Կրծքով կերակրման ժամանակ երեխան երբեմն անհանգիստ շարժումներ է անում, սկսում է անդադար լացել, դեմքը ծամածռել, կամ ուտում է միայն մի կրծքից:
Դրանք կրծքից հրաժարվելու նախանշաններ են, որոնք անորոշության մեջ են գցում մայրիկներին և անհանգստանալու տեղիք տալիս: Հրաժարվելու պատճառներ կարող են լինել երեխայի հիվանդությունը, պտուկի ոչ առողջ վիճակը, երեխայի անհարմար դիրքը, կաթի անբավարար քանակը: Որպեսզի փոքրիկը չհրաժարվի կրծքից, անհրաժեշտ է ստեղծել առավելագույն հարմարավետություն կերակրման ժամանակ:
Կրծքից հրաժարվելու պատճառները
Երեխան կարող է չվերցնել կուրծքը, եթե ունի բարձր ջերմություն, փակ քթանցքներ, ականջի կամ որովայնի ցավ: Ատամների ծկթումը ևս կարող է կրծքից հրաժարվելու պատճառ հանդիսանալ: Շշով կերակրելը կարող է երեխային վարժեցնել «ծուլության», և նա այլևս չուզենա ջանք թափել` մայրական կաթ «ստանալու» համար: Կյանքի առաջին 2 ամիսների ընթացքում մայրական կաթի հոսքը շատ ուժեղ է լինում, և փոքրիկը դժվարությամբ է հասցնում կուլ տալ, ինչը ևս կարող է հանգեցնել կրծքից հրաժարման:
Կրծքից հրաժարվելու պատճառ կարող է լինել նաև մայրական ոչ ճիշտ խնամքը: Եթե փոքրիկին պետք եղածից երկար եք զբոսանքի տանում, եթե նա չափից շատ է մնում արևի տակ, կամ այլ պատճառներով սթրեսի է ենթարկվում, կարող է դարձյալ հրաժարվել կրծքից:
Նաև երեխա-մայր հոգեբանական կապի թույլ լինելու դեպքում (երբ փոքրիկի խնամքն այլ անձանց է վստահվում, երբ մայրիկը փոքրիկին հազվադեպ է գրկում) փոքրիկը կարող է հրաժարվել մայրական կաթից:
Արդյո՞ք փոքրիկը հրաժարվում է կրծքից, եթե կերակրման սկզբում թողնում է կուրծքը
Առաջին կերակրման անհաջող փորձերը կրծքից հրաժարում չեն նշանակում: Երբ երեխան բերանն աջ ու ձախ է անում, հարկավոր է զգույշ, առանց անհանգիստ շարժումներ անելու, բերանը մոտեցնել կրծքին:
4-5 ամսական երեխան, երբ արդեն ընկալում է ձայները, կարող է կուրծքը բաց թողնել ձայն լսելիս, հետո շարունակել ուտելը: Դա ևս կրծքից հրաժարում չէ:
Նյութը՝ ըստ mama.ru կայքի