Կերակրման շիշ․ ո՞ր տեսակը գնել և ինչպե՞ս ախտահանել

Խնամք

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ:

Ապակե՞ շիշ ընտրել երեխայի համար, թե ՞ պլաստմասե

Նախևառաջ համեմատական ենք տանում․ ապակե շշերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից և հեշտությամբ լվացվում են, բավականին հարմար են ստերիլիզացման, հիգիենայի պահպանման տեսանկյունից: Մի փոքր հարմարավետ չեն, երբ հարցն առնչվում է ապահովությանը: Հատկապես 4 ամսականից հետո փոքրիկները սկսում են գցել ձեռքի մեջ եղած իրերը, հարվածել  գետնին կամ պատին: Նման պահերին երեխան կարող է դիպչել արդեն իսկ կոտրված շշին և վնասվել ապակու փշրանքներից: Անվտանգության խնդրից ելնելով՝ խորհուրդ է տրվում ընտրել բարձրորակ պլաստիկից պատրաստված շշեր:

 

Իսկ չե՞նք կարող սկզբնական շրջանում օգտագործել ապակե շիշ, ապա անցնել պլաստամասե տարբերակին

Նախնական ժամանակահատվածում փոքրիկը դեռևս  չունի առարկաներն այս ու այն կողմ նետելու, հարվածելու հմտություններ, սակայն ունի դրանց հետ կապվելու ունակություն: Եթե հարմարվի ապակե շշին, միգուցե հետագայում դժվար լինի անցում կատարել պլաստմասից կազմված տարբերակին:     

 

Ի՞նչ չափսի պետք է լինի կերակրման շիշը

Սովորաբար լինում են երկար և նեղ, կարճ ու լայն տրամագծով շշեր: Գերադասելի է առաջնություն տալ երկրորդ՝ կարճ և լայն տիպին: Որքան լայն է բերանը, այնքան հեշտ է շիշը լվանալը: Բացի այդ, երկար շշի պարունակությունը շրջվելու պարագայում կարող է միանգամից թափվել: Հեղուկը չպետք է ծորա շշի տարբեր կողմերից, այդ թվում՝ ծծակից:  Այն ծծակից պետք է հոսի միայն այն ժամանակ, երբ երեխան է սկսում ուտել:

 

Ի՞նչ ծծակ ընտրել շշի համար

Ծծակներն իրենց ձևով պետք է  առավելագույնս մոտ լինեն կրծքի ձևին: Դրանց վրա առկա անցքերը համապատասխանեցվում են փոքրիկի զարգացման շրջանին ու համարակալվում: Մայրիկը պետք է անպայման ուշադրություն դարձնի ծծակի անցքի մեծությանը, որպեսզի հեղուկի հոսքի ինտենսիվությունը համապատասխանի երեխայի տարիքին և քաշին:     

                    

Ինչպե՞ս ախտահանել փոքրիկի շիշը  

. Կարելի է շիշը պահել հոսող ջրի տակ, շատ կարճ եռացնել մանկական սպասքի համար առանձնացված ամանի մեջ:

. Հոսող ջրի տակ օճառով լվանալուց հետո պարզապես տեղադրել ստերիլիզատորի մեջ: Թույլատրվում է շիշը լվանալ նաև ամանի հեղուկով, սակայն պարտադիր պայման է երկար մաքրաջրելը: 

. Մաքրումն իրականացնում ենք սպասք լվացող մեքենայի օգնությամբ:

 

 

 Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

Գովազդ