«Հավելյալ սննդին անցնելուց հետո երեխայի մոտ փորկապություն է․ ի՞նչ անել»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն՝ Լյուսի

Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս 9․5 տարեկան է: Նկատել եմ, որ նրա ներքնազգեստի վրա սպիտակավուն հետքեր կան: Անհանգստանալու առիթ կարո՞ղ է լինել դա:

Պատասխան՝ Թափանցիկ կամ սպիտակավուն հեղուկը, որը նկատվում է երեխայի ներքնազգեստին, բնական է սեռական հասունացման շրջանում: Սա գալիս է հեշտոցից: Նման արտադրությունն օգնում է կանխել վարակների ներթափանցումը: Եթե ​​կա արտադրության գույնի կամ հոտի  փոփոխություն, այդ ժամանակ արդեն պետք է խորհրդակցել մանկական գինեկոլոգի հետ:

Ասեք երեխային, որ պահպանի հիգիենայի հստակ կանոններ: Առաջին հերթին, ինտիմ հատվածը սրբելիս վերցնի առջևից հետ ուղղություն: Դա կանխում է մանրէների տարածումը դեպի հեշտոց: Խնդրեք բալիկին խուսափել բուրավետ օճառներից կամ այլ նմանատիպ միջոցներից, քանի որ դրանք կարող են առաջացնել գրգռվածություն ու  մեծացնել վարակի վտանգը: Նկատի ունեցեք՝ եթե ​​ձեր բալիկը պետք է երկար ժամանակ հակաբիոտիկներ ընդունի, վարակի առաջացման հավանականությունը մեծանում է, այնպես որ տեղյակ եղեք ցանկացած փոփոխությանը։

 

 

Անուն՝ Քրիստինա

Հարց՝ Երեխաս 20 օրական է։ Վերջին մի քանի օրը կարծես խռխռոց լսեմ։ Տպավորություն է՝ քիթն ու կոկորդը փակ են, բայց շնչում է նորմալ։ Բժշկի դիմել ենք, թոքերը ստուգել են։ Որևէ բան չկար, նշանակվել է «Ֆիզիոդոզ», որպեսզի քիթը կաթեցնեմ։ Արել եմ, սակայն փոփոխություն չկա։ Սպասե՞մ դեռ։

Պատասխան՝ Երեխայի մոտ նմանատիպ երևույթը լիովին նորմալ է: Բալիկը կարող է  աղմկոտ շնչել ցերեկվա և գիշերվա տարբեր ժամերին: Պարզապես բալիկներն ունեն փոքր քիթ, նրանց շնչուղիները փոքր են ու նեղ։ Նրանց փոքրիկ քիթը կամ  անցուղիները շատ հեշտ են փակվում, ինչն էլ հանգեցնում է տարօրինակ ձայների, հազի և փռշտոցի: Սովորաբար լորձի մեծ քանակություն ևս դիտվում է: Դա պայմանավորված է ոչ թե որևէ հիվանդությամբ, այլ այն պատճառով, որ նրանց շնչառական համակարգը դեռևս զարգացման մեջ է: Օգնեք երեխային մաքրել քթի հատվածը, սրբեք՝ օգտագործելով քթի ասպիրատոր, կիրառելով ֆիզիոլոգիական լուծույթ։

Այնուամենայնիվ, դուք կարող եք կրկին բժշկի խորհրդատվության դիմել, եթե փոքրիկն ունի ջերմություն, կապտավուն է, քնկոտ, ունի շնչառություն, որը դադարում է մի քանի վայրկյանից ավելի կամ շնչում է րոպեում 60-ից ավելի արագ, խռխռացնում է յուրաքանչյուր շնչի ժամանակ։

 

 

Անուն՝ Մաթիլդա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, բալիկս մեկ տարեկան է: Երկու ամսականից սկսած 3-4 օրը մեկ է դուրս գնում, հավելյալ սննդի անցնելուց հետո կղազատումը դժվարացել է։ Հիմա ամեն անգամ մոմիկ եմ կիրառում, քանի որ պինդ է զանգվածը լինում, առանց մոմիկի վնասվում է։ Նշեմ, որ միայն բանջարեղենային ու մրգային խյուսեր եմ տալիս։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ ներառել երեխայի սննդակարգ, ի՞նչը բացառել սննդակարգից։

Պատասխան՝ Ըստ նկարագրվածի՝ երեխան ունի փորկապություն։ Չնայած, եթե երեխան մինչ հավելյալ սնուցման սկիզբը սնվել է բացառապես կրծքի կաթով, 3-4 օրը մեկ աղիների գործելը նույնպես կարող է նորմալ լինել։ Այլ հարց է, որ հավելյալը սկսելուց հետո դժվարությամբ է դուրս գնում, վնասվում է, միգուցե արյան հետքեր էլ են նկատվում։

Անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ և պարտադիր մանկաբույժի խորհրդատվություն՝  դեղորայքային բուժում ավելացնելու համար։ Հարկավոր է շատ բջջանք պարունակող մթերքներ օգտագործել, միրգ, բանջարեղեն, քիչ տալ տանձ, սերկևիլ, նուռ, որոնք նպաստում են փորկապության առաջացմանը։ Բացառում եք մսաջրով ապուրները։ Տվեք բալիկին հեղուկ՝ ջուր։