«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանը:
Անուն՝ Տոմա
Հարց՝ Բարև Ձեզ: Եթե շրթունքիս հատվածում կա հերպես, բայց խիստ արտահայտված ու թաց չէ, կարո՞ղ եմ շարունակել կրծքով կերակրումը:
Պատասխան՝ Այո՛, կարող եք: Կերակրելը հնարավոր կլիներ, եթե նույնիսկ թաց լիներ: Կերակրման խնդիր կարող էր ծագել այն դեպքում, երբ հերպեսն առաջանար պտուկի վրա:
Անուն՝ Ալինա
Հարց՝ Հարգելի՛ մասնագետ, կրծքով կերակրումը դադարեցնելու փուլում ենք: Երկու օր է, ինչ ցերեկները չեմ կերակրում երեխային, միայն գիշերը քնելուց առաջ ու նրա՝ գիշերային արթնացման ժամանակ: Գիշերային քնի պահին լաց է լինում, անպայման կրծքի կաթ է ուզում, մնացած դեպքերում կարողանում եմ շեղել խաղերով, թեև ցերեկները չի քնում կաթ չուտելու պատճառով: Գլխավոր խնդիրը կրծքերիս ցավն է: Կրծքերս շատ են լցված: Փորձում եմ կերակրել բալիկին, սակայն վիճակը չի մեղմվում: Կրծքի հատվածից ցավը տարածվում է դեպի թիակներ, զգում եմ դող ու թուլություն: Ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Այս ամենում, ընդհանուր առմամբ, նշմարվում է սթրես։ Գործողությունների ցանկալի և ճիշտ ընթացքը, որին անհրաժեշտ է հետևել, սա է՝ վերսկսում եք կերակրումները, կարգավորում կրծքերի վիճակը, երեխայի քունը և հետո նորից մեկնարկում կերակրման ավարտի պրոցեսը: Կերակրելն իրապես լավագույն տարբերակն է, քանի որ դրա շնորհիվ կրծքերն էլ կթեթևանան: Ամեն դեպքում, կարող եք նաև թեթևակի կթել, սառը դնել կրծքերին մինչև լցվածությունն անցնի, չնայած կթելը ցավոտ կլինի: Աշխատեք կերակրելու տարբերակով բացել: Կերակրում եք երեխային և այդ ընթացքում քարացած, ցավող մասը մատներով թեթևակի մերսում, մի փոքր սեղմում, որ երեխան ուտելու ընթացքում տվյալ հատվածից քաշի կաթը: Ապա հաճախակի դնում եք սառը թրջոցներ: Այս մեթոդը բավականին կմեղմի ցավը: Մեկ հավելում՝ հանկարծ չտաքացնեք և իմացեք, որ թվարկած գանգատները (ցավ, դող, գուցե ջերմություն էլ լինի) կարող են լինել մաստիտի նշաններ:
Անուն՝ Էմմա
Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս չորս ամսական է: Նրա լեզվի ծայրին սպիտակ կետ է առաջացել: Հնարավո՞ր է, որ դա լինի կրծքի կաթից:
Պատասխան՝ Ո՛չ, նկարագրվածը կրծքի կաթի հետ կապ չունի:
Անուն՝ Կարինե
Հարց՝ Երեխաս 25 օրական է: Որոշ խնդիրների պատճառով ուտում էր կաթնախառնուրդ, բայց հիմա կրծքով կերակրել արդեն կարող եմ: Ուղղակի երեխաս սովորել է շշին, չի կարողանում կուրծքը վերցնել, նյարդայնանում է: Ի՞նչ պետք է անեմ:
Պատասխան՝ Տվյալ դեպքում հարկավոր է աշխատել կրծքով կերակրման մասնագետի հետ, սովորել կրծքով կերակրելու ճիշտ տեխնիկան, կարգավորել կաթի քանակն ու միաժամանակ սովորեցնել երեխային կրծքին: