«Երազում եմ զույգ երեխաներ ունենալ․ ինչպե՞ս է դա հնարավոր իրականություն դարձնել»․ «Իմ փոքրիկ»–ին ուղղված հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

 Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Անուն՝ Աննա Պողոսյան

Հարց՝ Բարև Ձեզ, իմ կյանքի երազանքն է ունենալ զույգ երեխա։ Ի՞նչ անեմ, ասեք, խնդրում եմ։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Զույգ երեխաներ ունենալու հավանականությունը բարձր է, եթե ընտանիքում մոր կամ հոր կողմից առկա են զույգեր։ Իսկ ընտանիքի պլանավորման մեջ զույգի կանխամտածված բեղմնավորման ապացուցված եղանակներ չկան։

 

Անուն՝ Շողիկ

Հարց՝ Տղաս 4  տարեկան է, ցերեկներն ունի անմիզապահության խնդիր, իսկ գիշերները ահավոր շատ  է միզում։ Շատ դժվարությամբ եմ արթնացնում։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անեմ։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Դիմեք մանկական ուրոլոգի։ Գիշերային անմիզապահության խնդիրը լուծում են իրենք։

 

Անուն՝ Կարինա

Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 1,5 ամսական է, կեղտոտում է լուծի նման, ուտում է միայն կկ, ի՞նչ խորհուրդ կտաք։ Դիմում եմ մեր շրջանի մանկաբույժին, ասում է՝ կաթից է։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Խնդիրը հասկանալու համար պետք է զրուցենք և հասկանանք պատճառը։ Որոշ դեպքերում, երբ երեխայի մոտ լինում է լակտոզային անբավարարություն, կարող է լինել ջրիկ կղանք։ Փորձեք ձեր ռացիոնից հանել կաթնամթերքը։ Եթե խնդիրը չլուծվի, պետք է հետազոտել երեխային։

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ ջան, տղաս 11 ամսական է, մի քանի օր առաջ նկատեցի, որ թուշիկները և թևերը կարմրում են քնած ժամանակ, իսկ երբ արթնանում է, կարմրածությունը քիչ-քիչ անցնում է։ Նույնը կրկնվում է ամեն անգամ։ Ալերգիայի նման չէ, պարզապես կարմիր է, ի՞նչ անել։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Առանց տեսնելու կդժվարանամ պատասխանել Ձեզ։ Նկարները ուղարկեք, կզրուցենք։

 

Անուն՝ Անի
Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 20 օրական է, անալիզ ենք հանձնել, կատարել ենք սկրինինգ, որի արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ հնարավոր է լինի մուկովիզցիդոզ։ Խնդրում եմ՝ ինֆորմացիա տվեք սրա ախտանիշերի մասին։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Մուկովիսցիդոզը գենետիկ հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են հիմնականում շնչառական և մարսողական համակարգերը։ Հիմնականում արտահայտվում է շնչառական համակարգի ձգձգվող հիվանդություններով (թոքաբորբ)։ Կեղտը շատ մածուցիկ է և կպչուն։ Երեխաները դժվարություն են ունենում դեֆեկացիայի ակտի ժամանակ։ Մնացած ախտանշանները կախված են հիվանդության ծանրությունից և ընթացքից։