Փոքրիկի` կրծքից հրաժարվելու պատճառները

Խնդիրներ

Կարելի է առանձնացնել կրծքից հրաժարվելու հիմնական պատճառները` ծծելու ընթացքում առաջացող ցավը կամ անհարմարությունը: Իսկ ահա նշվածների պատճառները կարող են տարբեր լինել` գազային կուտակումներն աղիներում, շնչառական ուղիների հիվանդությունները, բերանի խոռոչի հիվանդությունները, ներգանգային ճնշման բարձրացումը և այլն: Ուստի, անգամ եթե վստահ եք, թե ինչու է երեխան հրաժարվում կրծքից, բոլոր դեպքերում խորհրդակցեք մասնագետի հետ:

Ֆիզիկականից բացի, կարող է լինել նաև կրծքից հրաժարվելու հոգեբանական պատճառ: Իրավիճակներ են լինում, երբ երեխան զգում է հոգեբանական անհարմարություն կամ անհանգստություն: Դա կարող է պայմանավորված լինել կյանքի սովորական ընթացքի փոփոխությամբ,մայրիկի սթրեսային վիճակով, հետծննդաբերական դեպրեսիայով,  ընտանիքում առկա կարգի խախտմամբ (օրինակ, երբ մայրիկի փոխարեն  այլ մարդ է ստիպված խնամել մանկիկին ): Պատահում է նաև, որ երեխան հրաժարվում է կրծքից ծծակի օգտագործման կամ շշով կերակրելու պատճառով. Վերջինիցս սնվելն ավելի հեշտ է և փոքրիկը հետ է վարժվում կրծքով կերակրվելուց:

Մայրիկի և մանկաբույժի գլխավոր խնդիրն է պարզել կրծքից հրաժարվելու պատճառը և հնարավորության դեպքում վերացնել խնդիրը: Չէ որ փոքրիկի առողջ և ճիշտ զարգացման համար կարևոր է կրծքով հնարավորինս երկար սնվելը: Իսկ մինչ այդ կարող եք մանկիկին կերակրել կաթնախյուսերով, բայց ոչ շշով, այլ հատուկ բաժակով  կամ գդալով:

Եթե ակնհայտ ֆիզիկական պատճառներ չկան և մանկիկն էլ առողջ է, ապա մնում է հոգեբանական գործոնը:  Կարևորը` վստահություն հաստատել  մայրիկի և փոքրիկի միջև: Կարևոր է երեխայի հետ շատ ժամանակ անցկացնելը: Հնարավոր է նաև համատեղ քունը:

 

Սոցիալական պլացենտայի թեորիան

Կրծքից հրաժարվելու պատճառը կարող է ավելի խորը ակունքներ ունենալ: Եթե վերոնշյալ բոլոր գործոնները բացակայում են,  ապա կարելի է դիմել սոցիալական պլացենտայի թեորիային: Ըստ այս տեսության, երեխան կյանքի առաջին ինը ամսիներին վերապրում է իր ներարգանդային կյանքը և եթե հղիության ինչ-որ շրջանում մայրն ունեցել է ծանր ապրումներ, սթրեսներ է տարել, վախեր է ունեցել, ապա երեխան այդ նույն  ժամանակահատվածում կարող է նույնը զգալ (օրինակ, հղիության վեցերորդ ամսում սթրես եք տարել, երեխան էլ վեց ամսականում հրաժարվում է կրծքից):

Իսկ եթե մանկիկը ծննդյան պահից ի վեր հրաժարվում է կրծքից, ապա հնարավոր է, որ հղիությունը պարզապես անցանկալի է եղել:

Ինչպես օգնել

Եթե երեխան հիվանդության պատճառով է հրաժարվում կրծքից, կօգնի բուժող բժիշկը` համապատասխան բուժում նշանակելով: Իսկ եթե պատճառը հոգեբանական է, ապա լավագույն օգնությունը կլինի երեխայի հետ շփումը: Կարևոր չէ, թե քանի օրական կամ ամսական է երեխան, խոսեք նրա հետ, բացատրեք, որ նա ոչնչում մեղավոր չէ, որ նրան շատ եք սիրում և մենակ չեք թողնի:

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ