2.8 տարեկան փոքրիկիս ոտքերը շատ են քրտնում. ի՞նչն է պատճառը. «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Անուն`Տաթևիկ

Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս 2 ամսական է, աչքի վերևում՝ հոնքի մեջ, կոշտուկ եմ նկատում և շոշափում, նշեմ, որ կոշտուկը նկատելի է ծնված օրվանից: Ի՞նչ կարող է լինել: Խնդրում եմ՝ խորհուրդ տվեք՝ ում դիմել:
Պատասխան՝ Բարև Ձեզ, Ձեզ մանկական վիրաբույժ է պետք, որ նայի և հասկանա՝ ինչ է դա և ինչպես վերացնի։

 

Անուն`Լիլիա
Հարց՝ Տղաս 2,6 տարեկան է, 10 օր առաջ ընկել է, կարծես՝ սալջարդ է, արտաքինից որևէ փոփոխություն չկա, սակայն ոտքը ցավում է և քայլելիս թեք է դնում: Ինչ-որ քսուք պե՞տք է քսեմ:

Պատասխան՝ Նման դեպքերում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի և ռենտգեն անել, որպեսզի հնարավոր կոտրվածքը հայտնաբերվի կամ հերքվի։ Իսկ սալջարդի դեպքում անմիջապես սառը դնելը կանխում է հետագա այտուցի առաջացումը և արագացնում ապաքինումը։

 

Անուն`Լիլիա

Հարց՝ Աղջիկս 4.6 տարեկան է, վիտամին D-ն 17 է՝ 30 և ավելիի փոխարեն, ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Հարկավոր է թերապևտիկ դեղաչափով վիտամին D խմեցնել և հետևել արյան մեջ վերջինիս կոնցենտրացիային, որպեսզի կանխվի ռախիտի առաջացումը։

 

Անուն`Անահիտ
Հարց՝ Բարև Ձեզ, իմ բալիկը 12 օրական է, առաջին 6 օրվա ընթացքում սիլիկոնով է կերակրվել: Երեկ այցելեցինք բժիշկի, ով էլ կշռեց բալիկիս ու պարզվեց, որ քաշ չի հավաքել: Ես չեմ ցանկանում արհեստական կաթնախառնուրդ տալ երեխայիս: Ի՞նչ կարող եմ անել, որ քաշ հավաքի: Շատ քիչ է ուտում ու երկար է քնում:

Պատասխան՝ Ձեզ մոտ խնդիրը ոչ թե սիլիկոնի, այլ կաթի սակավության մեջ է։ Այս պարագայում լուծումը արհեստական կաթնախառնուրդն է, որպեսզի ապահովեք երեխայի բնականոն աճն ու զարգացումը։ Պետք չէ կաթնախառնուրդին վերաբերվել որպես վատ բանի, որովհետև դա է մայրական կաթի ամենալավ փոխարինողը։

 

Անուն` Նարինե
Հարց՝ Բարեւ Ձեզ, բալիկս 1.1 տարեկան է, դեռ ատամ չի հանել, նորմա՞լ է դա: Նշեմ, որ մազերի, եղունգների աճը նորմալ է:

Պատասխան՝ Ցանկալի կլինի ստուգել երեխայի մոտ կալցիումի, ֆոսֆորի և վիտամին D-ի քանակը և սակավության պարագայում լրացնել դրանք: Իսկ նորմայի դեպքում անհանգստանալու պատճառ չունեք։ Ձեր բալիկի ատամները անպայման կծկթեն:

 

Անուն`Վարդուհի
Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս 1 տարեկան 6 ամսական է: Մեզից ամբողջ հետույքը և բուդիկները կարմրում են: Կարմրածության դեմ օգտագործում եմ դրապոլեն քսուքը, բայց դա էլ շատ դեպքում չի օգնում: Նշեմ, որ խոնավ անձեռոցիկ օգտագործում եմ հազվադեպ: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ կարմրածության և հարումի դեմ:

Պատասխան՝ Նման դեպքերում ցանկալի է զննել երեխային և բուժման պլան մշակել։ Իսկ մինչև այդ կարող եք երիցուկի թրմով լոգանքներ կազմակերպել։

 

Անուն`Մարի Ավալյան
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, 2.8 տարեկան տղայիս ոտքերը միշտ քրտնած են՝ անկախ եղանակից ու կոշիկի տեսակից: Արդյոք վիտամինի պակաս է: Նշեմ, որ որևէ այլ խնդիր բալիկս չունի:

Պատասխան՝ Ոտքերը կարող են քրտնել տարբեր պատճառներով, սակայն դեպքերի մեծամասնությունը կապված է հենց սխալ ընտրված կոշիկի կամ ժառանգական հիպերհիդրոզի հետ, որը բնորոշվում է նորմայից շատ քրտնարտադրությամբ։ Մյուս պատճառներից կարող են լինել վիտամին D-ի պակասը, վեգետոանոթային դիստոնիան կամ պարզապես փոքրիկի օրգանիզմի դեռ անկատար նյութափոխանակությունը, որն անցնում է ինքնուրույն։