Ինչպիսի՞ ծծակ ընտրել փոքրիկի համար

Խնամք

Կյանքի առաջին ամիսներին փոքրիկների մոտ զարգանում է ծծելու ռեֆլեքսը: Բացի կրծքով կերակրվելուց, երեխան ունենում է ծծելու լրացուցիչ պահանջ, որը լրացվում է ծծակների միջոցով:

Ինչպիսի՞ ծծակ պետք է ընտրել փոքրիկի համար, ինչպե՞ս պետք է ախտահանել և մինչև ե՞րբ կարելի է օգտագործել: Այս հարցերի պատասխանները փորձել ենք պարզել մանկաբույժ  Գոհար Քյարունցի օգնությամբ: 

Ծծակի որակն ու կառուցվածքը

Որակային առումով՝ ծծակները լինում են լատեքսային` փափուկ, ռետինատիպ նյութից և սիլիկոնե` ավելի կոշտ և թափանցիկ: Հաճախ հեռուստատեսային գովազդներում կարող եք տեսնել, որ սիլիկոնե ծծակներն ավելի լավն են, բնական հումքից են, թեք կտրվածքի շնորհիվ  նպաստում են ճիշտ կծվածքի ձևավորմանը: Հիշեք՝ սա պարզապես  գովազդ է, որը շահութ է հետապնդում: Ըստ մասնագետի՝ սիլիկոնը նախընտրելի է միայն այն դեպքում, երբ երեխան լատեքսի նկատմամբ ալերգիա ունի։  Սովորաբար  երեխաներին ավելի հարմար ու հաճելի են լատեքսի, քան սիլիկոնե ծծակները, քանի որ լատեքսային ծծակներն ավելի փափուկ են, հարմարավետ  և ավելի մոտ  են կրծքի պտուկին:  

Ծծակի կառուցվածքը ևս շատ կարևոր է: Այդ առումով ծծակները լինում են թեք և կլոր: Հիմնականում նախընտրելի են կլոր ծայրով ծծակները, քանի որ դրանք դարձյալ ավելի նման են կրծքի պտուկին: Այսինքն՝ կարելի է համարել, որ լատեքսային կլոր ծայրով ծծակները համեմատության մեջ նախընտրելին են։

Հիմա եկեք հասկանանք՝ առհասարակ անհրաժե՞շտ է երեխային ծծակ տալ, թե՞ ոչ: Կա կարծիք, որ ծծակների օգտագործումը նպաստում է կրծքից հրաժարվելուն: Սակայն պետք է նշել, որ նման վիճաագրություն պարզապես գոյություն չունի: Եվս մեկ անգամ շեշտենք, որ մինչև 6 ամսականը խիստ զարգացած է լինում ծծելու ռեֆլեքսը, երեխան ունենում է ծծելու լրացուցիչ պահանջ, որը լրացվում է ծծակի միջոցով:

Վերջին տարիներին մասնագետները կապ են գտել մանկական հանկարծամահության և ծծակների միջև․ ապացուցվել է, որ մանկական հանկարծամահության սինդրոմ պրակտիկորեն չկա այն երեխաների մոտ, որոնք ծծակ են օգտագործում։ Հոգեբանների հետազոտություններն էլ ցույց են տվել, որ եթե երեխան չի բավարարում ծծելու ռեֆլեքսը կյանքի առաջին ամիսների ընթացքում, հետագայում  ծծում է մատը,  հագուստի կտորը, վերմակի անկյունները։ Այնպես որ, փոքր հասակում անպայման պետք է բավարարել երեխայի ծծելու պահանջը: 

Ինչպե՞ս ախտահանել ծծակը

Ծծակն ախտահանելու համար ընդամենը հարկավոր է հաճախակի լվանալ հոսող ջրի տակ: Հաճախ մայրիկները ծծակն ախտահանում են  եռացրած ջրով, սակայն սա ցանկալի չէ, քանի որ ծծակի պլաստմասային ու ռետինե մասերը  կարող  են  դեֆորմացվել: Այն երբեմն կարելի է լվանալ  նաև  օճառով և օգտագործել լավ պարզաջրելուց հետո:     Առհասարակ մայրիկները սիրում են հաճախ ստերիլիզացնել երեխաների  պարագաները: Պետք է հիշել, որ անհրաժեշտ է երեխային մաքուր պահել, այլ ոչ ստերիլ: Երեխան  որքան վաղ տարիքում է «շփվում» մանրէների հետ, այնքան ավելի կայուն իմունիտետ է ունենում: Այնպես որ խորհուրդ չի տրվում ամեն օգտագործումից առաջ  ծծակը  հատուկ եռացնել, լվանալ. ընդամենը պետք է մաքուր պահել:  

Ո՞ր տարիքից երեխան պետք է դադարի ծծակ օգտագործել

6 ամսականից հետո երեխայի մոտ ծծելու ռեֆլեքսը գնալով մարում է, և նա այլևս ծծակի անհրաժեշտություն չի զգում: Որքան երեխան մեծանում է, այնքան ավելի շատ է «կապվում» ծծակի հետ, հետևաբար երեխային ծծակից կտրելու դժվարություններ գուցե առաջանան: Դրա համար  ծծակից կտրելու  ամենանպատակահարմար տարիքը համարվում է 6 ամսականը: Բացի դրանից, այդ տարիքում սկսվում է ատամների ծկթելու շրջանը: Եվ հաշվի առնելով, որ  այդ շրջանում երեխան նաև հավելյալ սնունդ է ընդունում՝ պետք է զարգացնել  ոչ թե ծծելու, այլ ծամելու  ռեֆլեքսը:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ