«Հնարավո՞ր է՝ վիժումից անմիջապես հետո հղիություն լինի»․ «Իմ փոքրիկ»–ի ընթերցողների հարցերին պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 


Անուն: Ալվինա
Հարց՝ Հնարավո՞ր է՝ վիժումից անմիջապես հետո հղիություն լինի։
Պատասխան՝ Եթե անմիջապես հետոն նկատի ունեք հաջորդ ցիկլի ընթացքում, ապա եթե եղել է ձվազատում, հնարավոր է։

Անուն` Անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, ես 5 ամիս առաջ ծննդաբերել եմ, դաշտան չեմ տեսնում, դա նորմա՞լ է։
Պատասխան՝ Կրծքով կերակրման պարագայում, այո՛, հնարավոր է դաշտանային ցիկլի բացակայությունը։ Ցիկլի կարգավորումը կարող է երկար տևել՝ մինչև 2 տարի, միջինացված համարվում է 1 տարին։ Իսկ եթե կրծքով չեք կերակրում, դիմեք բժշկի։


Անուն` Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեցել եմ երկու չզարգացող հղիություն, հետազոտվել ենք ամուսնուս հետ միասին, պարզվեց՝ ամուսնուս սերմնահեղուկի որակը բավականին ցածր է, հնարավո՞ր է՝ դա լինի պտղի չզարգանալու պատճառ։  
Պատասխան՝ Սերմի որակից կախված է նաև ստացվող էմբրիոնի որակը, այդ իսկ պատճառով կարող է լինել։ Բայց դրանից կարող է լինել նաև համատեղ խնդիր՝ և՛ ամուսնու սերմի խնդիրը, և՛ լինի ձեզ մոտ որևէ այլ խնդիր։ Եթե ձեր ստուգումը եղել է լիարժեք, և ոչինչ չի հայտնաբերվել, ապա սերմի բարելավման և անհրաժեշտ բուժում ստանալու պարագայում հնարավոր է կարգավորվի։




Անուն` Լյուբա
Հարց՝ Բարև Ձեզ, 3 ամիս առաջ ինձ վիրահատել են, հեռացրել են ձվարանում առաջացած կիստան։ Վիրահատությունից հետո անընդհատ ցավեր ունեմ։ Խնդրում եմ՝ ասեք՝ արդյոք կիստան կրկնվել է, թե մրսածության պատճառով է ցավը։
Պատասխան՝ Եթե հեռացրել են ֆոլիկուլյար կիստա, ապա կրկնվելու հավանականություն կա։ Ցավերի հետ կապված՝ հստակ չեմ կարող ասել, պետք է դիմել վիրահատող բժշկին։



Անուն` Գոհարիկ
Հարց՝ Բարև Ձեզ, երկու տարի է՝ ամուսնացած եմ, արդեն մեկ տարի է՝ ՆԱՊ է տեղադրված և դրա հետ մեկտեղ օգտագործել եմ «Յարինա»։ ՆԱՊ-ը հեռացնելուց որքա՞ն ժամանակ չպետք է հղիանալ, հանելուց հետո նորից պե՞տք է «Յարինա» խմել։

Պատասխան՝ Խնդրում եմ նշել՝ ինչի համար եք օգտագործել Յարինան՝ որպես միայն հակաբեղմնավորի՞չ, թե՞ նշանակված է եղել որպես հորմոնալ դիսբալանսի դեղորայք։