Գոյություն ունի՞ զույգերի սեքսուալ անհամատեղելիություն, ի՞նչ է դա նշանակում. պատասխանում է սեքսապաթոլոգը

Հարց/Պատասխան

Պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Հարց՝ Գոյություն ունի՞ զույգերի սեքսուալ անհամատեղելիություն, ի՞նչ է դա նշանակում:

Պատասխան՝ Սեքսոլոգիական տեսանկյունից՝ չկան զույգեր, որոնք կարող են լինել բացարձակ անհամատեղելի: Այս պարագայում հաճախ ի հայտ են գալիս սեքսուալ աններդաշնակություններ (դիսհարմոնիաներ), որոնք կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով: 

Զույգերի սոցիալ-հոգեբանական անհարմարողականությունը առաջանում է, երբ լինում են միջանձնային լարված փոխհարաբերություններ, փոխադարձ սիրո և հարգանքի բացակայություն, բնավորության որոշ գծերի շեշտվածություն: Այս դիսհարմոնիան հաճախ դիտվում է բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց մոտ, առավել քիչ՝ բազմազավակ ընտանիքներում:

Ամուսինների սեռավարքային աններդաշնակության պատճառ կարող են հանդիսանալ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի, սեռական վարքի և ցանկալի մոդելի անհամապատասխանությունը: Նորապսակներին ընտանեկան և սեռական կյանքին անբավարար նախապատրաստելը, սեռական ֆունկցիայի նորմայի, պաթոլոգիայի մասին գիտելիքների բացակայությունը կամ աղավաղված ընկալումը կարող են պատճառ լինել դեզինֆորմացիոն-գնահատողական դիսհարմոնիայի առաջացման։

Բոլոր դեպքերում էլ հնարավոր է հասնել ամուսինների միջև աններդաշնակության վերականգնմանը, այստեղ մեծ դեր ունի ընտանիքի պահպանման համար նրանց իրական ցանկությունը և պատրաստակամությունը: