Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:
Անուն՝ Օվսաննա
Հարց՝ Բարև Ձեզ: Ամուսնացած եմ 1 տարի 3 ամիս: Այդ ողջ ընթացքում փորձել եմ հղիանալ բնական եղանակով, սակայն չի ստացվել: Դաշտանային ցիկլս նորմալ է՝ 27 օրը մեկ: Միայն երկու անգամ եմ ունեցել ուշացում, այն էլ չորս օրով: Միգուցե խնդի՞ր ունեմ:
Պատասխան՝ Անպտղություն է համարվում մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում հղիության բացակայությունը: Այնպես որ խորհուրդ եմ տալիս լինել ավելի զգոն և գիտակցել՝ ժամանակն է դիմել բժշկի:
Անուն՝ Ալլա
Հարց՝ Ինչպե՞ս իմանալ հղիության հավանական օրերը:
Պատասխան՝ Գոյություն ունեն օվուլյացիայի թեստեր, որոնց միջոցով կարող եք մոտավորապես իմանալ Ձեր օվուլյացիայի օրերը, որոնք էլ հենց հղիանալու համար ամենաբարենպաստ օրերն են:
Անուն՝ Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ: Ծննդաբերության արդյունքում ունեցել եմ բազմաթիվ կտրվածքներ և բավականին երկար ժամանակ՝ երկու ամիս ապաքինվել, քանի որ հետծննդյան շրջանում եղել է կարերի պատռվածք: Ծննդաբերությունից, ընդհանուր առմամբ, անցել է երեք ամիս մեկ շաբաթ, սակայն սեռական ակտի ընթացքում զգում եմ ցավ հեշտոցի հատվածում: Հնարավո՞ր է, որ դա կտրվածքների ու պատռվածքների սպիների հետևանքը լինի, թե՞ այլ խնդիր կունենամ: Որովայնի շրջանում ցավեր չունեմ:
Պատասխան՝ Իհարկե, ցավը կարող է լինել սպիներից, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս դիմել գինեկոլոգի, որպեսզի բացառվեն մնացած բոլոր հնարավոր պատճառները:
Անուն՝ Անաիս
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, նորմալ է արդյո՞ք ծննդկանի ախորժակի անփոփոխ լինելը:
Պատասխան՝ Այո՛, կարող է նաև այդպես լինել:
Անուն՝ Վիկա
Հարց՝ Բարև Ձեզ: Ինձ մոտ այժմ հղիության հինգերորդ շաբաթն է: Մեկ շաբաթ է՝ նկատել եմ սպիտակ կաթնային արտադրություն հեշտոցից: Ինչի՞ ախտանիշ կարող է այն լինել:
Պատասխան՝ Սովորաբար դա լինում է հեշտոցի սնկային ախտահարման ժամանակ, որը հաճախ է հանդիպում հղիության ընթացքում: Պետք է հանձնել քսուք, ինչից հետո ավելի ստույգ կլինի` որն է պատճառը:
Անուն՝ Մերի
Հարց՝ Ես 19 տարեկան եմ, ամուսինս՝ 24: Երկու տարի է, որ ամուսնացած ենք: Ամուսինս ունի երակի լայնացում: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս է կատարվում արտամարմնային բեղմնավորումը և ի՞նչ արժե:
Պատասխան՝ Սկզբից պետք է հանձնել սերմի անալիզ, որովհետև այդ դեպքում միշտ չէ, որ սերմի անալիզը վատ արդյունք է տալիս:
Անուն՝ Աննա
Հարց՝ Կնշե՞ք այն հորմոնները, որոնք առնչվում են չհղիանալու հետ:
Պատասխան՝ Քանի որ կնոջ ողջ հորմոնային համակարգը փոխկապակցված է, սխալ է առանձնացնել կոնկրետ հորմոններ: Պետք է կատարել կոմլպեքս հետազոտություն՝ հաշվի առնելով կնոջ անամնեստիկ տվյալները:
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Ունեի անգանդի միոմա, որը հեռացվել է, սակայն արգանդս չի հեռացվել: Ըստ ձեզ՝ կարո՞ղ եմ հղիանալ:
Պատասխան՝ Միանշանակ չի կարելի պատասխանել հարցին՝ առանց տեսնելու արգանդը: Շատ կարևոր է իմանալ արգանդի լորձաթաղանթի վիճակը, որից էլ կախված է հղիանալու հավանականությունը:
Անուն՝ Աշխեն
Հարց՝ Բարև Ձեզ: Ամուսանացած եմ մեկ տարուց ավելի, բայց դեռևս հղի չեմ: Այս ընթացքում ընդամենը 2-3 անգամ եմ օրգազմի հասել: Կարո՞ղ է դա չհղիանալու պատճառ լինել:
Պատասխան՝ Չի կարող:
Անուն՝ Միլենա
Հարց՝ Եթե ձվարանները հեռացված են, բայց երբեմն արյուն է լինում՝ 2-3 ամիսը մեկ, հղիանալու հավանակությունը շա՞տ քիչ է:
Պատասխան՝ Եթե երկու ձվարաններն էլ հեռացված են, ապա հղիանալու հնարավորություն չկա:
Անուն՝ Տաթև
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մտավախություն ունեմ, որ երբ հղիանամ, ցիտոմեգալովիրուսի տիտրերը կբարձրանան և կրկին կկորցնեմ փոքրիկիս: Կարո՞ղ է լինել նման բան:
Պատասխան՝ Եթե արդեն բուժում ստացել եք վիրուսի դեմ, ապա վախենալու բան չկա: Հետազոտվեք վիժման այլ պատճառներ հայտնաբերելու համար, դրանք բավականին շատ են:
Անուն՝ Աննա
Հարց՝ Ութ տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ 5 տարեկան աղջիկ, երկրորդ երեխա ունենալ չեմ կարողանում: Խնդրում եմ ասել՝ հնարավո՞ր է, որ միզապարկի և երիկամի բորբոքումը խոչընդոտի հղիությանը:
Պատասխան՝ Ո՛չ, դա անպտղության պատճառ չի կարող դառնալ: