Հարաբերությունից հետո ի՞նչ դիրքով պառկել՝ հղիության հավանականությունը մեծացնելու համար․ հարցերին պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն` Մետաքսյա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ուզում էի իմանալ՝ հնարավո՞ր է կեսարյան հատումը կատարել 40 շաբաթականից մի քանի օր անց։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Սովորաբար պլանային կեսարյան հատման համար նախընտրելի է ավելի վաղ ժամկետը՝ 38-39 շաբաթական, իսկ մյուս բոլոր դեպքերում որոշումը կայացնում է ծննդալուծող բժիշկը`կախված այդ պահի իրավիճակից։

 

Անուն` Լանա

Հարց՝ Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ ասել՝ հարաբերությունից հետո ո՞ր դիրքով և ինչքա՞ն ժամանակ պետք է պառկեմ հղիանալու համար։

Պատասխան՝ Հղիության առկայությունը պայմանավորված է մի շարք գործոններով․ եթե դրանք բոլորն առկա են, ապա հղիությունն, անկախ պառկելու դիրքից, կլինի։ Կարող եք հարաբերությունից հետո բարձիկ դնել կոնքի հատվածում՝ այն ավելի բարձրացնելու համար։ Այդ դիրքում կարող եք մնալ մոտ 15-20 րոպե։

  

Անուն` Քնարիկ

Հարց՝ Բարև Ձեզ, հղիության ո՞ր շաբաթից պետք է  հաշվառվել։

Պատասխան՝ Բարեւ Ձեզ, հաշվառումն իրականացվում է գեստացիոն 12-րդ շաբաթից։ 

 

Անուն` Հերմինե

Հարց՝ Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Մոտ մեկ ամիս առաջ սոնոգրաֆիոն հետազոտություն եմ անցել, ինձ ասել են, որ ինձ մոտ չի կատարվում ձվազատում և ունեմ կիստայի մնացորդներ (բացի այդ էլ, հունվար ամսից ունեցել եմ մոտ երկու ամիսը մեկ դաշտան, և ներկա պահին վերջին դաշտանս եղել է ապրիլի 26-ին և դաշտանից հետո եղել է ազատ հարաբերություն)։ Ստուգումներից հետո պարզվեց, որ ինձ մոտ կա նաև միոմա և սնկային հիվանդություն։ Հիմա հարցս հետևյալն է՝ արդյոք վտանգավոր չէ՞ այսքան երկար ժամանակ չստանալ համապատասխան բուժում։

Պատասխան՝ Իհարկե, հետեւանքներն ավելի դժվար է վերացնել երկարատեւ ազդեցությունից հետո, սակայն Ձեր նշած բոլոր խնդիրները լուծելի են, դրանց լիարժեք բուժման պարագայում ամեն ինչ կկարգավորվի։

 

Անուն` Ռիմա

Հարց՝ Բարև Ձեզ, ես դեկտեմբեր ամսին 4 շաբաթական հղի էի, սակայն  գրիպ և հարբուխ ունեցա, որոնց հետևանքով վիժում եղավ, մաքրեցին արգանդս (հետո գնացել եմ  ՈՒՁՀ, ասացին՝ ամեն բան  կարգին է, նույնիսկ  ասացին․ որ չեն  հավատում  որ արգանդի պատերը մաքրած են)։ Դրանից հետո 3 ամիս պաշտպանվել եմ, հիմա 2 ամիս է՝ ուզում եմ հղիանալ, չի  ստացվում, դաշատանս կանոնավոր է։ Նախապես  շնորհակալություն։

Պատասխան՝ Մի՛ անհանգստացեք, դեռ կստացվի, համոզվե՛ք, որ ձվազատում տեղի է ունենում։