Ծնողները փոքրիկների խնամքի, դաստիարակության կամ առհասարակ նրանց զարգացման մասին տարաբնույթ կարծիքներ ու արտահայտություններ կարող են լսել շրջապատից: Կարծրատիպային արտահայտությունները հիմնականում միֆեր են, որոնք արագորեն տարածվել են ու վերածվել թվացյալ փաստերի:
1․ Ծննդից հետո երեխան աստիճանաբար է սկսում տեսնել և լսել․ ճշմարտությու՞ն է սա, թե՞ միֆ:
Այս միտքը հնարված է: Ծնվելուց հետո փոքրիկներն իսկույն և՛ լսում են, և՛ տեսնում: Երբ դուք նայում եք երեխայի աչքերի մեջ և նրա ժեստերին ի պատասխան ժպտում, նա սովորում է շփվել և պատասխանել ձեզ: Իրականում, շատ երեխաներ անգամ հիշում են այն երգերը, որոնք լսել են վաղ մանկության տարիներին: Այդ իսկ պատճառով, պետք է սկսեք խոսել փոքրիկի հետ և երգել նրա համար առանց հապաղելու, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռևս արգանդում է գտնվում:
2․ Միակ տարբերակը, որի միջոցով փոքրիկը հաղորդակցվում է մյուսների հետ մինչև խոսել սկսելը, լացն է․ ճշմարի՞տ է, թե՞ հնարովի:
Սա միֆ է: Փոքրիկները կարող են փոխանցել իրենց զգացմուքները զանազան եղանակներով: Կարող են ծիծաղել և ժպտալ՝ իրենց գոհունակությունը ցույց տալու համար: Կարող են լաց լինել կամ դեմքի մռայլ արտահայտություն ընդունել, որպեսզի մատնանշեն դժգոհությունն ու անհարմարությունը: Ուշադրություն դարձնելով նրա գործողություններին՝ դուք համապատասխան կերպով և առավել արագ կարձագանքեք նրա կարիքներին:
3․ Դուք պետք է աընդհատ խոսեք երեխայի հետ մինչ այն պահը, երբ նա կսկսի բառեր արտաբերել:
Այս միտքը համապատասխանում է իրականությանը: Երեխաներին դուր է գալիս լսել նոր հնչյուններ ու ձայներ: Նրանք, լսելով ձեր ձայնը, կրկնօրինակում են ու պատասխանում՝ արտաբերելով առավել մեծ քանակությամբ ձայնային հնչյուններ: Փոքրիկները փորձում են հաղորդակցվել ձեզ հետ մինչև որ կսկսեն խոսել։
4․ Երեխան գցում և կոտրում է խաղալիքները հոգնեցնելու կամ զայրացնելու համար:
Իհարկե ոչ: Երեխաները փոքրիկ հետազոտողներ են: Հենց առաջին իսկ ամիսներին նրանք ցանկանում են պարզել՝ ինչպիսի մեթոդներով կարող են ազդել շրջապատող մարդկանց ու առարկաների վրա: Խորանարդներով բուրգ հավաքելու, իրերը այս ու այն կողմ նետելու, դրանք իրար հարվածելու և վնասելու միջոցով բալիկները ձգտում են ճանաչել աշխարհը:
5․ Փոքրիկներն ավելի լավ են սովորում, երբ փորձում են ինչ-որ բան անձամբ կատարել կամ ընդօրինակում են և ոչ թե այն ժամանակ, երբ նրանց ասում են՝ ինչ է պետք անել:
Սա ճշմարիտ է: Փոքրիկները խաղալով և փորձելով, հետևելով և ուրիշների վարքը կրկնօրինակելով՝ ընկալում են: Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք, որ երեխան կերակուրն ուտի, ապա առաջինն ինքներդ պետք է փորձեք այն նրա ներկայությամբ:
Աղբյուրը՝ Unicef.org