«Վիժում եմ առաջացրել տնային պայմաններում, ունեմ արյունահոսություն, ի՞նչ անել»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Ելենա

Հարց՝ Բարև Ձեզ: Արդեն 8 ամիս է՝ ամուսնացած եմ ու չեմ հղիանում: 2 ամիս առաջ դաշտանս ուշացավ երկու շաբաթով, թեստը դրական ցույց տվեց: 15 օր անց սուր ցավեր սկսվեցին  որովայնիս ստորին հատվածում, և արյունային արտադրություն եղավ, ինչից հետո դիմեցի բժշկի: Հետազոտելուց հետո ասացին, որ պտղաձու չկա: Հաջորդիվ դաշտան սկսվեց ինձ մոտ: Խնդրում եմ ասել՝ ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

Պատասխան՝ Մի շարք պատճառներով: Պետք է բացառել սեռավարակների, վիրուսային և բակտերիալ ծագման խնդիրների առկայությունը: Հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է բուժել, որից հետո որոշ ժամանակ անց միայն հղիություն պլանավորել:  

  

Անուն՝ Լիլիթ

Հարց՝  Հնարավո՞ր է հղիանալ դաշտանի ավարտվելու օրը։

Պատասխան՝ Այո՛, կա հավանականություն:  

 

Անուն՝ Անուշ

Հարց՝ Բարև Ձեզ: Երկու տարի առաջ ունեցել եմ գոտկային հատվածի միջողային սկավառակի ճողվածք՝ 0.7 մմ, որն առաջացել է առաջին հղիության ընթացքում։ Ստացել եմ բուժում, և այժմ ինձ շատ լավ եմ զգում, արդեն մեկ տարի է՝ գրեթե ոչ մի նշան չի հիշեցնում ինձ ճողվածքի  մասին: Հարցս հետևյալն է՝ հնարավո՞ր է ունենալ երկրորդ բալիկ, նման խնդրով մայրիկներ եղե՞լ են Ձեր պրակտիկայում, և ինչպե՞ս է դասավորվել նրանց ճակատագիրը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան՝ Նման դեպքեր իմ պրակտիկայում եղել են: Երկրորդ հղիությունը մեծամասամբ հնարավոր է, բայց դա կախված է ձեր տվյալներից: Վերջնական որոշում կարող են կայացնել հսկող բժիշկը՝ ողնաշարաբանի, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրաբույժի հետ համատեղ՝ ելնելով կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքներից: 

 

Անուն՝ Արփինե

Հարց՝ Տնային պայմաններում վիժում եմ առաջացրել։ Անցել է մեկ շաբաթ, ունեմ արյունահոսություն, արյան մակարդելիություն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Չի կարելի դեղամիջոցներ հայթայթել և առանց ցուցման կատարել դեղորայքային ընդհատում․ դա վտանգավոր է։  Դիմե՛ք բժշկի և անցե՛ք սոնոգրաֆիա։  

 

Անուն՝ Ադելինա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, դաշտանից երկու օր առաջ եղել են տարատեսակ գուրգուրանքներ առնանդամի միջոցով, սակայն սերմնաժայթքում տեղի չի ունեցել։ Կուսաթաղանթի ամբողջականությունը պահպանված է։ Հղիանալու հավանականություն կա՞։

Պատասխան՝ Եթե  սերմնաժայթում տեղի չի ունեցել, հղիություն հնարավոր չէ։ Իսկ եթե այն տեղի է ունեցել և նույնիսկ մասնակի հպում, ապա հղիության հավանականությունը քիչ, բայց կա։