«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանը։
Անուն՝ Արմինե
Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս հինգ ամսական է, և նրա օրգանիզմը բավականին լավ է ընդունում խյուսերը: Խյուսից բացի առաջարկում եմ նաև խնձորի քամած հյութ՝ 30 կամ 60 մլ: Պարտադի՞ր է, որ այսքանից հետո կրծքի կաթ էլ տամ, ապա միայն քնի: Շեշտում եմ քնի գործոնը, որովհետև խյուսն ուտելուց և հյութը խմելուց հետո հանգիստ քնում է: Կասե՞ք, թե ինչ հաճախականությամբ տալ երեխային կաթը կամ կաթնախառնուրդը և որքան:
Պատասխան՝ Կրծքի կաթն ու կաթնախառնուրդը տրվում են երեխայի պահանջով: Պետք է կաթն առաջարկեք՝ հասկանալու համար բալիկն ուզում է այդ պահին, թե ոչ: Տրվող չափաբաժինը որոշվում է անհատապես, չափաբաժինը հստակեցնելու գործում երեխայի քաշը ևս հաշվի է առնվոմ: Իսկ, որպես այդպիսին, պարտադիր չէ` կաթն էլ տաք, հետո միայն երեխան քուն մտնի:
Անուն՝ Շողիկ
Հարց՝ Հարգելի՛ մասնագետ, քանի՞ անգամ հավելյալ սնունդ առաջարկել երեխային օրվա ընթացքում:
Պատասխան՝ Վեց ամսականում հավելյալ սնունդն առաջարկում են 1-2 գդալ և ժամանակի ընթացքում քանակը հետզհետե մեծացնում, 9-12 ամսականների պարագայում առաջարկում են օրվա մեջ 3-4 անգամ:
Անուն՝ Ալվինա
Հարց՝ Արդյո՞ք նորմալ է, որ 10 օրական երեխաս ուտելուց հետո 3-4 ժամ քնում է:
Պատասխան՝ Նորածնի քնի տևողությունը կարող է լինել 30 րոպեից մինչև 3-4 ժամ, այնպես որ նորմալ է: Բալիկին արթնացնել հարկավոր է այն դեպքում, երբ քունը ձգվում է չորս ժամից ավել:
Անուն՝ Անի
Հարց՝ Փոքրիկս կարծես հրաժարվի կաթնախառնուրդից, ուտում է երեք ժամը մեկ 40-50 գրամից ոչ ավել։ Կաթնախառնուրդը փոխել ենք, սակայն նույն պատկերն է։ Ի՞նչ կարող եմ անել։
Պատասխան՝ Այս դեպքում պետք է մասնագետի զննություն, ստուգել քաշն ու հասկանալ` տարիքին համապատասխան զանգված, աճ, փարթամություն ունի երեխան, թե ոչ: Դրանից ելնելով` կարելի է եզրակացնել, թե որքան կաթնախառնուրդ է նրան պետք (ներկայացված չափի հետ է կապված տվյալ նշումը):