«Երեխաս պատվաստումից հետո ջերմում է՝ 37.2, պե՞տք է անհանգստանալ». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Անուն՝ Միլենա
Հարց՝ Բարև Ձեզ, երեխայիս մաշկին ցան է հայտնվում: Երբ ֆենիստիլ է խմում, ցանն անհետանում է, իսկ երբ այլևս չի խմում դեղը, հայտնվում է: Նշեմ, որ երեխաս 8 ամսական է: Ի՞նչն է ցանի պատճառը:

Պատասխան՝ Եթե ֆենիստիլը օգնում է, ուրեմն՝ ալերգիկ ցան է, իսկ դա բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ։ Փորձեք փոխել խնամքի և հիգիենայի պարագաները։ Հաճախ դա լինում է լոգանքի միջոցներից, շորերը լվանալու փոշիներից։ Կարող է լինել սննդային ալերգիա և այլն։

 

Անուն՝ Սյուզի Էլբակյան
Հարց՝ Երեխաս 2 ամսականում ստացավ առաջին պատվաստումը և արդեն 5 օր է՝ ջերմում է՝ 37,2: Արդյոք անհանգստանալու կարիք կա՞: Ինչի՞ հետևանք կարող է դա լինել:

Պատասխան՝ Երկու ամսական երեխաների մոտ 37,2 աստիճան մարմնի ջերմությունը նորմայի սահմաններում է։ Նորմայում այն կարող է տատանվել 36,5-37,5 սահմաններում։ Վակցինացիայից հետո մի քանի օր ջերմային ռեակցիան համարվում է նորմալ։

 

Անուն՝ Վ.
Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 2 ամսական է, գլուխը սկսել է լավ պահել, բայց նկատել եմ, որ դեպի ձախ ծռվածություն ունի: Ավելի հաճախ դեպի ձախ է թեքում։ Ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Դիմեք մանկական օրթոպեդի, որպեսզի խնդրի դեպքում զբաղվեն երեխայով։

 

Անուն՝ Հրանուշ
Հարց՝ Բարև, սիրելի՛ բժիշկ, իմ փոքրիկի մոտ կա ցան, քոր է գալիս, ջերմություն չունի, ցավ չունի: Ինքնազգացողությունը լավ է: Մենք կասկածեցինք քութեշ, որովհետև ցանի բնույթը նույնն է, լեզուն կարմիր, բայց բժիշկը նայեց, ասեց՝ քութեշ չէ: Ցանը ուրիշ ի՞նչ հիվանդությունից կարող է լինել:

Պատասխան՝ Դա կարող է հասարակ ալերգիկ ռեակցիալ լինել ինչ-որ ալերգենի նկատմամբ։

 

Անուն՝ Նարա
Հարց՝ Բարև Ձեզ, 1 տարեկան 3 ամսական փոքրիկս կտրուկ հրաժարվում է ուտելուց, 1 ամիս է՝ կտրվել է կրծքի կաթից, ուտում է միայն արհեստական կաթնախառնուրդ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝ Ինֆորմացիան քիչ է, որ հասկանամ իրավիճակը։ Եթե նոր եք սկսել հավելյալ սնունդը, պետք է շիլաները պատրաստեք կաթնախառնուրդով, որպեսզի համը շատ անծանոթ չլինի երեխային։

 

Անուն՝ Սիրանուշ
Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս շուտով կլինի 4 ամսական: Մեկ ամիս է՝ ծոծորակի մոտից (ոչ ականջից) տհաճ հոտ է գալիս, ինչի՞ց կարող է լինել: Նշեմ, որ թեփուկներ չկան:

Պատասխան՝ Առանց փոքրիկին տեսնելու՝ կդժվարանամ կոնկրետ պատասխան տալ Ձեզ։ Հնարավոր է՝ ինչ-որ ուրիշ բանից է հոտը։ Հնարավոր է՝ ինչ-որ պրոցես կա գլխի մազածածկ մասում, որը չի երևում։

 

Անուն՝ Անուշ
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, բարև Ձեզ, շատ մեծ խնդրանք ունեմ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եմ երեխայիս անալիզները նկարել և ուղարկել Ձեզ: Ինձ Ձեր օգնությունը շատ պետք  է:

Պատասխան՝ Ուղարկեք, կփորձեմ օգնել Ձեզ։