«Արդյո՞ք ճշգրիտ է երեխայի սեռը կանխորոշելու օրացույցը». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝  Ռուզաննա

Հարց՝ Բարև Ձեզ: Հնարավո՞ր է՝ դեմքի վրա կորեակների առաջացումը կապ ունենա ԿԿ-ի հետ:  Եթե այո, ապա ի՞նչ անել:  Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ ԿԿ-ի հետ կապված հորմոնալ փոփոխությունը կարող է անդրադառնալ մաշկի վրա, բայց ստույգ իմանալու համար պետք է դիմել մաշկաբանի։

 

 

Անուն՝  Անահիտ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ունենք մեկ երեխա: Փորձում ենք երկրորդն ունենալ, սակայն չի ստացվում: Խնդիրն ամուսնուս մոտ է: Ի՞նչ կարող ենք անել:

Պատասխան՝ Արական անպտղության դեպքում անհրաժեշտ է հստակ ինֆորմացիա սերմի որակի մասին: Դրանից ելնելով` իրականացվում է բուժում կամ խորհուրդ է տրվում դիմել արտամարմնային բեղմնավորման զանազան տարբերակների։

 

 

Անուն՝  Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ: Կարո՞ղ է դաշտանի ժամանակ մղվող արտադրությունը լինել արնաջրի տեսքով: Եթե ոչ, ապա ինչի՞ մասին կարող է հուշել այս երևույթը: Պե՞տք է անհանգստանալ, թե՞ ոչ: Նշեմ, որ փետրվարի 12-ին ինձ մոտ սկսվել է դաշտան, իսկ հաջորդն արդեն եղել է մարտի 12-ին: Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Եթե նկատի ունեք արյան առատ հոսքը, ապա հնարավոր է։ Կարող է պայմանավորված լինել մի շարք այլ գործոններով, ինչը պարզելու համար պետք է հետազոտվել։

 

 

Անուն՝  Մերի

Հարց՝  Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ` արդյո՞ք ճշգրիտ է երեխայի սեռը կանխորոշելու օրացույցները:

Պատասխան՝ Դրանք ստույգ չեն: Սեռի նախնական պլանավորման համար միակ 100% ճշտություն ապահովող մեթոդն արտամարմնային բեղմնավորումն է:

 

 

Անուն՝  Լուսինե

Հարց՝  Ինչպե՞ս կարող եմ իմանալ ձվազատման օրը: Վերջին դաշտանը եղել է փետրվարի 24-ին: Սովորաբար սկսվում է ամեն ամսվա 24-ին և տևում 5 օր: Այս անգամ տևել է 3 օր: Օգնեք հասկանալ:

Պատասխան՝ Ձվազատման ստույգ օրն իմանալու լավագույն մեթոդը ֆոլիկուլոմետրիան է։