Ինչպե՞ս վարվել, երբ երեխան անընդհատ կրծքի կաթ է ուզում

Հարց/Պատասխան

Կրծքով կերակրման մասնագետ, նեոնատոլոգ Աննա Տոնիկյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։

 

Անուն՝ Ալինա

Հարց՝ Աղջիկս 1.6 տարեկան է: Շատ կապված է կրծքիս հետ, բայց կերակրելիս արդեն ցավում է: Փորձել եմ կերակրումների քանակը կրճատել՝ օգտագործելով աստիճանական  դադարեցման եղանակը, սակայն չի ստացվում: Տանը հիմնականում ես ու երեխաս ենք լինում, անդադար պտտվում է շուրջս և կրծքիս մոտենում, նույնիսկ` կես ժամը մեկ: Դրսում էլ նույն իրավիճակն է: Փորձում եմ համոզել, բայց միանգամից բարձր լաց է լինում: Խաղով, ուտելիքով, որևէ այլ  զբաղմունքով շեղել չեմ կարողանում: Կրծքի համար պատրաստ է անգամ չքնել, հանգստանում է ստանալու դեպքում: Չգիտեմ արդեն ինչ անել, վախենում եմ` ինքնուրույն չհրաժարվի: Մեկ փաստ հավելոմ` մինչև 1 տարեկան 4 ամսականը սնվել է կրծքի կաթով, միայն վերջին երկու ամիսն է սկսել հավելյալ սնունդ ընդունել:

Պատասխան՝ Կրծքով կերակրման ավարտը պետք է լինի հանգիստ, չլինի սթրեսային ո՛չ մայրիկի համար, ո՛չ էլ երեխայի: Պետք է առաջ գնալ փոքր-փոքր քայլերով: Սկզբում հարկավոր է հանել անկանոն կերակրումները, ընտրել հստակ տեղ, որտեղ երեխան կուտի կրծքի կաթը: Պետք է սահմանել օրվա հստակ ռիթմ, քանի որ բալիկները սիրում են, երբ ամեն ինչ կանխատեսելի է: Անպայման անհրաժեշտ է կարգավորել սննդընդունումը, քնի արթուն մնալու ժամերը։  Նշված տարիքում կրծքի կաթը, բացի սնունդ լինելուց, նաև ամուր հուզական, հոգեբանական կապի միջոց է: Հանելով անկանոն կերակրումները՝  առավելագույն չափով շփում ապահովեք երեխայի հետ, որպեսզի կոմպենսացվի կրծքի կաթի բացակայությունը, և լիարժեք ձեզ զգաք երեխայի հետ։