսևորում և ձևավորվում է ռեգուլյար սեռական կյանքի ընթացքում: Եթե այս պրոցեսում տեղ են գտնում որոշակի խնդիրներ, ապա անհրաժեշտություն է լինում սեքսոլոգիական բուժման և կորեկցիայի, ինչը, պետք է ասել, ապահովում է լիարժեք արդյունավետություն: 

 

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ, 10 օր է՝ ամուսնացել եմ, բայց սեռական հարաբերությունների ընթացքում օրգազմ չեմ զգում։ Խնդի՞ր կա, թե՞ կկարգավորվի։

Պատասխան՝ Շատ կանայք օրգազմ սկսում են զգալ որոշակի ժամանակահատված ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո։ Սեքսոլոգիական տեսանկյունից առավել կարևոր և ընդգրկուն հասկացողություն է կարևոր՝ հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալը։