Մինչև վեց ամսական երեխայի քունն ու գիշերային կերակրումը

Սնունդ

 

Կյանքի առաջին օրերին նորածինների համար օրվա որոշակի ռեժիմ մշակել հնարավոր չէ։ Փոքրիկները օրվա մեծ մասը քնում են։ Բայց  տարբեր նորածինների մոտ օրվա ընթացքում քնի ընդհանուր տևողությունը կարող է  տարբեր լինել:

Մինչև  վեց ամսական երեխաների քնի ռեժիմն ու գիշերվա ընթացքում նրանց կերակրելու անհրաժեշտությունը ներկայացնում է «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ Ջեմմա Անանյանը։

«Կյանքի առաջին օրերին  նորածինը օրվա ընթացքում միջինում քնում  է 16-18 ժամ, իսկ չորս շաբաթական հասակում արդեն՝ 14 ժամ:

Սովորաբար նորածինները քնում են կարճ ժամանակահատվածներով՝ 30 րոպեից մինչև 4 ժամ։ Փոքրիկները  քնից  շատ հեշտ են արթնանում։ Պատճառն այն է, որ նրանք քնում են ակտիվ ու ոչ խոր քնով։ Այս քունը բնութագրվում է մարմնի պատահական շարժումներով, դողացող կոպերով, արագ, անկանոն շնչառությամբ, հանճախ նաև տնքոցով ու կարճ լացով:

Հաճախ երեխաներից պահանջվում է 3-5 ամիս՝ իրենց քունը կարգավորելու համար, ինչից հետո նրանք կարողանում են ամբողջ գիշերվա ընթացքում ամենաքիչը հինգ ժամ անընդմեջ քնել»։

Բժշկուհու խոսքով՝ կյանքի առաջին շաբաթների ընթացքում մանկաբույժները երեխայի համար սահմանում են ազատ կերակրում՝ այսինքն մայրիկը փոքրիկին պետք է կերակրի օրվա ցանկացած ժամին՝ ելնելով նրա ուտելու պահանջից։

Իսկ արդեն 2,5  ամսական երեխային օրվա ընթացքում պետք է կերակրել 6-8 անգամ՝ 3-3,5 ժամ ընդմիջումներով։ 3-ից մինչև 5-6 ամսական երեխաներին օրվա ընթացքում  պետք է կերակրել 6 անգամ՝ 3,5 ժամ ընդմիջումով։ 

Եթե երեխան գիշերվա ընթացքում հանգիստ  քնում է և  չի արթնանում ուտելու համար, բժշկուհին խորհուրդ է տալիս այս դեպքում հաշվի առնել փոքրիկի հասակն ու առողջական վիճակը։

«Մինչև  երկու ամսական, փոքր քաշով ծնված  երեխայի դեպքում, եթե նա  գիշերվա ընթացքում չի արթնանում ուտելու համար, նրան անպայման պետք է արթնացնել ու կերակրել։ Բայց եթե երեխան բավարար քաշով է ծնվել, և գիշերվա ընթացքում ուտելու պահանջ չունի, կարելի է թողնել, որ նա քնի ու հանգստանա։

Իսկ արդեն  երկու ամսականից մեծ երեխան ինքն է ձևավորում իր ուտելու ռեժիմը։ Եթե նա գիշերվա ընթացքում չի արթնանում ուտելու համար, ապա արթնացնելու կարիք չկա։ Մայրիկին մնում է միայն հետևել երեխայի քաշի ու հասակի բնականոն աճին ու զարգացմանը»։

 

Հեղինակ՝ Արփինե Մուրադյան

Գովազդ