«Արդեն 2 ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում. շատ եմ ցանկանում բալիկ ունենալ. ի՞նչ անել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի սեքսոլոգ Սևադա Հակոբյանը։ 

Անուն՝ Մարի

Հարց՝ Բարև ձեզ, արդեն 2 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում, բայց շատ եմ ցանկանում բալիկ ունենալ։ Ամեն անգամ սեռական հարաբերությունից հետո սերմնահղուկը դուրս է հոսում հեշտոցից։ Նշեմ, որ սեռական հարաբերություն ունենում ենք օրը երկու անգամ։

Պատասխան՝ Բարև Ձեզ, նախ՝ պետք է ասել, որ 2 ամիսը անհանգստանալու առիթ չի տալիս, և շատ կարևոր է, որ ամուսնական զույգը չկենտրոնանա հղիանալու հանգամանքի վրա, քանի որ դա հանգեցնում է հղիանալու պաթոլոգիական դոմինանտի ձևավորմանը, և սեռական կյանքը, կարծես, վերածվում միայն վերարտադրողական ֆունկցիա իրականացնելու գործունեության /տուժում է հոգեսեքսուալ հաճույք ստանալու գործառույթը/: Սերմնահեղուկի դուրս հոսելը հարաբերությունից հետո կարելի է որոշ չափով կանխել. խորհուրդ է տրվում մնալ պառկած դիրքում, իսկ հղիության համար առավել բարենպաստ է համարվում օրը մեջ հաճախականությունը:

 

Անուն՝ Սիր

Հարց՝ Փոքրիկս մոտ 3 ամսական է։ Ծննդաբերությունից հետո ներքին կարեր եմ ունեցել, ապա՝ կարերի բորբոքում։ Բուժումը ստացել եմ մոմիկներով։ Սեռական հարաբերության հաջորդ օրվանից սկսած՝ մոտ 2-3 օր ամուսնուս առնանդամը սկսել է քոր գալ, նաև կարմրություն է նկատվել։ Սակայն նշեմ, որ մինչ ծննդաբերությունն էլ երբեմն նրա մոտ եղել է քոր։ Օգտագործում է կլոտրիմազոլ, որն անցկացնում է քորը, բայց հասկանում ենք, որ դա խնդրի լուծում չէ։ Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք դա կապված է իմ ծննդաբերության հետ։

Պատասխան՝ Նախ՝ նշենք, որ հղիության և վաղ հետծննդյան ժամանակահատվածում կնոջ հեշտոցում որոշակիորեն փոփոխվում է թթվահիմնային միջավայրը, ինչպես նաև միկրոբային ֆլորան, ընկճվում են տեղային պաշտպանական մեխանիզմները,  ինչը երբեմն կարող է պայմանական պաթոգեն միկրոբների աճման պատճառ հանդիսանալ, հանդիպում է նաև սնկային աճ: Վերոնշյալ պրոցեսները կարող են զուգընկերոջ մոտ սեռական օրգանների լորձաթաղանթների ախտահարման պատճառ հանդիսանալ՝ խոչընդոտելով սեռական հարաբերության իրականացմանը: Հաճախ այդ խնդիրները ունենում են ձգձգվող ընթացք, ուստի անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, հետազոտվել և իրականացնել հիմնավոր բուժում:

 

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Բարև Ձեզ, 3 տարի է՝ ամուսնացած եմ։ Երկու փոքրիկ ունեմ, բայց սեռական կյանքից հաճույք չեմ ստանում։ Ո՞րն է պատճառը։ 

Պատասխան՝ Սեքսոլոգիական տեսանկյունից Ձեր նշած գանգատի համատեքստում առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն / անօրգազմիա / և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում: Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ / հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն / և ֆունկցիոնալ / սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն / գործոններ:

 

Անուն՝ Հերմինե
Հարց՝ Բարև Ձեզ, մի հարց ունեմ.  հղիության ընթացքում կարելի՞ է սեքսով զբաղվել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, ընդհանուր սեքսոլոգիական մոտեցումն այս հարցի շուրջ հետևյալն է՝  չկան սեքսոլոգիական հակացուցումներ հղիության ընթացքում սեռական կյանք ունենալու հետ կապված, սակայն կարևոր է նաև այդ հարցը քննարկել հղիությանը հետևող մանկաբարձ-գինեկոլոգի հետ, քանի որ հնարավոր է՝ լինեն որոշակի վերապահումներ՝ կապված հղիության ընթացքի հետ: Այն զույգերի մոտ, որոնք երկարատև ժամանակ չեն ունեցել սեռական կյանք հղիության ընթացքում, երբեմն հետագայում դիտվում է սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածության ֆենոմեն / հատկապես տղամարդկանց մոտ /, ինչը որոշակի դժվարություններ կարող է առաջացնել: