Ինչպե՞ս օգնել երեխային, որ հաղթահարի ավտովթարի հետ կապված վախը. «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանեց «Երկուսով» մասնգիտացված հոգեբանական կենտրոնի հոգեբան Լալա Պետրոսյանը:

 

Անուն՝ Տաթևիկ Բաղդասարյան

Հարց՝ Բարև Ձեզ, իմ տղան 6 տարեկան է: Շատ բարի ու ընկերասեր է: Ընկերների դրդմամբ կարող է անել մի բան, որը երբեք չէր անի, օրինակ՝ երեկ կատու է գրկել, որ միշտ զզվել է: Հարցնում եմ՝ ինչպես գրկեցիր, ասում է՝ դե, ասեցին՝ գրկի, ես էլ գրկեցի, բայց շատ զզվելի էր: Ինձ խորհուրդ կտա՞ք՝ ինչպես խոսել հետը, որ չազդվի ու հասկանա, որ իրեն շահագործում են:

Պատասխան՝ Նման իրավիճակում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դաստիարակության ոճ ունեք Դուք: Ինչքանով է երեխան ինքնուրույն, ինչ պահանջներ և մոտեցումներ ունեն ընտանիքի անդամները երեխայի նկատմամբ:  Հավանաբար երեխան ունի շատ ցածր ինքնագնահատական, չի կարողանում արտահայտել իր ցանկությունները և պաշտպանել իրեն: Կարծում եմ՝ նախքան երեխայի հետ խոսելը, ճիշտ կլինի մեկ անգամ գոնե դիմել մասնագետի՝ հասկանալու համար այս խնդիրների պատճառները և մասնագետի  օգնությամբ ընտրել երեխային օգնելու ճիշտ ճանապարհը:

 

Անուն՝ Նարե

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, աղջիկս  9 տարեկան է, նրա մոտ մեկ ամիս առաջ նկատել եմ կրծքագեղձրի նկատելի աճ: Սեռահասունացու՞մ է սկսվում  այսքան վաղ տարիքում, թե անհանգստանալ և մասնագետին դիմել է անհրաժեշտ:

Պատասխան՝ Բարև Ձեզ, հարգելի՛ Նարե, կարծում եմ՝ անհանգստանալու կարիք չկա, բայց եթե դա անհանգստացնում է Ձեզ և Ձեր աղջկան, ճիշտ կլինի մեկ անգամ այցելել մանկաբույժին և լսել նրա մասնագիտական կարծիքը:

 

Անուն՝ Արթուր

Հարց՝ Բարև Ձեզ, դուստրս 6 տարեկան է, մի քանի օր առաջ նրան բակում հարվածել է ավտոմեքենան: Հիմա նա մեքենաներից վախ ունի: Խնդրում եմ օգնել մեզ:

Պատասխան՝ Բարև Ձեզ, հարգելի՛ Արթուր, նախ՝ պետք է հասկանալ՝ այդ իրադարձությունն ինչպես է ազդել երեխայի վրա, արդյոք, կան խնդիրներ կապված քնելու, սնվելու հետ կամ փոխվել է երեխայի վարքը այդ դեպքից հետո, ինչպես են շրջապատող մարդիկ արձագանքել: Եթե ամեն բան նույնն է, կարելի է մի փոքր սպասել, խոսել երեխայի հետ, որ պետք է ավելի զգույշ լինել և այդ դեպքում նման դեպքեր չեն լինի, նմանատիպ պատմություններ քննարկել, միասին նման իրավիճակներից խուսափելու տարբերակներ մտածել: Ամեն դեպքում վախերը հոգեբանության մեջ ամենահեշտ լուծվող խնդիրներից են, կարելի է դիմել մասնագետի և խնդիրն ավելի արագ լուծել: