«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը:
Անուն՝ Ալինա
Հարց՝ Բարև Ձեզ: Երեք օր առաջ հերթական անգամ այցելեցի բժշկի, հղիությունս արդեն 12 շաբաթական էր: Սոնոգրաֆիան ցույց տվեց, որ 9-րդ շաբաթից սկսած պտղի աճը կանգ է առել, չկա սրտի բաբախյուն և շարժ, չնայած ես ինձ շատ լավ էի զգում ու մինչ հղիությունը անցել էի բոլոր հետազոտությունները, պատրաստվել հղիությանը: Ինչի՞ հետևանք կարող է սա լինել: Որքա՞ն ժամանակ հետո հղիանալ:
Պատասխան՝ Պատճառները շատ են, օրինակ՝ մակարդելիության խանգարում (թրոմբոֆիլիա), ամուսնու հետ արյան խմբով անհամատեղելիություն, բորբոքումներ, վարակներ և այլն: Սակայն այս ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս հետազոտվել ու գտնել պատճառը: Հաջորդ անգամ կարող եք հղիանալ մոտ 6 ամիս հետո:
Անուն՝ Լիլիթ
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, 21 տարեկան եմ: Ունեմ մեկ տարեկան բալիկ, ծննդաբերության ժամանակ ունեցել եմ արգանդի պարանոցի պատռվածք: Բժիշկը նշել էր՝ դրել են երկու կար, սակայն ներարգանդային պարույր տեղադրելիս ասացին, որ պատռվածք կա, այսինքն՝ կարածը չի կպել: Խնդրում եմ ասել` դա ինչքանո՞վ է վտանգավոր, ի՞նչ կարող է լինել հղիության ժամանակ:
Պատասխան՝ Այսպես դժվար է հստակ պատկերացում կազմելը: Սովորաբար, երբ արգանդի վզիկի հետ կապված խնդիրներ են լինում, հղիության ժամանակ կարող է առաջանալ իստմիկոցերվիկալ անբավարարություն, որն էլ կբարձրացնի վիժման վտանգը: Բայց կրկին շեշտում եմ` առանց տեսնելու հնարավոր չէ ասել, թե որքանով է դա լուրջ և ինչ բարդությունների կառաջացնի ապագայում:
Անուն՝ Անուշ
Հարց՝ Ամուսնացած եմ երկու ամիս: Վերջին երկու օրը սեռական հարաբերության ժամանակ ունեցել եմ հեշտոցից սպիտակ, ոչ ջրալի արտադրություն: Միզելիս զգում եմ թեթև ծակծկոց: Ի՞նչ է այն, ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Գուցե դա պայմանավորված է հենց սեռական ակտով: Հանգիստ լինելու համար կարող եք այցելել բժշկի և հանձնել քսուք:
Անուն՝ Անի
Հարց՝ Օգտագործում եմ «Ռեգուլոն» հակաբեղմնավորիչ և ցանկանում եմ իմանալ` ինչքանով է անվնաս: Ինչպիսի՞ հետևանքներ կարող են առաջ գալ կնոջ օրգանիզմում հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործման դեպքում:
Պատասխան՝ Տվյալ դեղամիջոցը բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից ունի նաև բուժական ազդեցություն ու կարող է նշանակվել մի շարք խանգարումների ժամանակ: Եթե այն նշանակել է բժիշկը, ապա ոչ մի խնդիր չկա: Խորհուրդ կտամ ընթացքում գտնվել բժշկի հսկողության ներքո:
Անուն՝ Աննա
Հարց՝ Դաշտանս ուշացել է մեկ օր, դեռ թեստ չեմ դրել, կրծքերս էլ դարձել են զգայուն: Երեկ մի փոքր կուրծքս սեղմեցի, կաթնային արտադրություն եկավ: Արդյո՞ք սա կարող է հղիության հետ կապ ունենալ, թե՞ ավելի լուրջ բան է:
Պատասխան՝ Այն կարող է նաև լինել պրոլոկտին հորմոնի բարձրացման հետևանքով: Ամեն դեպքում, եթե նույնիսկ թեստը բացասական լինի, դիմեք բժշկի:
Անուն՝ Նատալի
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մեկ տարի է, որ ամուսնացած եմ ու դեռ չեմ հղիացել: Հաճախ լինում են դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանի ուշացում: Օրինակ՝ հիմա արդեն 1,5 ամիս ուշացել է: Թեստը ցույց չի տալիս հղիություն, բայց որոշ նշաններ կան: Ե՞րբ թեստը ցույց կտա դրական:
Պատասխան՝ Թեստը վաղուց արդեն պետք է ցույց տար: Ճիշտ կլինի՝ ամուսնու հետ դիմեք բժշկի և անցնեք անհրաժեշտ հետազոտություններ:
Անուն՝ Մարի
Հարց՝ Բարև Ձեզ: 22 տարեկան եմ, սեռական օրգանների հատվածում քոր ունեի, դիմեցի բժշկի: Քսուք վերցրին և պարզվեց, որ սնկեր են: Մասնագետն ասաց, որ կուսաթաղանթի անցքը մեծ է (ամուսանացած չեմ և երբեք սեռական կյանքով չեմ ապրել): Այդ օրվանից անհանգիստ եմ ու շատ վախեցած: Դա ի՞նչ վատ հետևանքներ կարող է ունենալ: Ճի՞շտ է արդյոք, որ կուսազրկումը կլինի առանց արյան: Ասեմ նաև, որ ինձ նշանակել էին վեցամսյա բուժում: Արդեն հինգ ամիս անցել է, տարբերությունն այդքան մեծ չէ: Քորն ուժեղանում է հատկապես դաշտանի օրերից առաջ և դաշտանից հետո: Օգտագործել եմ «Պիմաֆուցինի» քսուք, «Միկոսիստ», «Ֆլյուկոնազոլ»:
Պատասխան՝ Կուսաթաղանթի անցքի մեծ լինելը չի կարող անհանգստանալու պատճառ դառնալ, որովհետև դա նույնպես համարվում է նորմալ: Ինչ վերաբերում է սնկային հիվանդությանն ու քորին, ապա այն այդքան էլ հեշտ չի բուժվում և երբեմն պահանջում է կրկնակի բուժում: Արեք այնպես, ինչպես նշանակել է բուժող բժիշկը: Եթե ապագայում կարիք լինի, կարող եք խորհրդակցել մաշկաբանի հետ:
Անուն՝ Եվա
Հարց՝ Ամուսանցած եմ երկու տարի: Վերջին 6-8 ամսվա ընթացքում ես և ամուսինս ցանկանում ենք երեխա ունենալ, սակայն մեզ մոտ չի ստացվում: Այցելել եմ գինեկոլոգի, ինձ մոտ հայտնաբերել են էրոզիա և ուրեոպլազմա: Բժիշկն ասաց, որ էրոզիան չի խանգարում հղիությանը, սակայն պետք է ուրեոպլազման բուժել: Անցել եմ բուժում անտիբիոտիկներով, որի արդյունքում, թեև, ուրեոպլազման վերացել է, սակայն սնկեր են ծագել: Մեկ ամիս առաջ դա բուժեցի: Ուզում եմ իմանալ` էրոզիայի առկայության պայմաններում հնարավո՞ր է հղիանալ, թե՞ ոչ:
Պատասխան՝ Վերջինս կարող է պատճառ հանդիսանալ չհղիանալու համար, եթե առաջացել է բորբոքման կամ վարակի ֆոնին: Եթե հերքված է դրանց առկայությունը, ապա անպտղության չի հանգեցնի:
Անուն՝ Հասմիկ
Հարց՝ Այժմ 15 շաբաթական հղի եմ, բայց մինչև հղիության 13-րդ շաբաթը երկու անգամ հիվանդացել եմ գրիպով: Անցել եմ հետազոտություն, պարզվել է՝ պտղի աճը և սրտի աշխատանքը նորմալ են, հղիությունս անցնում է նորմալ: Բայց ես շատ եմ անհանգստանում, որ դա կարող է այլ արատների պատճառ դառնալ: Ի՞նչ հետազոտություն կարող եմ անցնել՝ հանգիստ լինելու համար:
Պատասխան՝ Պտղի վրա ազդելու հավանականությունը շատ քիչ է: Խորհուրդ եմ տալիս մնալ բժիշկների հսկողության տակ: Կարող եք հանձնել PAPP-A թեստը, AFP և այլն: Այդ ամենը կօգնի հերքել արատի առկայությունը: Տվյալ անալիզներն ունեն իրենց հանձման ժամանակները, որոնք կարող եք ճշտել հղիությունը վարող բժշկից:
Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, 17 տարեկան եմ: Հանձնել եմ արյան անալիզ, պրոլոկտին հորմոնը 29,5 էր, ունեմ ձախ ձվարանի կիստա: Ինչի՞ հետ է այն կապված:
Պատասխան՝ Ձվարանի կիստան կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարմամբ, օրինակ՝ պրոլոկտինի բարձրացման հետևանքով: Պետք է ստանաք համապատասխան բուժում:
Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ: Ամուսնացած եմ մեկ տարի, բայց չեմ հղիանում: Գնացել եմ գինեկոլոգի մոտ, հանձնել եմ քսուք և անցել ուլտրաձայնային հետազոտություն, ամեն ինչ նորմալ էր: Բժիշկն ասաց, որ արյան անալիզ հանձնեմ, բայց ժամանակի առումով չհասցրի: Արդյո՞ք արյուն հանձնելը պարտադիր է: Ի դեպ, աշխատանքի բերումով ամուսինս չկարողացավ գալ բժշկի ու տանից էլ պարբերաբար բացակայում է երկար ժամանակով:
Պատասխան՝ Հղիանալու համար շատ կարևոր է կանոնավոր սեռական կյանքի առկայությունը: Դուք և ամուսինը պետք է լիարժեք հետազոտվեք: Արեք այնպես, ինչպես ասում է բժիշկը: