«Փոքրիկս մանկապարտեզում միզապահության հետ կապված խնդիր ունի. ո՞րն է պատճառը». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Նվարդ
Հարց: Բարև ձեզ, ես ունեմ 3 երեխա՝ 1 տղա 2 աղջիկ. նորմալ երեխաներ են, բայց ունեն շփվելու խնդիր մանկապարտեզում և այլ վայրերում: Մենք բաց ընտանիք ենք և ընկերների պակաս չունենք: Խնդրում եմ, օգնեք գտնել այս կարևոր խնդրի լուծման ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Նվարդ
Հարց: Բարև ձեզ, ես ունեմ 3 երեխա՝ 1 տղա 2 աղջիկ. նորմալ երեխաներ են, բայց ունեն շփվելու խնդիր մանկապարտեզում և այլ վայրերում: Մենք բաց ընտանիք ենք և ընկերների պակաս չունենք: Խնդրում եմ, օգնեք գտնել այս կարևոր խնդրի լուծման ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն

 

Պատասխան: Եթե 3 երեխաներն էլ ունեն նմանատիպ խնդիրներ, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը ընտանիքում երեխաների նկատմամբ վերաբերմունքն է: Այլապես նույն դժվարությունը չէին ունենա 3-ն էլ: Բայց քանի դեռ պարզ չէ՝ շփման կոնկրետ ինչպիսի խնդիր ունեն, հնարավոր չէ լուծում առաջարկել: Շփման խնդիր ասվածը շատ լայն հասկացություն է: Չկա մեկ պատրաստի լուծում շփման բոլոր խնդիրների համար, երեխաների բոլոր տարիքային խմբերի համար:

Անուն: Եվա
Հարց: Բարև ձեզ:  Կասեք՝ ո՞ր տարիքից է ճիշտ մանկապարտեզ հաճախելը: Աղջիկս 2.2 տարեկան է.  մի քանի օր է, ինչ հաճախում է, բայց չուզելով:

Պատասխան: Պարտեզ հաճախելու տարիքը կամ պահը կախված է տարբեր հանգամանքներից: Դա կախված է երեխայի զարգացումից, ընտանեկան պայմաններից, իրավիճակից, պարտեզի մանկավարժական մոտեցումներից, երեխայի ցանկությունից և այլն: Ընդունված է, որ մինչև 3 տարեկանը երեխան կարող է զարգանալ միայն մայրիկի և նեղ ընտանեկան միջավայրում: Սկսած 3 տարեկանից՝ սովորաբար երեխաները հետաքրքվում են իրենց հասակակիցներով և շփման կարիք են ունենում: Այդ ընթացքում ավելի հեշտ է լինում մորից ժամանակավոր բաժանումը: Սակայն դեպքերն ու իրավիճակները տարբեր են լինում: Երեխան դժվար է հաճախում պարտեզ, եթե ունի ինքնուրույնության ցածր մակարդակ, զարգացման դժվարություններ, տանը փոքրիկ է ծնվել, մայրն ունի երեխայից բաժանվելու վախ և այլն: 2 տարեկանում դժվարությամբ պարտեզ հաճախելը նորմալ է:

 

Անուն: Անուշ
Հարց: Երեխաս 11 ամսական է: Ամբողջ գիշեր ծծակի նման չի թողնում կուրծքս: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն

Պատասխան. Հարցը պետք է ուղղել մանկաբույժին կամ կրծքով կերակրման խորհրդատուներին:

 

Անուն: Ռուզաննա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան, խնդրում եմ օգնել, պատասխանել երեխայիս հետ կապված հարցերին: Փոքրիկս երկու տարեկան, չորս ամսական է, ունի շատ տարօրինակ պահվածք, դեռ մի քանի ամիս առաջ եմ նկատել, բայց կարևորություն չեմ տվել: Իսկ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ դարձել է անկառավարելի: Նա ունի սուր արտահայտված կապրիզ, օրվա ընթացքում մի քանի անգամ ամենաչնչին պատճառով նա ճչում է շատ բարձր ձայնով, հարվածում է բոլորին ու նաեւ ինձ: Ասում է՝  «փիս մամա, կորի, ապուշ»: Նույնը լինում է նաև գիշերը, այդ ամբողջը տևում է 2-4 ժամ: Մենք ընտանիքով Ռուսաստանի Դաշնությունում ենք: Խնդրում եմ, օգնեք, ինչպե՞ս հանգստացնեմ երեխայիս: Ինտերնետում կարդացել եմ, որ դա մանկական նեւրոզ է, ի՞նչ դեղեր խորհուրդ կտաք տալ, ի՞նչ անել: Նախապես շնորհակալ եմ, խնդրում եմ օգնեք:

Պատասխան: Եթե նկատում եք, որ ինչ-որ պահից սկսած է փոխվել երեխայի վարքը, փորձեք հիշել, թե ինչն է փոխվել այդ ժամանակահատվածում: Փորձեք օրվա ընթացքում հստակ սահմաններ դնել և պահել դրանք: Դադարեք ծառայել երեխային և սկսեք լինել ծնող, որն ունի նաև պահանջներ և սեփական ցանկություններ: Մի կատարեք երեխայի ամեն փոքրիկ քմահաճույք: Ունեցեք սահմանված կանոններ, սակայն մանրուքները տարբերեք մեծ խնդիրներից: Մանուկ հասակում երեխաները կարող են ուղղակի փորձել մեծերին՝ իրենց իմացած ցանկացած բառ ասելով: Պետք չէ վախենալ, որ երեխան կմեծանա ու էլի բոլորին կասի ապուշ կամ փիս: Բնական է, որ այդ վարքը չի շարունակվի անվերջ և պետք չէ հիմա վախենալ ամեն ասված տառից կամ խոսքից: Երբեմն անտեսեք այն, ինչը հնարավոր է: Մի արձագանքեք ամեն ասված արտահայտությանը:

 

Անուն: Լուսինե
Հարց: Աղջիկս 3 տարեկան է, 1 ամիս է՝ հաճախում է մանկապարտեզ: Երբեմն անմիզապահություն է լինում: Ի՞նչը կարող է առաջացնել անմիզապահություն:

Պատասխան: Ուշադիր եղեք, փորձեք հետևել և որևէ օրինաչափություն գտնել: Եթե անմիզապահությունն օրգանական որևէ հիմք չունի, ապա երեխայի հոգեբանական դիսկոմֆորտի արդյունք է: Բայց նման բան կարող է լինել միայն լուրջ սթրեսի կամ բավական լուրջ խնդիրների հետևանքով: Փորձեք պարտեզում պարզել՝ ինչպիսի մթնոլորտ է: Գուցե երեխան վախենում է ինչ-որ բանից: Հնարավոր է անգամ, որ երեխայի նկատմամբ շատ ուշադիր են, սակայն մեկ այլ երեխայի ուժեղ պատժեն կամ քնելիս վախեցնեն, սպառնան, որ գայլը կգա, կամ նման մեկ այլ բան ասեն, ու երեխան սթրես տանի: