Խորհուրդներ նորածնին մերսելու վերաբերյալ

Խնամք

Երեխայի խնամքը լավ հնարավորություն է մայրիկի և փոքրիկի միջև սերտ  հարաբերություններ հաստատելու համար:

Նորածնին մերսելը մայրիկի կարևոր զբաղմունքներից է: Կարող եք ինքներդ մերսել ձեր փոքրիկներին, կամ էլ բուժքրոջ վարձեք, ով ճիշտ ձևով կմերսի ձեր փոքրիկին: Մերսումը կարևոր ամենօրյա զբաղմունք է, որին ամեն մայրիկ պետք է տիրապետի:  Մերսումն  իրականում դժվար գործ չէ, եթե, իհարկե, ձեր փոքրիկն արոռղջական խնդիրներ չունի:  Հենց սովորեք մերսման սկզբունքները, դա արդեն կվերածվի հաճելի գործընթացի նաև ձեզ համար: Փոքրիկներն էլ ավելի շատ են սիրում, երբ մայրիկն է իրենց մերսում, ոչ թե բուժքույրը: Մերսումից փոքրիկը մեծ օգուտներ է ստանում`ավելի լավ է քնում, մերսումն օգնում է ազատվել գազիկներից, ամրացնում է իմունիտետը:

Ամեն ինչ պատրաստեք նախքան կսկսեք մերսել փոքրիկին

  • Փորձեք հստակ ժամանակացույց ձևավորել մերսման համար, որից հետո փոքրիկին կլողացնեք:  Շատ կարևոր է հատկապես փոքրիկի քնի և սնվելու ռեժիմը հստակ պահպանելը:
  • Սենյակում  մերսման ընթացքում չպետք է ցուրտ լինի:
  • Մերսելուց առաջ փոքրիկի վրայից հանեք բոլոր հագուստները, ցուրտ եղանակի դեպքում կարող եք ծածկոցով փակել փոքրիկի մարմնի այն մասերը, որոնք չեք մերսում:
  • Մերսելուց հետո փոքրիկին պետք է լողացնեք, ուստի նախքան մերսումը սկսելը պետք է նաև պատրաստ լինեն լոգանքի պարագաները: Հնարավոր է, որ փոքրիկին մերսումը կամ լոգանքը դուր չգան, ուստի նա կարող է լացել:
  • Ամեն ինչ պատրաստ պահեք`մերսման յուղը, անձեռոցիկը, տաք ջուրը լոգանքի համար, սրբիչը, մանկական օճառը, հագուստը:

Փոքրիկին մերսելը`ոչ բարդ առաջադրանք

  • Պառկեցրեք փոքրիկին փափուկ մակերեսի վրա, որպեսզի նա իրեն հարմարավետ զգա:
  • Փոքրիկին սկսեք մերսել գլխից դեպի ոտքերը: Պետք է նրբորեն, մեղմ շարժումներով  մերսեք գլուխը, դեմքը, ուսերը, թևերը, կրծքավանդակը, փորը և ազդրերը:
  • Ձեր փոքրիկն անմիջապես կարձագանքի, եթե սխալ կամ կոպիտ մերսեք: Մի սեղմեք մարմնի որևէ մասի վրա: Փոքրիկի օրգանները և մարմինը շատ նուրբ են, և եթե սեղմեք, դրանով կարող եք վնասել փոքրիկին:
  • Մերսման ընթացքում խոսեք փոքրիկի հետ կամ երգեք նրա համար:
  • Թույլ տվեք, որ փոքրիկը շարժվի,  եթե նա ցանկանում է:
  • Մերսման յուղը նախապես պետք է փորձարկեք: Մի կաթիլ կաթեցեք փոքրիկի մարմնին: Հաջորդ օր ստուգեք`համոզվելու, որ ալերգիկ ռեակցիա չկա, նոր միայն սկսեք փոքրիկին մերսել: Օգտագործեք որակյալ մերսման յուղ, օճառ և շամպուն ՝ նախատեսված հատուկ փոքրիկների համար:

Շարունակելի

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե ինչպես մերսել փոքրիկի մարմնի տարբեր մասերը

Նյութն ըստ parentingnation.in կայքի

Գովազդ