«Կրծքով կերակրող մայրիկ եմ, դաշտանի բացակայության դեպքում հնարավո՞ր է հղիություն»․ պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն` Մարիամ

Հարց` Բարև Ձեզ: Հարգելի՛  բժիշկ, մոտ մեկ ամիս առաջ տեղադրել եմ ներարգանդային պարույր: Դրանից հետո եղել է դաշտան, որի ընթացքում արյունային արտադրությունը սովորականից առատ էր: Անընդհատ զգում եմ ծակող բնույթի ցավեր ու անհարմարություն։ Ինչու՞ և ի՞նչ անել: Հավելեմ, որ տեղադրումից հետո սեռական հարաբերություն չի եղել:

Պատասխան՝ Նման դրսևորումները կարող են լինել նորմալ, եթե նկատվեն մինչև երրորդ ամիսը: Մյուս դեպքերում դիմեք բժշկի, հատկապես եթե  սեռական հարաբերության ժամանակ զգաք անհարմարավետություն: 

 

Անուն` Լիլիթ

Հարց` Վեց ամիս առաջ ծննդաբերել եմ, մինչ օրս դաշտան չեմ տեսել: Արդյո՞ք որևէ խնդիր կա:

Պատասխան՝ Եթե կրծքով կերակրող եք, ապա խնդիր չկա: 

 

Անուն` Անի

Հարց` Բարև Ձեզ: Դաշտան եղել է փետրվարի սկզբին, տևել է 4 օր, ամեն ինչ կարգին էր: Բայց հիմա առկա է շագանակագույն արտադրություն: Ինչո՞վ դա պայմանավորված կլինի:

Պատասխան՝ Տարբեր պատճառներ կարող են լինել, խորհուրդ կտամ անցնել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

 

Անուն` Անի

Հարց` Հարգելի՛  բժիշկ, դաշտանի բացակայության դեպքում հնարավո՞ր է հղիություն: Նշեմ՝ կրծքով կերակրող մայրիկ եմ, բալիկս արդեն վեց ամսական է և ցիկլս դեռ չի վերսկսվել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝ Այո՛, հնարավոր է: 

 

Անուն` Վարդուհի

Հարց` Բարև Ձեզ: 3,5 տարի առաջ տեղադրել եմ ՆԱՊ, այդ տարիների ընթացքում երկու անգամ ստացել եմ բուժում` բորբոքման համար: Հիմա նկատում եմ շագանակագույն արտադրություն, իսկ դեմքիս առաջացել են կորյակներ: Խնդրում եմ ասել` ինչի՞ց կարող են լինել:

Պատասխան՝  Առաջին հերթին պետք է պարզել ՆԱՊ-ի կարգավիճակը, դիրքը, կատարել սոնոգրաֆիա: Մաշկի հետ կապված խնդիրները նույնպես կարող են ունենալ մի քանի աղբյուր՝ հորմոնալ, աղիքային, բակտերալ և այլն: Դա ևս պետք է հստակ ախտորոշել: 

 

Անուն` Մարիամ

Հարց` Բարև Ձեզ, մոտ 20 օր առաջ տեղադրել են ՆԱՊ: Սկզբում բողոքներ չկային, սակայն 3 օր կլինի` ձախ ձվարանի շրջանում ցավ եմ զգում, մի փոքր մրսելուց հետո ցավն ուժեղանում է։ Կարծես դաշտանային ցավեր լինեն, զուգակցվում են քիչ քանակի արյունային արտադրությամբ։ Ինչպե՞ս վարվել: Եթե կարևոր է, նշեմ` ծննդաբերություն ունեցել եմ բնական ճանապարհով։ Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Ցավերը կարող են կապ չունենալ ներարգանդային պարույրի հետ: Դիմեք բժշկի, անցեք փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն: 

 

Անուն` Շողեր

Հարց` Հղիության 26 շաբաթական ժամկետում կարելի՞ է «Կլեկսան» ներարկել, եթե ֆիբրինոգենի ցուցանիշը 577 է:

Պատասխան՝  Կոնկրետ սա ճիշտ կլինի քննարկել արյունաբանի հետ: