«Սեռական ակտը տևում է շատ կարճ. կարող է նույնիսկ մի քանի վայրկյան լինել. ի՞նչ անեմ»․ ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկի» ընթերցողների հարցերին պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

 

Անուն` Անանուն

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մեկ ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն սեռական ակտից հաճույք չեմ ստանում, օրգազմ չեմ ունենում։ Ամուսնուս մոտ ամեն ինչ նորմալ է՝ և՛ սերմնաժայթքումը, և՛ տևողությունը։ Ի՞նչ խորհուրդ կտաք, կա՞ն արդյոք որոշակի բաներ, որ կարող ենք անել արդյունքի հասնելու համար, նախքան բժշկի դիմելը։

Պատասխան՝ Կանանց օրգազմը, ըստ ծագման աղբյուրի, լինում է ծլիկային, հեշտոցային և խառը տիպի: Համարվում է, որ այդ տեսակները կարող են հաջորդել իրար՝ սեռական կյանքի սկզբից ձևավորվում է ծլիկայինը, այնուհետև անցնում խառը տիպի, իսկ առավել հասուն տեսակ է համարվում հեշտոցային տեսակը: Սեքսոլոգները փաստում են, որ կանանց օրգազմի զգացողության լրիվ արթնացումը տեղի է ունենում որոշակի ժամանակ ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո, ինչը նույնպես անհատական է: Սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտում են օրգաստիկ զգացողության արթնացումը, արգելակում են այն, ուստի այս խնդիրները լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է սեքսոլոգիական զույգային խորհրդատվություն անցնել՝ պարզելու կոնկրետ դեպքում ինչ պաթոլոգիական գործոններ կան։

 

Անուն` Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ, արդյո՞ք մատը ներհրելով հեշտոց՝ կուսաթաղանթը կարող է պատռվել։ Եղել է ցավ, արյուն չի եկել, նկատվել է միայն ինչ-որ արտադրություն, հնարավո՞ր է՝ այս դեպքում կուսաթաղանթը պատռված լինի։

Պատասխան՝ Կուսաթաղանթի մասնակի կամ լրիվ վնասում կարող է արձանագրվել ինչպես սեռական հարաբերության, այնպես էլ մատով կամ գործիքային զննության ժամանակ: Պետք է նշել նաև, որ կախված կուսաթաղանթի անատոմիական և կառուցվածքային առանձնահատկություններից, հնարավոր է նաև վերոնշյան դեպքերում նույնիսկ տեղի չունենա վնասում: Ուստի ձեր հարցին հստակ պատասխանելու համար անհրաժեշտ է բժշկական զննում իրականացնել:

 

Անուն` Արտյոմ

Հարց՝ Բարև Ձեզ, ես 26 տարեկան եմ, ինձ մոտ սեռական ակտը կարող է տևել նույնիսկ մի քանի վայրկյան, արդյո՞ք անհանգստանալու կարիք կա, թե՞ դա իմ օրգանիզմի տեսակն է։

Պատասխան՝ Բարև Ձեզ:  Տարբերում են վաղաժամ սերմնաժայթքման երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնային վաղաժամ սերմնաժայթքման դեպքում այդ խնդիրը անհատի մոտ արձանագրվում է սեռական կյանք սկսելու հենց սկզբից և շարունակվում է ամբողջ ընթացքում: Իսկ երկրորդայինը դրսևորվում է ավելի ուշ տարիքում՝ պայմանավորված տարբեր հիվանդություններով: Վաղաժամ սերմնաժայթման երկու տեսակներն ունեն սպեցիֆիկ բուժման մեթոդներ: Սակայն այս պարագայում չափազանց կարևոր է ճիշտ ախտորոշումը, քանի որ անհրաժեշտ է հստակ տարբերակել, արդյոք անհատի մոտ արձանագրվող վաղաժամ սերմնաժայքումը պաթոլոգիակա՞ն է, թե՞ պայմանավորված է սեռական կյանքի ռեգուլյարության խանգարումներով և ո՞ր տեսակին է պատկանում, քանի որ միայն ճիշտ ախտորոշման պարագայում կարող ենք խոսել բարձր արդյունավետությամբ բուժման մասին: