Երեխայի գլուխը լվացեք՝ ըստ անհրաժեշտության: Շամպուն օգտագործեք շաբաթական 1-2 անգամ, ընդ որում՝ շամպունը պետք է անպայման լինի մանկական և համապատասխանի նրա տարիքին: Ցանկալի է, որ շամպունը արցունքաբեր հատկություն չունենա:
Իսկ ամենափոքրիկների համար օգտագործեք փրփուր շամպուններ, որոնք խնամքով կմաքրեն թե մարմինը, թե մազերը:
- Կարևոր է հիշել, որ երեխայի գլուխը լվանալու համար չի կարելի օգտագործել մեծահասակների համար նախատեսված շամպուններ և մազի խնամքի այլ պարագաներ: Այս միջոցները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխայի զգայուն մաշկի վրա: Բացի այդ, մեծահասակների համար նախատեսված կոսմետիկական միջոցների pH-ը չի համապատասխանում մանկիկի մաշկի pH-ին, ինչը կարող է նրա մաշկի չորացման պատճառ դառնալ:
- Խորհուրդ չի տրվում երեխայի մազերը սանրով հարդարել անմիջապես լողացնելուց հետո: Դա կարող է վնասել մազերի նուրբ արմատները և հանգեցնել մազաթափության և մազերի աճի խանգարման: Թողեք, որ երեխայի մազերը մի փոքր չորանան, որից հետո կարող եք մազերը հարդարել հատուկ փափուկ խոզանակով: Գլխի նման նուրբ մերսումը լավացնում է մազերի արտաքին տեսքը, ինչպես նաև նպաստում դրանց աճին: Չի կարելի օգտագործել սովորական պլաստմասայից սանրները, որոնք կարող են վնասել երեխայի նուրբ մաշկը: Հիշեք, որ երեխայի սանրը պետք է ունենա հավասարաչափ ատամնաշար` կլորացված եզրերով: Եթե երեխայի մազերը խճճվել են, օգտագործեք հատուկ սպերյներ, որոնք կհեշտացնեն հարդարման գործընթացը:
- Աղջիկների մազերը խնամելիս հաճախ դրանք փռված թողեք, դա կօգնի խուսափել բարակացումից: Նաև երեխայի մազերը հարկավոր է հարդարել օրական առնվազն երկու անգամ: Աղջնակի համար սանրվածք անելիս հիշեք, որ ձիգ պոչիկները կարող են բացասաբար ազդել երեխայի մազերի վիճակի վրա , խանգարել նորմալ սնուցմանը և գլխի արյան շրջանառությանը:
- Գաղտնիք չէ, որ քնքուշ խոսքերը և մայրիկի ձեռքերի նուրբ հպումները դրական են ազդում ոչ միայն երեխայի առողջության և զարգացման վրա, այլ նաև ամրացնում են մայրիկի և փոքրիկի միջև առկա էմոցիոնալ կապը: Իսկ որպեսզի հարդարանքը հաճելի գործընթաց դառնա, առաջարկեք, որ փոքրիկը նախ մայրիկի մազերը հարդարի և սանրվածք անի, որից հետո արդեն մայրիկը փոքրիկի մազերը կհարդարի:
Նյութն ըստ mama.ru կայքի