Ի՞ՙնչ սկզբունքով են մանկավարժ-հոգեբաններն աշխատում երեխաների հետ մանկական զարգացման կենտրոնում

Ծիածանի գույներով

Հարցերին պատասխանում է Ծիածան երեխաների զարգացման կենտրոնի մանկավարժ-հոգեբան Կարինե Գրիգորյանը:

 

Ի՞նչ մոտեցում եք ցուցաբերում երեխաների հետ աշխատելիս

 

 Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերում ենք անհատական մոտեցում, քանի որ ամեն երեխա ունի իր խառնվածքն ու հետաքրքրությունները: Իրենց հետաքրքրություններից ելնելով` երեխային տեղափոխում ենք տվյալ միջավայր: Բացի այդ, մենք գործ ունենք տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ, թեև ունենք, օրինակ,  3.5 տարեկան երեխաներ, ովքեր  իրենց զարգացմամբ մոտ են 5 տարեկաններին, և իրենց հետ տարվում է նույնատիպ աշխատանք:

 

Ի՞նչ աշխատանք է տարվում՝ երեխաներին զարգացնելու համար

 

 Փորձում ենք բազմակողմանի զարգացում ապահովել: Փոխհարաբերությունների սոցիալականացման զարգացմանն ենք ուշադրություն դարձնում: Տարբեր ոլորտների ուղղված աշխատանք է կատարվում: Ամեն օր կատարում ենք լեզվամտածողության, տրամաբանական, ստեղծագործական մտածողության զարգացման աշխատանքներ:  Երեխաների հետ աշխատելու չափանիշները տարբեր են.  մեկը կարող է ծանոթանալ մեծ ու փոքր հասկացություններին, մյուսը գումարում և հանում անել, հաջորդը տրամաբանական ինչ-որ գործողություններ անել: Մենք նախապես նպատակ ենք դնում՝ ձգտելով յուրաքանչյուր երեխայի դեպքում հասնել կոնկրետ արդյունքների:

 

Ի՞նչն է արգելված երեխաներին

 

 Մենք ցուցաբերում ենք գիտակցված մոտեցում ցանկացած չի կարելի-ին և բացատրում ենք` ինչու պետք է սա անել կամ ինչու չպետք է անել:

Առաջնային են անվտանգության կանոնները պահպանելը:

 

 

Հարցերին պատասխանում է  Ծիածան երեխաների զարգացման կենտրոնի մանկավարժ-հոգեբան  Լուսինե  Հարությունյանը:

 

Ի՞նչ մոտեցումներով եք աշխատում

 

Հիմնվում ենք Մոնտեսորիի մոտեցումների վրա՝ առանցքում ունենալով երեխայի ցանկությունը: Ոչինչ ստիպողաբար չի լինում. եթե երեխան չի ուզում մասնակցել,  ուրեմն չի մասնակցի տվյալ դասին, հեռվից կնայի, եւ  երբ կզգա՝ իրեն հաճելի է, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է,  կգա, կմտնի գործընթացի մեջ: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս տեսնում ենք յուրաքանչյուրի մոտեցումը, աշխարհայացքը, հենց այդ մոտեցումներով էլ առաջ ենք գնում, որովհետև դա միակ ճանապարհն է՝ երեխայի հետ կոնտակտի մեջ մտելու: Տարբեր հեղինակներ ունեն իրենց մոտեցումները, և հնարավոր չէ հիմնվել մեկի կարծիքի վրա: Մենք բոլոր մասնագետների մոտեցումներն ուսումնասիրելով՝ կառուցում ենք մեր մոտեցումը՝ հաշվի առնելով երեխայի առանձնահատկությունը:

 

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում

 

Կարևոր է մանկական հոգեբանությունությամբ առաջնորդվելը, այսինքն՝ մանկան լեզվով բացատրել, որ իրենց հասկանալի լինի:  Ոչինչ չի պարտադրվում երեխային: Եթե երեխան խաղալ է ուզում, պետք է խաղա, քանի որ խաղի միջոցով ինքը կարող է ուղղորդել` ինչպես աշխատել իր հետ: Խաղի միջոցով կարելի է նույնիսկ սովորեցնել:

 

Հոգեբանական մոտեցումներով կատարում ենք ստեղծագործական աշխատանքներ, որոնց միջոցով զարգացնում ենք երեխայի միտքը, երևակայությունը, մոտորիկան: Հետո սովորում ենք մարմնի մասերը, թե ինչի համար է գլուխը, ինչ կարող է ասել մեզ, թե ինչի համար են մատները, ինչու ենք շարժում, ով է հրամայում, ունենք մարմին, դրա մեջ ունենք հոգի, մարմինը մեր տնակն է, տնակի մեջ մարդուկն է, ով հրամայում է ամեն ինչ:  Ես, իհարկե, ընդամենը մի դրվագ եմ ներկայացնում մեր  բազմապրոֆիլ աշխատանքից:

 

Կա՞ն արգելքներ երեխաների համար

 

 Կան կանոններ, որոնց հետեւում ենք՝ ելնելով երեխայի շահերից:  Դրանցից է միմյանց չնեղացնելը, ձեռքից որեւէ բան չխլելը, չհրմշտելը: Եթե, օրինակ, հրեց, ուրեմն պետք է բացատրի` ինչու հրեց, եթե բղավեց, ուրեմն պետք է բացատրի` ինչու՞ բղավեց:  Մենք երեխային թույլ ենք տալիս նաեւ բղավել, ինչու ոչ: Երեխան պետք է դուրս հանի էմոցիաները: Երբ երեխային անընդհատ ասում ես՝ մի արա, ստացվում է, որ դու ես կառավարում նրան՝ թույլ չտալով զարգանալ որպես անհատականությունը: Մեզ համար սկզբունքային է երեխայի անհատականության ձեւավորումն ու զարգացումը: