«Ամուսնալուծվել եմ և չեմ ուզում, որ երեխաս շփվի հոր հետ․ ինչպե՞ս վարվել»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։  

 

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ: Տղաս երեք տարեկան է, և ինձ մոտ մշտապես անհանգիստ վիճակ է: Վախենում եմ, որ նա որևէ հիվանդություն ձեռք կբերի: Քիչ է ուտում, ես էլ սթրես եմ ապրում այդ պատճառով: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան՝ Մայրանալուն զուգահեռ ավելանում են կնոջ պատասխանատվության զգացումը և տագնապը: Եթե կինն առաջ ունեցել է բարձր տագնապայնություն, ապա սա գումարվում է առաջինին, ու արդյունքում կարող են սրվել վախերը, առաջանալ կպչուն մտքեր: Առաջին երեխային մեծացնելիս ծնողները սովորաբար անվստահ են լինում, իսկ եթե նախկինում էլ ունեին անվստահություն, թերարժեքության բարդույթ, ապա դա կրկնակի սրում է տագնապն ու անհանգստությունը: Նախ՝ փորձեք պայքարել վախերի դեմ: Փորձեք հասկանալ` ինչում եք անվստահ զգում, փորձեք ուժեղացնել վստահության զգացումը որպես կին, մարդ, մայր: Ազատվեք ավելորդ մեղքի զգացումից, ավելորդ պատասխանատվությունից, ավելորդ պահանջկոտությունից և բծախնդրությունից: Հնարավորինս կիսեք ծնողական պատասխանատվությունը ամուսնու, տատիկների և պապիկների հետ: Թույլ տվեք մնացածին մասնակցել երեխայի դաստիարակության ու խնամքի գործընթացին: Վստահեք ընտանիքի մեծահասակներին, փորձեք հանգստանալ, երբ դրա հնարավորությունը կա: Եթե նկատեք, որ վախերը պահպանվում են կամ ավելանում, խորանում, անպայման դիմեք հոգեբանի խորհրդատվության:

 

 

 

 

Անուն՝ Մերի

Հարց՝ Հղիության ութերորդ ամսում ամուսնալուծվել եմ: Երեխաս այժմ 2 ամսական է և հորն ընդհանրապես չի տեսել: Գիտեմ` երեխայի համար կարևոր է հոր հետ շփումը, բայց գտնում եմ, որ հայրն արժանի չէ փոքրիկի հետ շփվելուն, քանի որ միշտ վնասել է նրան: Ի՞նչ  անեմ: Ավելի լավ է՝ երեխան վատ հոր հե՞տ շփվի, թե՞ ընդհանրապես չշփվի:

Պատասխան՝ Հարցը պետք է դիտարկել նաև իրավունքների կողմից: Հայրն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, եթե դատարանի կողմից արգելք չկա: Անկախ նրանից, թե ինչ բնավորություն և վարք ունի նա, միևնույն է, երեխայի հայրն է ու կարող է օգտվել իր այդ իրավունքից: Եթե դուք տեսնում եք ակնհայտ վտանգ, ապա պետք է դիմել դատարան և թողնել որոշումը նրան: Եթե նման լուրջ վտանգ չկա, և միայն ձեր անհանգստությունն է կամ վիրավորանքն է ստիպում այդպես խոսել, ապա ժամանակի ընթացքում վիրավորանքը կանցնի: Երեխան էլ իրավունք ունի իմանալ իր ծագման մասին, ճանաչել ծնողներին: Երեխան իրավունք ունի որոշելու` ցանկանում է շփվել իր հոր կամ մոր հետ, թե չի ցանկանում: Այս դեպքում ևս պետք է սպասեք ու թողնեք որոշումը բալիկին: Փոքրիկի համար կարևոր է իմանալ իր պատմությունը, որքան էլ այն դժվար, տխուր լինի:

Հիմա անդրադառնանք հոգեբանական կողմին: Այդքան վաղ և այն էլ բալիկի սպասելու շրջանում ամուսնալուծվելու հետևանքով բնական է, որ սուր ցնցում եք ապրել, լուրջ հիասթափություն և վիրավորանք: Հասկանալի է, որ զայրույթ ունեք երեխայի հոր նկատմամբ: Գուցե զայրույթն էլ նախկին ամուսնուն պատժելու ցանկություն է առաջացնում: Նման բան հաճախ է լինում կանանց հետ ամուսնալուծությունից հետո, երբ նրանք փորձում են երեխայի միջոցով պատժել ամուսնուն: Փորձեք բալիկի և հոր հարաբերությունները հնարավորինս անկախ պահել ձեր ապրումներից հոր նկատմամբ:  Փորձեք արտահայտել զայրույթն անմիջական ձևերով` ասելով կամ հայտնելով: Երեխայի հարաբերությունները թողեք զարգանան այնպես, ինչպես կզարգանան: Այսինքն` եթե փոքրիկի հայրը ցանկություն է հայտնում շփվելու երեխայի հետ, դա միայն ողջունելի է, պետք է թույլ տալ` ապահովելով բալիկի անվտանգությունը: Եթե երեխան մեծանալով որոշի չշփվել հոր հետ այս կամ այն պատճառով, դա կլինի իր որոշումը:

 

 

 

 

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Ունեմ երկու բալիկ: Մեկը 3․5 տարեկան է, մյուսը՝ 2: Նրանք անընդհատ լաց են լինում, մի փոքրիկ բանից լաց են լինում այն աստիճան, որ  իմ նյարդային համակարգը   չի դիմանում:  Սկսում եմ գոռալ` հասկանալով, որ  սխալ եմ անում, սակայն այդպես հանգստանում եմ:  Կարդացել եմ նյութ, որտեղ ասվում է՝ երեխային թողնենք, մինչև հանգստանա:  Արդյո՞ք ավելի վնաս չէ թողնելը, որ երեխան ինքնուրույն հանգստանա:  Գոռալն  ի՞նչ բացասական ազդեցություն կթողնի նրանց վրա:

Պատասխան՝ Երեխաներն իրենց վարքագծի տարրերը հիմնականում սովորում են մեծահասակներից, մյուս մասը պատահաբար կամ տարերային կերպով ամրապնդվում է նույն մեծահասակաների կողմից: Դա տեղի է ունենում այսպես. երեխան լաց է լինում առաջին կամ մի շարք անգամներ, որին ծնողները բուռն արձագանքում են, ավելի հաճախ գրկում են և սկսում սփոփել, կատարել երեխայի պահանջները: Ճիշտ է՝ հիմա արդեն չեք դիմանում, զայրանում եք, բայց միշտ չէ այդպես եղել: Հիմա բալիկները սկսել են իրենց ցանկությունները բավարարել լացով, այսինքն` դա դարձել է իրենց վարքի կարծրացած մի մաս:  Եթե ուշադրություն չդարձնեք, երկար լաց կլինեն, իսկ եթե ուշադրություն դարձնեք, միշտ լաց կլինեն, և ուշադրությամբ նորից ու նորից կամրապնդեք իրենց այդօրինակ վարքը: Ուղղակի դադարեք երեխաների ցանկությունները կատարել, եթե նրանք դա պահանջում են լացով: Երբեք ու ոչ մի արգելք չհանեք լացի պատճառով: Եղեք հաստատակամ: Մի քանի անգամ երկար կլացեն, բայց հետո կդադարեն, քանի որ կհասկանան՝ լացով ցանկությունները չեն կատարվում:

Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կարող է լինել: Գուցե դադարեք ուշադրություն դարձնել նրանց լացին, բայց տան մյուս անդամները շարունակեն խրախուսել երեխայի լացը` նրա պահանջները կատարելով: Այս դեպքում ստիպված եք ընտանիքի բոլոր անդամներին բացատրելու ձեր տեսակետը և պահանջելու համապատասխան մոտեցում: Ինչ վերաբերում է գոռալուն և անզուսպ վարքին, դա ավելի կսրի երեխաների կամակորությունը, որովհետև նրանք կամակոր են դառնում` կառավարելու համար ծնողների վարքը, իսկ տվյալ պարագայում լիարժեք կառավարում են ձեզ և ձեր վարքագիծը, կարողանում են հունից հանել: Այնուամենայնիվ, երեխաները վստահում և ենթարկվում են ուժեղ ու հաստատակամ ծնողներին: