«Երեխաս 3 ամսական է, գրեթե չի քնում․ ի՞նչ անել»․ «Իմ փոքրիկ»–ին ուղղված հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 3 ամսական է, հանգիստ, ուրախ փոքրիկ է, ուղղակի մի քանի օր է՝ նորմալ չի կարողանում քնել, գիշերային ժամերին քնում է միայն 8-9-ի միջակայքում, իսկ ցերեկային ժամերին երբ քունը տանում է, չի քնում։ Ի՞նչն է պատճառը։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Քնի պաթոլոգիաների մասին ավելի շատ խոսում են, երբ խանգարված է երեխայի գիշերային քունը։ Եթե գիշերը քնում է բավարար, ապա մեծ հավանականությամբ, անհանգստանալու պատճառ չունեք։ Ինչ վերաբերվում է ցերեկային քնին, ապա պետք է հիշել, որ երեխաների քունը տարբերվում է մեծերի քնից և ունի իր առանձնահատկությունները։ Նրանց քնի ֆազաների տևողությունը ավելի կարճ է և արթնանալու հավանականությունը ավելի մեծ է։ Պետք է սենյակում լինի հարմարավետ միջավայր։ Սենյակում պետք է զով լինի, մաքուր օդ և լուռ միջավայր ապահովվի։ Կարող եք նաև հանգիստ երաժշտություն միացնել։ Ավելի մանրամասն իմանալու համար՝ կարող եք դիմել մանկական նյարդաբանի և քնի մասնագետների։

 

Անուն՝ Քնարիկ
Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս քայլելիս ոտքերը թեք է դնում։ Ի՞նչ անել։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Հնարավոր է երեխայի մոտ ծուռթաթություն կա։ Դիմեք մանկական օրթոպեդի։

 

Անուն՝ Լիանա
Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, աղջիկս 6,5 ամսական է: 5 ամսականից սկսել ենք հավելյալ սնունդ տալ: Դա արել ենք բժշկի ցուցումով, քանի որ քաշի հետ կապված խնդիր ունեինք: Սկզբում դժվարությամբ, բայց համոզելով ուտում էր: Հետո սկսեց նորմալ ուտելը: Բայց արդեն մի քանի օր է՝ գրեթե չի ուտում ու ոչ մի կերպ չի համոզվում: Ենթադրում եմ, որ ատամներից կարող է լինի: Ասեմ նաև, որ կրծքի կաթ նորմալ ուտում է: Նաև օրվա մեջ մի փոքր անհանգիստ է, գիշերներն էլ համեմատաբար հաճախ է արթնանում (1-2 ժամը մեկ), ուտում, նորից քնում է: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ց կարող է լինի։ Եվ ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս։ Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Մի մոռացեք, որ երեխայի համար այդ տարիքում հիմնական սնունդը դեռ մնում է մայրական կաթը, եթե կաթի սակավություն ունեք, ռացիոնին ավելացրեք արհեստական կաթնախառնուրդ, իսկ հավելյալ սննդի չափաբաժինները և բազմազանությունը ավելացրեք աստիճանաբար և զգույշ՝ հետևելով երեխայի մարսողությանը։

 

Անուն՝ Գայանե

Հարց՝ Բարև Ձեզ, ՀՀ-ում և Արցախում նորածիններին ստուգում են հեպատիտի դեմ, եթե անգամ դա չի պահանջում ծնողը:

Պատասխան՝ Բարև Ձեզ։ ՀՀ-ում հեպատիտ Բ-ի թեստ չի արվում, եթե դրա կասկած չկա։ Արցախի Հանրապետության մասին չեմ կարող ասել։

 

Անուն՝ Քրիստինե

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, բալիկս 4 ամսական է ու գլխի հետևի հատվածը՝ միայն ձախ կողմը, կարծես, փոս ընկած լինի, տարբերվում է աջ կողմից։ Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ կարող եմ անել։ Շատ եմ անհանգստանում։ Ծնված օրից բալիկիս քնացնում եմ օրթոպեդիկ ներքնակի վրա, բարձ չեմ դրել ու նույն կողմի վրա չեմ պառկեցնում, անընդհատ փոխում եմ մեկ մի կողմի վրա, մեկ՝ մյուս, բայց չի անցնում։ Ի՞նչ անել։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Երեխաների գանգի ասիմետրիան կրծքով կերակրվելու տարիքում հաճախ է հանդիպում, սակայն շատ դեպքերում դա չի համարվում պաթոլոգիա և անցնում է ժամանակի ընթացքում։ Խորհուրդ կտամ դիմել մանկաբույժի կամ մանկական նեյրովիրաբույժի՝ համոզվելու համար, որ խնդիր չկա։