«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը։
Անուն` Արմինե
Հարց` Բարև Ձեզ: Հղիության ընդհատումից քանի՞ ամիս հետո կարելի է հղիանալ:
Պատասխան՝ Սովորաբար երկու ամիս անց, սակայն ցանկալի է նախապես հետազոտվել:
Անուն` Դայանա
Հարց` Արդեն յոթ տարի ամուսնացած եմ, սակայն երեխաներ չունեմ: Անցել եմ շատ բուժումներ, կատարվել է ինսեմինացիա, սակայն ապարդյուն: Ինձ մոտ բարձրանում է պրոլակտին հորմոնը, ժամանակ առ ժամանակ դաշտանային ցիկլս խանգարվում է, դիտվում է ամիսը երկու անգամ շատ առատ: Կարո՞ղ են սա ու նևրոզը անպտղության պատճառներ հանդիսանալ:
Պատասխան՝ Պրոլակտին հորմոնի մակարդակը նևրոզի պայմաններում խանգարվում է: Դուք պետք է անպայման այցելեք հոգեթերապևտի, ինչից հետո միայն, երբ կարգավորվի պրոլակտին հորմոնը, պլանավորեք հղիությունը: Հակառակ դեպքում հնարավոր հղիությունը կարող է ավարտվել վիժմամբ:
Անուն` Աշխեն
Հարց` Ամուսինս անտիբիոտիկներ է խմում համարյա ամեն օր կամ օրումեջ: Հնարավո՞ր է, որ դա հանգեցնի անպղության:
Պատասխան՝ Նախ՝ ձեր ամուսինը պետք է հանձնի սերմի անալիզ:
Անուն` Սաթինե
Հարց` Հարգելի՛ բժիշկ, քույրս 22 տարեկան է, մեկ տարուց ավելի է` ամուսնացել է և առայժմ չի հղիացել: Ի՞նչ անալիզներ պետք է հանձնի, որպեսզի պարզի չհղիանալու պատճառը:
Պատասխան՝ Պարտադիր է անցկացնել ֆոլիկուլոմետրիա՝ հետևելու ֆոլիկուլի աճին ուլտրաձայնային հետազոտման միջոցով, հանձնել որոշ հորմոնալ անալիզներ, հետազոտել ինֆեկցիոն սպեկտրը, հաշվի առնելով անամեստիկ տվյալները՝ ստուգել անգանդի փողերը: Ամուսինը պետք է հանձնի սերմի անալիզ:
Անուն` Սիլվա
Հարց` Ինչո՞վ կարող է պայմանավորվել երեխայի կոնքոսկրի կարճ չափը: Մեկ տարի առաջ ընդհատել եմ շատ ցանկալի հղիությունս այդպիսի պաթոլոգիայի պատճառով: Ասեմ, որ ամեն ինչ ստուգված էր, բոլոր հնարավոր ինֆեկցիաները բացառված, չեմ հիվանդացել գրիպով ու դեղեր չեմ օգտագործել:
Պատասխան՝ Հնարավոր է գենետիկական նախատրամադրվածություն:
Անուն` Գայանե
Հարց` Ի՞նչ անել, երբ զույգն անհամատեղելի է, ու հղիանալը չի ստացվում: Հնարավո՞ր է ինչ որ բան փոխել, որպեսզի հղիությունը ստացվի:
Պատասխան՝ Գոյություն ունի զույգերի անհամատեղելիության երկու տարբերակ: Դուք պետք է իմանաք, թե ձեզ մոտ որ տեսակն է և դրանից կախված ստանաք համապատասխան բժշկական օգնություն ռեպրոդուկտոլոգի կողմից:
Անուն` Անահիտ
Հարց` Բարև Ձեզ: Խպիպը (զոբ) կարո՞ղ է դառնալ անպտղության պատճառ:
Պատասխան՝ Այո՛, կարող է: