Ի՞նչ անեմ, եթե ամուսինս չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, սակայն ամեն օր դիտում է պոռնոֆիլմեր․ հարցերին պատասխանում է սեքսապաթոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկի» ընթերցողների հարցերին պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Անուն՝ Ելենա

Հարց՝ Բարև Ձեզ, արդեն մեկ տարի է՝ ամուսնացած եմ, շուտով բալիկ կունենամ, բայց ոչ մի անգամ լիարժեք բավարարվածություն չեմ զգացել սեռական հարաբերությունից։ Լսել եմ, որ կան շատ աղջիկներ, ովքեր նույնպես ունեն նման խնդիր։ Արդյոք կարո՞ղ եմ համարել դա խնդիր, և ինչն է պատճառը, եթե մեզ մոտ ամեն ինչ լավ է։

Պատասխան՝ Բարև Ձեզ: Գիտեք, շատ հաճախ օրգաստիկ զգացողությունը կանանց մոտ  սուբյեկտիվ է լինում, և կանայք, որոնք գերսևեռվում են օրգազմի վրա, կարող են դրանով իսկ խաթարել դրա բնականոն ընթացքը: Պետք է նշեմ նաև, որ կնոջ համար նույնքան կարևոր է նաև ինտիմ կյանքից հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալը, ինչը կարևոր նախապայման է հաջորդ մերձեցման համար: Հաճախ օրգազմի հասնելու լիարժեք ունակությունը կնոջ մոտ արթնանում է ծննդաբերությունից հետո:

 

Անուն՝ Ամիռա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 33 տարեկան եմ, ամուսինս՝ 52: Երկու տարի նորմալ սեռական կյանք ենք ունեցել, իսկ այժմ՝ շուրջ երկու տարի, ամուսինս ցանկություն չունի սեռական հարաբերություն ունենալ (իմպոտենցիա), բայց ամեն օր դիտում է պոռնոգրաֆիկ տեսանյութեր։

Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ նման խնդրի։

Պատասխան՝ Նախ պետք է ասել, որ սեռական ցանկության բացակայությունը և էրեկցիայի խանգարումը տարբեր սեքսոլոգիական խնդիրներ են: Ցավոք սրտի, Դուք նաև նշում եք, որ առկա է պոռնոֆիլմերից կախվածություն, ինչը ներկայում բավական տարածված երևույթ է: Այդպիսի կախվածությունը հաճախ պատճառ կամ հետևանք է լինում սեքսուալ խանգարումների: Պատճառահետևանքային մեխանիզմով սեքսուալ խանգարումները այս պարագայում ունենում են հարաճուն ընթացք: Ուստի անհրաժեշտ է իրականացնել սեքսոլոգիական բուժում, միաժամանակ ապաակտուալիզացնել կախյալության այդ դրսևորումը և վերականգնել ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը:

 

Անուն՝ Անանուն

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, 3 տարեկան տղաս անընդհատ խաղում է սեռական օրգանի հետ: Երբ տեսնում եմ, ասում եմ` չի՛ կարելի, շեղում եմ, բայց ամեն հարմար առիթի սկսում է խաղալ: Արդյո՞ք դա վտանգավոր է, ինչպե՞ս վարվել, որ դադարի։

Պատասխան՝ Այս երևույթը հայտնի է որպես վաղ մանկական տարիքի կեղծ մաստուրբացիա: Այն դրսևորվում է որպես այդ տարիքում սեռական օրգանները ուսումնասիրելու և ճանաչելու գործընթաց, երբեմն երեխան տարբեր պատճաներով ֆիքսվում է դրա վրա, և դա սկսում է կրել ծնողների համար անհանգստացնող բնույթ: Այս պարագայում խորհուրդ ենք տալիս ծնողներին անպայման շեղել երեխային, ծանրաբեռնել ֆիզիկական ակտիվությամբ, երբեք չծեծել: Բոլոր այն դեպքերում, երբ այս միջոցները արդյունավետ չեն լինում, պետք է դիմել մասնագիտական խորհրդատվության: 

 

Անուն՝ Իննա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար։ Պետինգով ենք զբաղվում ընկերոջս հետ, սակայն սերմնաժայթքումը սեռական օրգանին մոտ չի եղել, բայց որոշ ժամանակ՝ մոտ 10 րոպե, շարունակել ենք հպումները, կա՞ վտանգ հղիանալու։ Նշեմ, որ կույս եմ։ Եվ կուզեի իմանալ՝ արդյոք առաջին հղիության ընդհատումը (դեղորայքով և բժշկի նշանակմամբ) կարող է հետագայում անպտղության պատճառ հանդիսանալ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝ Հարցին, իհարկե, հնարավոր չէ հստակ պատասխանել, քանի որ ձեր նկարագրած իրավիճակում գրեթե անհնար է հղիության արձանագրումը:

Իսկ առաջին հղիության ընդհատումը, այո՛, անցանկալի է և մանրակրկտորեն պետք է քննարկվի մասնագետի հետ: