Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
Անուն` Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս արդեն 8 ամսական է, սակայն կտրականապես հրաժարվում է հավելյալ սննդից: Ուտում է միայն ԿԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք անել նման պարագայում: Հավելեմ նաև, որ քաշը նորմայի մեջ է:
Պատասխան՝ Պատրաստեք շիլաները ԿԿ-ով։ ԿԿ-ի չափաբաժինը փոքր ինչ շատ արեք, կարծում եմ՝ փոքրիկին դուր կգա։
Անուն` Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ, իմ երեխան 3 ամսական է: Ձեռքերին և դեմքին դուրս է տվել: Սկզբից կարմիր է լինում, հետո կարմրությունը թեթևակի անցնում է: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ կարող է լինել և ի՞նչ անել:
Պատասխան՝ Ցանկալի է տեսնել երեխային՝ ավելի ստույգ պատասխանի համար։
Անուն` Սյուզի
Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ասեք՝ ինչ անել: Աղջիկս 8 տարեկան է, բայց գիշերները միզում է տակը: Երեխաս ասում է՝ չի զգում: Ես ամեն բան փորձել եմ, բայց անարդյունք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Դիմեք մանկական նյարդաբանների և ուրոլոգների։ Նման խնդիրները սովորաբար կամ նյարդաբանական են, կամ ուրոլոգիական։
Անուն` Տաթև
Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, երեխաս 3 տ. է, լաց լինելիս շունչը պահում է: Ի՞նչ անեմ, որ անցնի դա: Կա՞ բուժում: Բժիշկը կալցիում է նշանակել, խմեցրել եմ, բայց օգուտ չի տվել:
Պատասխան՝ Դա կոչվում է ռեսպիրատոր-աֆեկտիվ համախտանիշ։ Վերջինիս պատճառները տարբեր են լինում՝ սկսած սխալ դաստիարակումից («ընտանիքի կուռք» մոդելով, երբ երեխայի մոտ զարգանում է ամենակարողության և անպատժելիության համախտանիշ) և վերջացրած ժառանգական ֆակտորներով։ Ձեր բժիշկը պետք է լինի մանկական հոգեբանն ու հոգեթերապևտը, որը, կախված խնդրի ծանրությունից, կորոշի նաև դեղորայքային բուժման անհրաժեշտությունը։
Անուն` Տաթև
Հարց՝ Երեխայիս մոտ կա փորլուծություն և սրտխառնոց, հաճախակի փսխումներ: Ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Նման դեպքերում անհրաժեշտ է հետազոտություն և բուժում։ Ինտերնետային շփումով օգնել հնարավոր չէ։