«Աղջիկս երկու տարեկան է, բայց ինձ մայրիկ չի ասում․ դա ինչի՞ հետ է կապված»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։  

Անուն՝ Մարգարիտա

Հարց՝ Բարև Ձեզ: Փոքրիկս վեց ամսական է, ես դեռ չեմ աշխատում, խնամում եմ նրան: Փորձում եմ բալիկիս յուրաքանչյու օրը լցնել նորություններով: Ունեմ շատ լավ ամուսին, սակայն հոգեպես չեմ կարողանում հանգիստ մնալ: Մտածում եմ՝  չեմ աշխատում և ամուսնուս չեմ աջակցում ֆինանսապես, ինձ թվում է՝  հետ եմ մնում իմ մասնագիտական ոլորտից: Բայց մյուս կողմից՝ բալիկիս դաստիարակության ամենակարևոր շրջանն է և չեմ կարողանում վստահել որևէ մեկին: Ինչպե՞ս վարվել: Թողնե՞լ փոքրիկին տատիկի մոտ, թե՞ ոչ: Ո՞ր տարիքում է ճիշտ երեխային մանկապարտեզ տանել:

Պատասխան՝ Բավականին լուրջ հարց է: Իհարկե, անվիճելի է, որ երեխայի  համար լավագույն տարբերակը մայրիկի հետ լինելն է: Սակայն կան մի շարք հանգամանքներ(ֆինանսական դժվարություններ, մայրիկի նյարդային հոգեվիճակ), որոնք նույնպես բացասաբար են անդրադառնում երեխայի զարգացման ու անձի ձևավորման վրա: Այս պարագայում դուք պետք է որոշեք` որն է ավելի շատ ազդելու ձեզ վրա: Եթե աշխատելով և երեխային տատիկի խնամքին հանձնելով` ձեզ ավելի ինքնավստահ ու ամուր կզգաք, կհասցնեք լուծել խնդիրները և կկարողանաք բավարար չափով ուշադրություն տրամադրել փոքրիկին, ապա այդպես արեք: Եթե տանը մնալով, երեխային խնամելով պիտի ձեռք բերեք տարաբնույթ խնդիրներ, ապա դա երեխային չի օգնի: Ամեն դեպքում, հիշե՛ք, որ երեխային առողջ ու խաղաղ մայրիկ է պետք: Շփման տևողությունն այդքան կարևոր չէ, որքան շփման որակը:

  

Անուն՝ Կարինե

Հարց՝ Աղջիկս 4 տարեկան է: Նա չի ցանկանում սովորել, կրկնել բանաստեղծություններ,  հաճախել կրթական համալիրներ: Ի՞նչ անել, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝ Բանաստեղծություններ կրկնելը նրան կարող է ուղղակի ձանձրալի և անիմաստ թվալ: Երեխաներն այս տարիքում ինքնաբուխ են,  նրանց ստիպողաբար սովորեցնելն ուղղակի անիմաստ է, անօգուտ: Այլ բան է, որ դուք նրա հետ միասին երգեք, երգելը նրան հաճելի լինի, և նա սովորի երգը: Կամ բանաստեղծությունը կարդաք մի քանի անգամ, ու նա սովորի, մեկ անգամ իր ցանկությամբ ասի, շարունակի այն կետից, որտեղ դադարեցրել եք: Այստեղ առանձնակի խնդիր չկա, մեթոդն է պետք փոխել: Իսկ կրթական համալիր չհաճախելու խնդիրը կարող է բազում պատճառներ ունենալ` սկսած համալիրի որակից ու մասնագիտական անձնակազմից, վերջացրած երեխայի հոգեբանական խնդիրներով:

  

Անուն՝ Աննա 

Հարց՝ Աղջիկս երկու տարեկան է, շատ աշխույժ երեխա է, ինձ հետ կապված է, բայց ինձ մայրիկ չի ասում: Դա ինչի՞ հետ է կապված:

Պատասխան՝ Երեխաները խոսքը յուրացնում են մեծերից լսելով: Եթե որևէ մեկը ձեզ «մայրիկ» չի ասում, դիմում են ձեզ ձեր անունով, հնարավոր է՝ երեխան ուղղակի քիչ է լսում այդ բառը, հետևաբար նաև քիչ հնարավորությւոն ունի յուրացնելու: Կարծում եմ` պիտի ավելի հանգիստ մոտենաք տվյալ հանգամանքին, մայրիկ կոչելու կամ չկոչելու փաստը կապ չունի ձեր նկատմամբ երեխայի կապվածության ու սիրո հետ:

 

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Փոքրիկս երեք տարեկան է: Երբ նրա վրա բարկանում ենք,  անմիջապես վազում է դեպի մեզ և սկսում անընդհատ համբուրել: Ինչո՞վ կբացատրեք այս երևույթը: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝ Դա փոքրիկի միջոցն է ձեր բարկությունը մեղմելու, ուշադրությունը շեղելու: Երեխաներ կան, որ սկսում են ծամածռվել կամ ծիծաղելի դեմք ընդունել, որպեսզի ծնողների տրամադրությունը փոխվի: Անհանգստանալու բան չկա: Փորձեք այնպես անել, որ ձեր բարկությունը և արգելքները վախի ազդեցություն չունենան երեխայի վրա, ինչպես նաև մի խրախուսեք այդ վարքը: Երբ մոտենում է ու համբուրում, անմիջապես մի շեղվեք և մոռացեք բարկության առարկան, հանգիստ ու համբերատար բացատրեք բալիկին, թե ինչ եք իրենից ակնկալում: Այնպես արեք, որ երեխան հասկանա՝ ինչ եք իրենից ուզում: Այս դեպքում նա կարծես վախենում է ձեր բարկությունից, բայց չի հասկանում, թե ինչի համար եք բարկանում:

  

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Փոքրիկս մեկ տարեկան է, խելոք խաղում է, հանգիստ քնում, սակայն ուտելուց հրաժարվում է: Դիմել ենք տարբեր միջոցների` երեխայի ախորժակը բացելու համար, բայց ապարդյուն: Հրաժարվում է բոլոր տեսակի ճաշերից և խյուսերից: Կերակրում եմ ստիպելով: Կաթնամթերքից չի հրաժարվում, ուտում է յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր, մածուն, կաթ: Ինչպե՞ս գործել նման իրավիճակում:

Պատասխան՝ Երեխային ստիպելով կերակրել պետք չէ: Դրանից անհրաժեշտ է խուսափել, որովհետև դա շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ երեխայի հոգեկան առողջության համար: Եթե առողջական որևէ խնդիր չունի, հնարավոր է, որ կամակորության մի ձև է: Նման վարքն էլ ամրապնդվում է, եթե շարունակաբար ստիպելով կերակրում են երեխային: Պետք է տեսնել` արդյո՞ք երեխան նիհարում է, թե՞ ոչ: Եթե չի նիհարում, նշանակում է` իր կերածը իրեն բավարարում է: Համենայն դեպս, պետք է բժշկական տեսակետը հաշվի առնել այստեղ: Երեխաները սնվելու հարցում կամակոր են դառնում, երբ ծնողները շատ են լարվում երեխայի ուտելու համար, չափից շատ են հետևում բալիկի ռեժիմին, սննդի որոշակի չափին ու ամեն անգամ քիչ կամ շատ ուտելու դեպքում մեծ սթրես են տանում: Հարկավոր է հասկանալ խնդիրը` մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրելով ոչ միայն երեխային, այլև ծնողներին և նրանց վարքը: