«Երեխաս կծում է, խփում է, խաղալիքները չի տալիս ուրիշ երեխաների, ինչպե՞ս վարվել». «Իմ Փոքրիկ» -ին ուղղված այս ու մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 19-րդ խմբաքանակին:

Անուն: Մառա

Հարց: Բարև ձեզ: Հարգելի բժիշկ, իմ աղջիկը 2.9 տարեկան է, բայց ոչ մի կերպ չի համակերպվում բնական կարիքները տակդիրից դուրս անելու մտքի հետ: Ընդ որում՝ կարող է կես ժամ կամ ավել նստել գիշերանոթին, բայց ապարդյուն: Խնդրում է հագցնել տակդիրը, որ բավարարի կարիքները: Նույնիսկ փորձել եմ այդ պահերին չհագցնել, բայց ավելի վատ

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 19-րդ խմբաքանակին:

Անուն: Մառա

Հարց: Բարև ձեզ: Հարգելի բժիշկ, իմ աղջիկը 2.9 տարեկան է, բայց ոչ մի կերպ չի համակերպվում բնական կարիքները տակդիրից դուրս անելու մտքի հետ: Ընդ որում՝ կարող է կես ժամ կամ ավել նստել գիշերանոթին, բայց ապարդյուն: Խնդրում է հագցնել տակդիրը, որ բավարարի կարիքները: Նույնիսկ փորձել եմ այդ պահերին չհագցնել, բայց ավելի վատ արդյունքի եմ հանդիպել.  պահում է այնքան ժամանակ մինչև կհագցնեմ տակդիրը: Ինձ թվում է՝ երեխայի մոտ խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Խնդրում եմ՝ խորհուրդ տվեք. ինչպե՞ս վարվեմ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Պատասխան: Ի վերջո, մի օր պետք է լինելու անել առանց տակդիրի: Դուք նշում եք, որ փորձել եք չհագցնել և ավելի վատ արդյունք է եղել: Դրանով ուզում եք ասել, որ այդ տարբերակն այլևս փորձել չեք կարող: Բայց իրականում այլ կերպ հնարավոր չէ երեխային սովորեցնել օգտվել գիշերանոթից, եթե շարունակեք պահել տակդիրներն ու այդկերպ բնական կարիքները հոգալ: Եթե երեխան հասկանում է, որ իր լացի և կամակորության արդյունքում դուք տեղի կտաք և տակդիրը կհագցնեք, նա այդպես էլ կվարվի: Բացի այդ, պետք է ուշադիր լինել և հասկանալ՝ կոնկրետ ինչը դուր չի գալիս երեխային, գուցե նա ուզում է մենակ լինել այդ ժամանակ, գուցե ունի ամոթի զգացում, գուցե իրեն անհարմար է այդ դիրքով անելը, գուցե դուր չի գալիս գիշերանոթը… Ամեն դեպքում, պետք է աստիճանաբար սովորեցնել գիշերանոթին և այդ ընթացքում անընդհատ խրախուսել ու գնահատել երեխայի ջանքերը: Այս դեպքերում կարելի է խոստանալ իր համար ցանկալի իրը, զբոսանքը, այցելությունը իր ցանկալի վայր և այլն:

Անուն: Աննա

Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 2 տարեկան, 1 ամսական է: Չի խոսում, բայց ուզում է խոսել, ես զգում եմ: Կա՞, արդյոք, բժշկի միջամտության կարիք: Ասեմ, որ շատ ագրեսիվ է պահում իրեն, նյարդային է, անընդհատ գոռում է, երբ ինչ-որ բան սրտով չէ: Խնդրում եմ, ասեք՝ ինչ անել եւ հնարավո՞ր է, արդյոք, տան պայմաններում օգնել երեխային չնյարդայնանալ: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Իրականում հստակ ասել, որ որևէ խնդիր չկա, կարելի է միայն երեխային տեսնելուց հետո: Խոսքի առաջացման տարիքը 1 տարեկանի շրջանն է: Եթե երեխան սկսել է բառեր ասել կամ դիմել որևէ մեկին թեկուզև իր համար հասկանալի ձևով, արձագանքում է իր անվանը, հասկանում է իրեն ուղղված խոսքը, ապա այս պահին կարելի է մի փոքր սպասել: Բայց եթե երեխան չի ասում որևէ բառ, չի կրկնում երկհնչյունները, կենդանիների ձայները, չի արձագանքում իր անվանը, չի հասկանում իրեն ուղղված խոսքը, ապա պետք է դիմել մասնագետի: Հատկապես եթե երեխան նկատելիորեն նյարդային է կամ ագրեսիվ, լարված, ապա պետք է ուշադիր լինել:

Անուն: Արմինե

Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Տղաս 2տ. 9 ամսական է: Արդեն 3 օր է՝ հաճախում է մանկապարտեզ, բայց չի կարողանում ընտելանալ, անընդհատ լացում է: Խնդրում եմ,  խորհուրդ տվեք՝ ինչպես ընտելացնեմ, որպեսզի չլացի, հաճույքով այցելի և խաղա իր հասակակիցների հետ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Նախքան մանկապարտեզ գնալը ցանկալի է երեխային տանել որոշ մանկական խմբակներ, որտեղ նա մայրիկից մի փոքր հեռու մնալու փորձ կունենա, ինչպես նաև կշփվի հասակակիցների հետ: Եթե նման փորձառություն չի եղել, պետք է օգնել երեխային անցնել այս շրջանը: Սկզբում կարճ ժամանակով թողեք բալիկին, ապա սկսեք աստիճանաբար ավելացնել ժամանակը: Սկզբում գուցե կարիք լինի, որ մի քիչ մնաք երեխայի հետ: Եթե այդ միջոցները չեն օգնում, պետք է մտածեք Ձեր և երեխայի հուզական կապի, երեխայի ինքնուրույնության և անկախության մասին: Այդ տարիքի երեխաները սովորաբար բնական ցանկություն են ունենում հասակակիցների հետ շփվելու: Եթե այդպիսի ցանկություն չկա, գուցե երեխան չափից դուրս երկչոտ է, կաշկանդված է: Ամեն դեպքում, պետք է աշխատեք երեխայի ինքնավստահության և առհասարակ վստահության վրա: Եթե երեխան ձեզանից չի ցանկանում բաժանվել, նշանակում է՝ նա վախենում է, որ գուցե չգաք այլևս իր հետևից, գուցե իրեն նեղացնեն և այլն:

Անուն: Անաստասիա

Հարց: Բարև ձեզ,  հարգելի հոգեբան: Տղաս 5 տարեկան է, աղջիկս՝ 3,5: Ամուսինս ուզում է 3 երեխա ունենալ, բայց ես առարկում եմ, ուզում եմ՝ երեխաներս 4-5 տարի էլ մեծանան: Արդյունքում՝ անախորժություն է ստեղծվում: Ինչպե՞ս վարվել:

Պատասխան: Հարգելի Անաստասիա, շատ հաճելի է լսել, որ ընտանիքում անախորժություն է առաջանում երեխաների քանակի վերաբերյալ: Թող ձեր խնդիրները միայն այդ տեսակ հարցերի շուրջ լինեն: Բայց ամեն դեպքում, երեխա ունենալը ստիպելու բան չէ: Պիտի բացատրեք Ձեր ամուսնուն, որ կնոջ օրգանիզմը ևս պիտի վերականգնվի և ամրանա երկրորդ երեխայից հետո: Բացի այդ, շատ կարևոր է ցանկությունը: Եթե այս պահին Դուք երրորդ բալիկ ունենալու ցանկություն չունեք, դա արդեն պատճառ է, որ հետաձգեք այդ քայլը: Սպասեք մինչև առաջանա մեծ ցանկություն, քանի որ այդ ցանկությունն է օգնում դիմանալ դժվարություններին, հաղթահարել դրանք: Եթե Ձեր ամուսինը պնդում է, մի վիրավորվեք, մի վիճեք այդ թեմայով, ուղղակի բացատրեք, որ Ձեզ մի փոքր ժամանակ է հարկավոր, որ Դուք դեմ չեք երրորդ բալիկ ունենալուն:  Բացի այդ, փորձեք մի քիչ կոմպրոմիսի գնալ, հնարավորության չափով:

Անուն: Նարե, Էդիտա

Հարց: Բարև ձեզ, հարգելի հոգեբան: Աղջիկս մի քանի օրից կդառնա 4 տարեկան, սակայն նա շատ է տարբերվում իր հասակակիցներից: Նրա ընդունակությունները շատ հակասական են, դժվարությամբ է ընկալում իրեն ուղղված որոշակի հարցեր, եթե դրանք փոքր-ինչ բարդ բառերով են կազմված: Շատ հաճախ իմ տված հարցին նա բոլորովին այլ պատասխան է տալիս (օրինակ՝ ի՞նչ ես կերել պարտեզում, նա կարող է պատասխանել՝ Նարե խաղում ես, առանց նույնիսկ քերականորեն դեմքերը տարբերելով): Բայց այս ամենին հակառակ նա 3 լեզուներով հաշվում է, զանազանում գույները (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Համակարգչով դիտածը որոշ ժամանակ անց կարող է նույնությամբ պատմել, անկախ տևողությունից, լեզվից ու բարդությունից: Ռուսերենին ավելի լավ է տիրապետում, քան հայերենին: Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում փոքրիկիս հետ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բնական բան եք ասում.  եթե 4 տարեկան երեխան սկսում է սովորել մի քանի լեզվով հաշվել կամ այնպիսի բաներ է սովորում, որ իրեն այդ պահին հարկավոր չէ, նա դա կանի մնացած անհրաժեշտ գիտելիքների հաշվին: Դադարեք երեխային ծանրաբեռնել ավելորդ գիտելիքով, նվազեցրեք անշունչ ինֆորմացիայի հոսքը: Տվյալ դեպքում տարբեր լեզուներով թվեր կամ գույներ իմանալն անշունչ գիտելիք է, քանի որ երեխան չի շփվում այդ լեզվով, չի խոսում այդ լեզվով խոսող մարդկանց հետ, հետևաբար իրեն տվյալ գիտելիքը պետք չէ: Բայց երեխան այս տարիքում ունի սոցիալական զարգացման կարիք, անհրաժեշտություն և հնարավորություն: Նա պիտի շփվի, հասկանա իրեն ուղղված հարցերը, կարողանա դրանց պատասխանել, պատմել իր ապրումների ու զգացմունքների մասին, ոչ թե համակարգչային խաղերի կամ տեղեկությունների մասին, որոնք որևէ հուզական արժեք չունեն իր համար: Իրեն հեքիաթներ պատմեք, խոսեք մեկ լեզվով, շփվեք երեխայի հետ, քիչ սովորեցրեք, շփվեք, շփվեք, շփվեք:

Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ երեխային տանել մեկ անգամ խորհրդատվության լոգոպեդի և հոգեբանի մոտ:

Անուն: Գոհար

Հարց: Բարև Ձեզ: Տղաս 1.5 տարեկան է: Վերջերս նկատել եմ, որ սկսել է կծել, խփել: Իր խաղալիքները չի տալիս ուրիշ երեխաների: Խնդրում եմ, ասեք՝ դա տարիքի՞ հետ է կապված, և ի՞նչ կարող եմ անել:  Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Շատ բուռն մի արձագանքեք, ուղղակի նրբորեն ցույց տվեք, որ ցավեցնում է, հանգիստ ասեք, որ չի կարելի այդպես վարվել: Բայց արձագանքելու չափը և ուժգնությունը պետք է զգաք՝ մնացած բաներին արձագանքելու հետ համեմատելով: Օրինակ՝ եթե երեխայի լավ արարքներին շատ բուռն եք արձագանքում, ապա սրանց ավելի մեղմ արձագանքեք: Չպիտի այնպես լինի, որ երեխան զարմանա ձեր արձագանքից կամ վախենա: Ուղղակի հանգիստ արգելեք կծելը: Իսկ խաղալիքները տալ-չտալն ավելի շատ տարիքային բան է, այդ շրջանում նրանց դժվար է կիսել սեփականությունը, անգամ ուրիշի խաղալիքները կարող են վերցնել՝ կարծելով, թե իրենցն է: Այս տարիքում երեխաները էգոցենտրիկ են, կարծում են, թե աշխարհն իրենց է պատկանում և ամեն բան իրենց հետ է կապված:

Անուն: Լիլիթ
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Ասացեք, խնդրեմ, ունեմ 1 տղա՝ 4 տարեկան, հաճախում է մանկապարտեզ 2 տարեկանից, ու ինձ անհանգստացնում է իր վարքը: Փոքր տարիքում կրծում էր եղունգները, շատ դժվարությամբ վերջ տվեց իր այդ սովորությանը: Հիմա էլ սկսել է կրծել շորերը, սպիտակեղենը, բարձի երեսները: Պատկերացնու՞մ եք՝ այնքան էր կրծել ու ծամել շապիկը, որ մեծ անցք էր բացվել: Շնորհակալություն

Պատասխան: Միանշանակ պետք է դիմել մանկական հոգեբանի: Երեխան բարձր տագնապայնություն ունի, որը կարող է հաղթահարվել հոգեբանական աշխատանքի արդյունքում: Դաստիարակչական մեթոդներն այստեղ անօգուտ են, ինչը տեսնում եք Դուք ինքներդ: Վարքագծի մի տեսակն ընդամենը փոխակերպվել է մեկ ուրիշի, բայց խնդիրը չի լուծվել:

Անուն: Աննա

Հարց: Վերջերս ինձ տրամադրել էի, որ ես հղի եմ, շատ էի վախենում անցանկալի հղիությունից: Նշեմ,  որ ամուսնացած չեմ: Այդ միտքն ինձ այնքան էր տանջում,  որ երկու անգամ այցելեցի բժշկի, այդ փաստը հերքվեց, սակայն չեմ կարողանում հանգստանալ, և թվում է, թե բժիշկը սխալվել է,  բոլորը սխալ են: Ինչպե՞ս կարող եմ ազատվել այդ մտքից:

Պատասխան: Պետք է ազատվել ոչ թե այդ մտքից, այլ հղիանալու վախից: Եթե դա Ձեզ համար սարսափելի, անընդունելի բան է, ապա ձեռնարկեք հղիությունից պաշտպանվելու հուսալի միջոցառումներ: Այստեղ կարող են լինել նաև այլ հոգեբանական խնդիրներ, որոնց մասին այսպես խոսելը սխալ է: Հնարավոր է՝ կա մեղքի զգացում, անվստահություն զուգընկերոջ նկատմամբ, վախ շրջապատի արձագանքից ու նման բնույթի այլ խնդիրներ: Անհրաժեշտության դեպքում դիմեք հոգեբանի խորհրդատվությանը: