«Դաշտանս ուշանում է, բայց թեստը բացասական է․ հնարավո՞ր է՝ հղի լինեմ, բայց թեստը ցույց չտա»․ պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Դավթյանը։

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, մոտ 4 ամիս է, ինչ դաշտան չեմ տեսնում։ Ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել։ Նշեմ, որ 19 տարեկան եմ։

Պատասխան՝  Տվյալ պարագայում կարևոր է իմանալ՝ այլ գանգատնե՞ր էլ կան, թե՞ ոչ։ Օրինակ՝ ավելորդ քաշ, մազակալում։ Ընդհանրապես, դաշտանի ուշացումը կարող է պայմանավորվել հորմոնալ խախտումներով, ֆոլիկուլյար և այլ տեսակի կիստայի առաջացմամբ, արգանդի լորձաթաղանթի ոչ բավարար հաստացմամբ։ Ամեն դեպքում, այսպիսի ուշացումը նորմալ չէ, հարկավոր է մանրամասն հետազոտվել։ Անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն, ապա, արդյունքները համադրելով, հասկանալ՝ ինչը կարող է ցիկլի ուշացման պատճառ լինել։

 

Անուն՝ Աիդա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ունեմ արգանդի արտանկման խնդիր։ Այն կարո՞ղ է չհղիանալու պատճառ դառնալ։ Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան՝ Արգանդի իջեցումը կարող է լինել տարբեր աստիճանների։ Նախ՝ պետք է հետազոտել, որպեսզի գնահատվի իջեցման աստիճանը։ Միգուցե արգանդի արտանկում չէ, այլ հեշտոցի պատերի իջեցում կա։ Արգանդի արտանկումը գուցե անպտղության չհանգեցնի, բայց եթե հղիություն գրանցվի, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել։ Ուստի պետք է սկզբում խնդիրը շտկել, հետո միայն հղիանալ։      

 

Անուն՝ Վարս

Հարց՝ Բարև Ձեզ, օրեր առաջ ստուգվեցի, և պարզվեց՝  ինձ մոտ առկա է սնկային ախտահարում։ Գանգատներն են քորը, մրմռոց սեռական հարաբերության ընթացքում, ապա  արտադրություն հեշտոցից։ Հնգօրյա բուժում ստացա, հիմա կրկին հարաբերությունից հետո մրմռոց կա։ Արդյո՞ք դա վտանգավոր է, ի՞նչ կարող եմ անել։

Պատասխան՝ Եթե գանգատները չեն անցել և կրկնվում են, պետք է շարունակել հետազոտությունները, մասնավորապես՝ ստուգել ինֆեկցիաների առկայությունը։ Լավ կլինի կատարել  ֆեմոֆլոր սքրին հետազոտություն և բակտերիոլոգիական քննություն։ 

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Մեկ ամիս դեռ չկա, որ հղի եմ ու մի քանի կաթիլ արյուն եմ նկատել։ Արդյո՞ք այն երեխայի հետ կապ ունի։

Պատասխան՝ Հավանական է, որ լինի ինպլանտացիոն արյունահոսություն։ Այն դիտվում  է պտղաձվի՝ արգանդի պատին ամրանալու ընթացքում։ Սակայն հավանական է նաև, որ արյունը վիժման նշան լինի։ Պետք է անպայման սոնոգրաֆիա կատարել, պարզել՝ նորմա՞լ է ընթանում հղիությունը, թե՞ առկա է վիժման վտանգ։

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ։ Դաշտանային ցիկլս սովորաբար տևում է 30 օր, հարաբերություն ունեցել եմ ցիկլի 12-20-րդ օրերին։ Հիմա ունեմ դաշտանի 10-օրյա ուշացում, թեստը բացասական է ցույց տալիս։ ՈւՁՀ եմ անցել,  հղիությունը չէր երևում։ Մեկ շաբաթ անց նորից ուլտրաձայնային հետազոտություն պետք է կատարեմ։ Հնարավո՞ր է՝ հղիություն լինի և մեկ շաբաթ անց երևա։

Պատասխան՝ Վաղ ժամկետներում հղիությունը հաստատելու կամ ժխտելու ամենից արդյունավետ տարբերակն արյան մեջ խորիոնալ գոնադոտրոպինի որոշումն է։ Եթե ունեք կասկած, պետք չէ սպասել և հիմնվել սոնոգրաֆիկ հետազոտությունների դինամիկայի վրա։ Հղիության թեստն էլ կարող է լինել ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունքով։ Հետևաբար ճիշտ կլինի առավոտյան հանձնել ԽԳ՝ հստակեցնելու համար հղիության առկայությունը, այնուհետ սոնոգրաֆիայի միջոցով պարզել՝ որտեղ է պտղաձուն, հասել է արդյոք արգանդի խոռոչ, ինչպես է զարգանում։