«Երեխաս ավելի շատ կապված է տատիկի հետ, իսկ իմ մեջ այդ պատճառով խանդ է առաջացել․ ի՞նչ անեմ»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը։

 

Անուն՝ Արևիկ

Հարց՝ Բարև Ձեզ: 21 տարեկան եմ ու յոթ ամիս կլինի, ինչ ամուսնացել եմ։ Ամուսնանալուց հետո փոփոխություններ եմ նկատել իմ մեջ: Նյարդերս կարծես «չենթարկվեն», հարազատներիս յուրաքանչյուր խոսքն ինձ նյարդայնացնում է: Ամբողջ օրը տրամադրություն չեմ ունենում, իսկ գիշերները չեմ կարողանում քնել: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչպե՞ս վարվեմ: 

Պատասխան՝ Նման դեպքերում պետք է ստանալ հոգեբանի, էնդոկրինոլոգի, գուցե նաև նյարդաբանի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում անցնել հետազոտություն, հասկանալ՝ ինչն է պատճառը: Եթե ձեր կյանքում որևէ պատճառ չեք տեսնում այդ նյարդային վիճակի առաջացման համար, ապա առավել ևս պետք է դիմել մասնագետների օգնությանը:

 

 

 

 

Անուն՝ Գոհար

Հարց՝ Ունեմ ութ ամսական երեխա: Վերջերս նկատել եմ, որ երեխաս ավելի շատ տատիկի հետ է կապված: Իմ մեջ մայրական խանդ կա: Խնդրում եմ ասել, թե  որտեղ կարող է լինել բացթողումս, ինչպե՞ս շտկեմ իրավիճակը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Սովորաբար առաջնեկի ծնվելուց հետո մայրիկները շատ լարված, անհանգիստ ու անինքնավստահ են լինում: Տատիկները, բնականաբար, ավելի փորձառու և համարձակ են: Հնարավոր է, որ այս հանգամանքը նաև շահարկվում է տան անդամների կողմից, որն էլ ձեզ ավելի է լարում: Այդ անհանգստությունը երեխաները զգում են և, սովորաբար, նրանք իրենց ավելի ուժեղ ու ապահով են զգում մեծահասակաների մոտ: Պետք է աշխատեք հաղթահարել ձեր անվստահությունը և տագնապը:

 

 

 

 

Անուն՝ Հռիփսիմե

Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, տղաս 7 տարեկան է, ամաչկոտ է ու դժվարանում է շփվելու,  ընկերներ ձեռք բերելու հարցում: Բակ չի իջնում խաղալու, իսկ իջնելու դեպքում չի խաղում մյուս երեխաների հետ, եթե նույնիսկ ինքը չի անում առաջին քայլը: Ես և ամուսինս շփվող ենք,  ցավ եմ ապրում բալիկիս միայնակ տեսնելիս: Ասեմ, որ տղաս տանը լինում է ագրեսիվ ու ալարկոտ: Ի՞նչ կարելի է անել, և ինչպե՞ս աշխատեմ երեխայիս հետ: Նշեմ, որ առաջին երեխաս է,  երկրորդ բալիկս ծնվել է վերջերս:

Պատասխան՝ Եթե երեխան արդեն յոթ տարեկան է և մինչ օրս նրա վարքը չի փոխվել, չեք կարողացել հասկանալ՝ ինչն է ազդել նրա վարքի վրա, ապա պետք է դիմել մասնագետների օգնությանը: Ավելի հավանական է, որ նա ունի հոգեբանական խնդիրներ: Տեսե՛ք՝ երբեմն մեր դեմքին կարող են կարմիր բծեր առաջանալ: Մենք կնկատենք այդ բծերը, կփորձենք տարբեր քսուքներով անցկացնել, եթե ոչինչ չօգնի, գլխի կընկնենք՝ պատճառներն ավելի խորն են և կդիմենք բժշկի: Սա էլ նմանատիպ իրավիճակ է․ դուք տեսնում եք երեխայի խնդրի միայն արտաքին դրսևորումները, փորձում եք փոխել դրանք, բայց ապարդյուն: Նշանակում է՝ պատճառներն այլ տեղում են ու անտեսանելի ձեզ համար:

 

 

 

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Տղաս չորս տարեկան է և շատ ագրեսիվ է իրեն դրսևորում: Արդեն ծեծն էլ չի ազդում, չնայած լավ ու բարի ձևով էլ եմ բացատրում, բայց, միևնույն է, մեծ և փոքր չի ճանաչում: Ի՞նչ լուծում տալ իրավիճակին:

Պատասխան՝ Ծեծն ագրեսիվ երեխաներին ավելի ագրեսիվ է դարձնում: Հետևաբար դա ձեզ չի օգնի այս պարագայում: Եթե տվյալ տարիքի երեխան դարձել է ագրեսիվ, նշանակում է՝ իր կյանքում որևէ բան է փոխվել դեպի վատը: Փորձեք հասկանալ՝ ինչ է կատարվում երեխայի հետ, ինչ իրավիճակում է նա գտնվում, ինչն է իր վրա ներկա պահին բացասաբար ազդում, հիշեք, թե երբ է սկսվել ամենը: Եթե տեսնեք ագրեսիվության խորացում, բարդացում, ապա դիմեք մանկական հոգեբանի:

 

 

 

 

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս երկու տարեկան է և լիովին կառավառւմ է իր  պահանջները, սակայն կատեգորիկ հրաժարվում է օգտվել գիշերանոթից: Մուլտեր դիտելիս հաճույքով նստում է, երբեմն ինքն է բերում, որ  նստի: Բայց այդ ամենը անում է միայն խաղալու նպատակով, երբ պետք է նստի կարիքները հոգալու համար, աղմկում է, փախչում, նետում գիշերանոթը, մտնում որևէ անկյուն կամ ձեռքերով փակում աչքերը: Ի՞նչ կասեք:

Պատասխան՝ Գիշերանոթից օգտվելը երեխայի համար պետք է խաղ և տոն դարձնել սկզբնական շրջանում: Երբեմն երեխաներ են լինում, որ բնական չափազանցված ամոթի զգացում են ունենում ու չեն կարողանում այդ ամենն անել շատ մարդկանց ներկայությամբ: Սկզբում խրախուսեք և շահագրգռեք ինչ-որ ձևով: Ասեք, որ կտանեք իրեն խաղահրապարակ կամ կոնֆետ կգնեք: Ամեն կերպ հասեք նրան, որ նստի և անի գիշերանոթի մեջ: Դրանից հետո պարտադիր պետք է շատ ուրախանաք, գովեք նրան, գրկեք ու անեք խոստացվածը: Ուշացնել պետք չէ, մի սպասեք, որ նա ինքնուրույն կսովորի։ Սկզբում պետք է մի փոքր մղել երեխային: