Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
Անուն: Գևորգ
Հարց: Բարև Ձեզ, ձեռնաշարժությամբ զբաղվելուց հետո դեմքիս շրջանում բշտիկներ են առաջանում, իսկ նորմալ սեռական հարաբերությունից հետո՝ ոչ: Ի՞նչն է պատճառը:
Պատասխան: Ըստ էության, մաստուրբացիան ֆիզիոլոգիական մեխանիզմների տեսանկյունից սեռական հարաբերության փոխարինող սեռական կյանքի ձևն է: Այն բոլոր ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք կատարվում են տղամարդու օրգանիզմում սեռական հարաբերության ժամանակ, կատարվում են նաև մաստուրբացիայի դեպքում: Ուստի, չեմ կարող գտնել որևէ բժշկական հիմնավորում, որ կարող է բացատրել Ձեզ մոտ տեղի ունեցող երևույթները:
Անուն: Արմեն
Հարց: Բարև Ձեզ, արդեն մի քանի անգամ առնանդամիս վրա հեղուկով լի պղպջակներ են առաջանում (հերպես երևի) և մինչև անհետանալը սուր ցավեր և քոր եմ զգում: Ի՞նչի հետևանք կարող է լինել:
Պատասխան: Անկասկած ձեր նկարագրած խնդիրը ախտաբանական է, և պետք է անցնել հետազոտություն՝ միկրոբի կամ վիրուսի իդենտիֆիկացիայի համար: Հերպես վարակը այնպիսի մաշկավեներաբանական խնդիր է, որը կարող է ունենալ նաև կլինիկական այլ դրսևորումներ, ուստի պահանջում է հետևողական մոտեցում:
Անուն: Լուսինե
Հարց: Բարև ձեզ: Իմ աղջիկը 7 տարեկան է: Արդեն մոտավորապես 7-8 ամիս նա անընդհատ ձեռքով հպվում է սեռական օրգանին: Փոքրիկի հետ խոսել եմ, պատճառը չեմ կարողանում հասկանալ: Դա արդեն հաճախակի է դարձել՝ օրվա ընթացքում մի քանի անգամ: Նրա պահվածքն արդեն անհանգստացնում է ինձ: Խնդրում եմ՝ օգնեք ինձ:
Պատասխան: Այս երևույթը սեքսոլոգիայում նկարագրվում է որպես մանկական մինչպուբերտատային պսևդոմաստուրբացիա: Տարբեր պատճառներով պայմանավորված՝ երեխան ձեռք տալով կամ որևէ տեղ հպվելով սեռական օրգաններին՝ ունենում է հաճելի զգացողություններ, որոնք կարող են պաթոլոգիական ֆիքսացիա առաջացնել և պատճառ դառնալ անընդհատ կրկնվելուն: Խորհուրդ է տրվում ծնողներին շեղել երեխային, չպատժել, չթողնել մենակ, ծանրաբեռնել ֆիզիկական ակտիվությամբ, բացառել բորբոքային կամ հելմինտային խնդիրները: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է դիմել սեքսոլոգիական խորհրդատվության՝առավել մանրակրկիտ խնդիրն ուսումնասիրելու համար:
Անուն: Լիլի
Հարց: Բարև Ձեզ, արդեն 4 ամիս ամուսնացած եմ, երկու ամիս սեռական հարաբերությունների ընթացքում պաշտպանվել ենք, հնարավո՞ր է՝ դա չհղիանալու պատճառ հանդիսանա: Նշեմ, որ հակաբեղմնավորիչ չեմ ընդունել:
Պատասխան: Բեղմնականխման մեթոդների կիրառումը / առավելևս նշում եք, որ չեք կիրառել հորմոնալ հակաբեղմնավորիչներ / չի կարող անպղության պատճառ հանդիսանալ:
Անուն: Մանե
Հարց: Հնարավո՞ր է, արդյոք, անալ սեքսի ժամանակ կույս աղջիկը հղիանա։
Պատասխան:Եթե բացառվում է սերմնահեղուկի մուտքը հեշտոց, ապա անհնար է արձանագրվի հղիություն:
Անուն: Ջուլիա
Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է, արդյոք, վիտամին D-ի ցածր մակարդակի արդյունքում սերմնաբջիջների շարժունակությունը լինի 15 տոկոս, կամ էլ վիտամին D-ի ցածր մակարդակի հետևանքով առաջանա հորմոնալ շեղում (տեստեստերոն, պրոլակտին):
Պատասխան: Ներկայում ժամանակակից բժշկագիտությունը շատ է կարևորում վիտամին D-ի դերը օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսներում, այդ թվում՝ նաև սեռական ֆունկցիայի, հորմոնալ կարգավորման և վերարտադրողական առողջության խնդիրների դեպքում: Ուստի, անհրաժեշտ է բժշկի հսկողությամբ և ցուցումներով կարգավորել վիտ. D-ի մակարդակը, եթե առկա է այդպիսի խնդիր:
Անուն: անանուն
Հարց: Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ, իմ կարծիքով՝ ունեմ խնդիր. ես շատ վաղ տարիքից զբաղվել եմ ձեռնաշարժությամբ: Սեռական հարաբերություն եմ ունեցել 4 անգամ, ու բոլորն էլ ընթացել են արաջին անգամվա նման. հարաբերության ընթացքում առնանդամս թուլանում է մինչև վերջ և հետագա էրեկցիան մեծ դժվարությամբ է տեղի ունենում, ինչպես նաև սերմնաժայթքումն ուշանում է, ավելացնեմ նաև, որ արդեն 2 տարի է՝ շատ հաճախ եմ զբաղվում ձեռնաշարժությամբ՝ օրը 3 անգամ: Ինչի՞ հետևանք է սա, արդյո՞ք խնդիրը լուրջ է և ինչպե՞ս կանխեմ: Շնորհակալություն:
Պատասխան: Խնդիրը սեքսոլոգիայում բնորոշվում է որպես ուշացած սերմնաժայթքում / ejaculation tarda / , ինչպես նաև առկա է էրեկցիայի խանգարում: Այն Ձեր պարագայում կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տևական և հաճախակի մաստուրբացիաների հետևանքով առնանդամի ընկալիչները / նաև ձեր հոգեէմոցիոնալ տրամադրվածությունը / հարմարվել են բացառապես ձեռքային ստիմուլյացիային և բավարար գրգռում չեն ապահովում հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ: Դա պահանջում է հետևողական սեքսոլոգիական բուժում, ինչն ունի ոչ միայն սեքսուալ ֆունկցիայի վերականգնման նպատակ, այլև՝ ռեպրոդուկտիվ: