«Երեխաս լացելիս շունչը պահում է, իսկ բերանի հատվածը կապտում է, ի՞նչ անել». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Սիրանուշ

Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս երբ պետք է կարիքները հոգա, լացում է, փորկապության համար դեղ եմ տվել, չի օգնում, 3 տարեկան է։ Ի՞նչն է պատճառը։

Պատասխան՝ Այդ տարիքի երեխաների մոտ փորկապությունը հաճախակի երևույթ է։ Կարդացեք իմ էջում հոգեբանական փորկապության թեման։ Հարցերի դեպքում գրեք ինձ։

 

Անուն՝ Մերինե

Հարց՝ Բարի երեկո, երեխաս լացի ժամանակ ուշ է ձայն հանում և բերանի մասը ստանում է կապուտ երանգ բերանի, խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ կարելի է անել։

Պատասխան՝ Դա կոչվում է ռեսպիրատոր-աֆեկտիվ համախտանիշ։ Վտանգավոր բան չէ, անցնում է ինքնուրույն։ Երբեմն կարող է սրվել կալցիումի անբավարարության ժամանակ։ Նոպայի ժամանակ փչեք երեխայի դեմքին և նա կշնչի։

 

Անուն՝ Հերմինե

Հարց՝ Բարև Ձեզ, նորածին բալիկներին արդյոք կարելի է շատ շարժել, ոտքերն ու ձեռքերը ծալել դեպի որովայնը, ձեռքերով դիպչել դեմքին, գլուխը շատ շարժել և նմանատիպ շատ բաներ։

Պատասխան՝ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դա անում։ Նուրբ մարզանքը, իհարկե, առողջարար է փոքրիկի համար, սակայն պետք չէ չարաշահել։

 

Անուն՝ Մելինե

Հարց՝ Երեխաս 1 ամսական է, ուտելուց հետո միանգամից փսխում է։

Պատասխան՝ Եթե խոսքը կաթի փոքր չափաբաժնի վերադարձի մասին է, ապա ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե երեխան շիթով հետ է տալիս կերած կաթի մեծ մասը և քաշ չի հավաքում, ապա պետք է դիմել մանկական վիրաբույժի։

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ, երեխայի լնդերի քորը հանգստացնելու ի՞նչ քսուք խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Դեղատներում կան տարբեր քսուքներ։ Ընտրեք որևէ մեկը և օգտագործեք՝ ըստ ներդիրի ցուցումների։ Անվանումները չեմ գրում, որ գովազդ չլինի։