Փոքրիկի տեսողությունը. ինչպե՞ս գլխի ընկնել, որ փոքրիկն ունի տեսողական խնդիր

Խնդիրներ

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը:

 

Ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկն ունի վատ տեսողություն

 

Փոքր տարիքի երեխաների դեպքում շատ դժվար է հասկանալ՝ նորմա՞լ է երեխայի տեսողությունը, թե՞ ոչ:  Սկզբնական շրջանում փոքրիկը չի կարողանում անգամ հայացքը ֆիքսել, սակայն որոշ ժամանակ անց աստիճանաբար սկսում է ֆիքսել հայացքը, այդ ժամանակ կարող ենք նկատել՝ երեխան սկսե՞ց նկատել և հետևել վառ, գունավոր առարկաներին: Եթե մինչև 6 ամսական երեխան չի նկատում և ազդակ չի տալիս, դա ահազանգ է, որ կան տեսողական խնդիրներ:  

Երբեմն մինչև 6-9 ամսական փոքրիկների մոտ դիտվում է շլություն, որն այդքան էլ արտահայտված չէ` հայտնվում-անհետանում է, սակայն եթե 6-9 ամսականից հետո շլությունը մշտապես առկա է, և աչքը նորմալ դիրքում չէ, դա վկայում է, որ կան տեսողական խնդիրներ: 

Արտահայտված խնդրի` բնածին կատարակտի կամ որևէ նորագոյացության դեպքում հնարավոր է նկատել սպիտակ ռեֆլեքս լուսանկարներում, որը պետք է անհանգստացնի ծնողներին և անմիջապես դիմեն մասնագետի:

 

Ի՞նչը կարող է ազդել փոքրիկի տեսողության վրա

 

Նորածին փոքրիկի մոտ առկա աչքի խնդիրները վկայում են հղիության ընթացքում եղած որոշակի փոփոխությունների` ինֆեկցիաների, նյութափոխանակության խանգարումների, սթրեսների մասին, որոնց հետևանքով և առաջացել են ակնային խնդիրներ: 4-5 ամսական և ավելի տարիքի երեխաների դեպքում կարող է կապ ունենալ նաև գենետիկ գործոնը:  Հաճախ տեսողական խնդիրները կապված են ոչ ճիշտ կազմակերպված կենցաղի հետ, երբ երեխան անընդհատ հեռուստացույցի կամ համակարգչի առաջ է անցկացնում:

 

Ինչպե՞ս պահպանել երեխայի տեսողությունը

Փոքր  հասակում պետք է ուշադրություն դարձնել կենցաղին, դպրոցահասակների դեպքում` ընթերցանությանը: Պետք է ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան:

 

Որքա՞ն ժամանակ է պետք հատկացնել հեռուստացույցին, համակարգչին

 

Օրվա ընթացքում 2-3 ժամից ոչ ավելի, ընդ որում հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելիս 20 րոպեն մեկ պետք է ընդմիջել, որպեսզի երեխան ցրվի,  նայի և՛ հեռու, և՛ մոտ: 

Այսօր հնարավոր չէ երեխային արգելել օգտվել համակարգչից, սակայն պետք է հնարավորինս կարգավորել նրա ռեժիմը և շեղել հետաքրքիր խաղերի, մաքուր օդին ֆիզիկական ակտիվության միջոցով:

 

 

Գովազդ