«Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում կարո՞ղ է հղիություն արձանագրվել»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն` Նելլի

Հարց՝ Բարև Ձեզ։ Հարգելի՛ բժիշկ, դաշտանից մեկ շաբաթ առաջ օգտագործել եմ հղիության թեստ, որը թույլ դրական է ցույց տվել: Այժմ ունեմ հաճախակի միզարձակում, որովայնս փքված է և հոգնածություն եմ զգում: Կարո՞ղ է իսկապես հղիություն լինել:

Պատասխան՝ Նշված դրսևորումները կարող են լինել նաև հղիության ընթացքում, սակայն դրանք չեն համարվում հավաստի նշաններ: Նորից կրկնեք թեստը կամ հանձնեք ԽԳ։

  

Անուն` Սեդա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ինձ մոտ պրոգեստերոն հորմոնի մակարդակը ցածր է, խմում եմ «Դյուֆաստոն»: Հնարավո՞ր է՝ դեղամիջոցը խոչընդոտի հղիության «գրանցմանը»: 

Պատասխան՝  Հակառակը՝ պրոգեստերոնը հղիության հարթ ընթացքի գրավականներից է։ 

 

Անուն` Արուսյակ

Հարց՝ Կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կատարեմ սեռի հաշվարկ: Ուզում եմ տղա ունենալ:

Պատասխան՝ Սեռը հստակ պլանավորել հնարավոր է միայն արտամարմնային բեղմնավորմամբ։

 

 

Անուն` Ոսկեհատ

Հարց՝ Բարև Ձեզ։ Հղիության թեստը ցույց է տվել դրական, բայց դաշտանը սկսվել է: Դաշտանի ավարտից հետո էլ օգտագործել եմ հղիության թեստ, որը կրկին դրական արդյունք է ունեցել: Այսօր նույնիսկ երեխայի խաղ եմ զգացել: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարող է սա պատահել: Հղիության ընթացքում ե՞րբ է մայրիկը սկսում զգալ երեխայի շարժումները:

Պատասխան՝ Դիմե՛ք բժշկի, անցեք սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ շարժը կարող եք զգալ մոտավորապես հղիության 18-րդ շաբաթվանից։

 

 

Անուն` Սյուզաննա

Հարց՝ Ինձ մոտ առկա են որովայնի փքվածություն, ծակոց աչքերում և սեղմվածության զգացում պորտի շրջանում: Ինչպե՞ս հասկանամ պատճառը:

Պատասխան՝ Պետք է դիմեք բժշկի։ Պարտադիր չէ, որ նշված գանգատներն ունենան գինեկոլոգիական ծագում: Հնարավոր է՝ ունեք գաստրոէնտերոլոգի կարիք։

 

 

Անուն` Ալլա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հարցս հետևյալն է. դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում կարո՞ղ է հղիություն արձանագրվել: Նշեմ, որ նոր ամսում դաշտանն ուշացել է 4-5 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝  Հավանականություն կա, սակայն փոքր է:

 

 

Անուն` Նվարդ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երկրորդ հղիությունը վիժել եմ վեց շաբաթական ժամկետում: Ե՞րբ կարող ենք հղիություն պլանավորել:

Պատասխան՝  Նախ՝ համոզվեք, որ առողջական խնդիրներ չկան և հաջորդ հղիության վրա չեն ունենա նույն ազդեցությունը։

 

 

Անուն` Նարինե

Հարց՝ Բարև Ձեզ:  Ամուսնացած եմ 1 տարի 3 ամիս, դեռ չեմ հղիացել, ունեմ ձվարանի պոլիկիստոզ: Օգոտոսի 30-ին եղել է վերջին դաշտանը, 3 ամիս է՝ ունեմ ցիկլի խանգարումներ: Այս ամիս արդեն 11 օր է, որ ուշանում է: Հղիության թեստը բացասական է ցույց տալիս, 4 օր առաջ անցել եմ սոնոգրաֆիկ հետազոտություն: Արգանդում կար 0.5 չափի մի կետ, նշել են՝ կամ հղիություն է, կամ լորձաթաղանթ: Կխնդրեմ ասել՝ պոլիկիստոզից առաջ եկած հորմոնալ խնդիրների պատճառով կարո՞ղ է լինել բացասական արդյունք այն դեպքում, երբ կա հղիություն: 

Պատասխան՝ Ըստ Ձեր նշած տվյալների՝ հղիության փաստը դեռ հաստատված չէ։ Համոզվելու համար հանձնեք ԽԳ։