Ի՞նչ պետք է կարողանա անել երեխան 4 ամսականում

3-6ամիս

«Կարողանում եմ նկատել գունային երանգների տարբերությունները, հատկապես՝ կարմիր և կանաչ, աչքերով հետևել շարժվող առարկաներին և նույնիսկ մատներով պահել դրանք»․ տվյալ գործողությունները բնորոշ են 4 ամսական բալիկին:

«Այս շրջանում  փոքրիկները դառնում են առավել սոցիալական: Նրանք շատ են սիրում խաղալ և ընդօրինակել լսած ձայներն ու շարժումները, աշխատում են նոր ֆիզիկական հմտությունների վրա՝ սկսած խաղալիքներ բռնելուց մինչև որովայնից մեջքի վրա շրջվելը։ Եթե մայրիկը երեխային դնում է որովայնի վրա, նա փորձում է գլուխը և կրծքավանդակը բարձրացնել։ Պտտվում է մեջքի վրա, սկսում բարձրացնել գլուխն ու ուսերը, երբ մայրիկը նրբորեն վեր է քաշում նրան»,- նկարագրում է մանկաբույժ Արփինե Հովակիմյանը և ընդգծում ՝ այդ ամենն օգնում է փոքրիկին զարգացնել այն մկանները, որոնք անհրաժեշտ կլինեն ինքնուրույն նստելու համար: 4 ամսվա ընթացքում երեխայի ուղեղը մեծանում է: Նա հեռվից ճանաչում է իրերն ու մարդկանց, որոնց ծանոթ է: Արտահայտում է կոնկրետ հույզեր՝ տխրություն և  ուրախություն։ 

 

Փոքրիկի սնուցումը

Թե՛ կրծքի կաթով, թե՛ կաթնախառնուրդով կերակրվող երեխաները պետք է ստանան օրական 720-1000 մլ կաթ՝ բաշխված հինգ կամ վեց կերակրման վրա: Ամեն անգամ պետք է ընդունեն մոտավորապես 180-240 մլ։ Հնարավոր է, որ  բալիկը դեռևս արթնանա գիշերային կերակրման համար, ինչը լիովին  նորմալ է: Մայրիկը չպետք է հատուկ արթնացնի նրան՝ կերակրելու նպատակով։ Որոշ ծնողներ նախընտրում են այս տարիքում սկսել հավելյալ սնունդը, բայց դա անելուց առաջ պետք է անպայման խոսել բժշկի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս սպասել մինչև 6 ամսականը։ Երբ փոքրիկները պատրաստ են հավելյալ սնուցմանը, նրանք ցույց են տալիս հստակ նշաններ: Տվյալ նշանները ներառում են.

✓ կարողանալ ուղիղ նստել

✓ գլուխը պահել

✓ կարողանալ սնունդը կուլ տալ, այլ ոչ թե լեզվով հետ մղել

✓ բացել բերանը, երբ կերակուր են առաջարկում 

 

Քնի առանձնահատկությունները

4 ամսականում շատ երեխաներ սկսում են երկար քնել և անգամ կարող են քնել ամբողջ գիշեր։ Փոքրիկին անհրաժեշտ է ցերեկային 2-3 քուն, գիշերային և ցերեկային քունը միասին կազմում են 12-16 ժամ: Պետք է իմանալ, որ չորրորդ ամիսը նաև քնի ռեգրեսի պոտենցիալ շրջանն է: Քնի հետընթացը սովորաբար տեղի է ունենում երեխայի համար կարևոր փուլում, երբ նա մեծ աճ և զարգացում է ապրում: Քնի ռեժիմի հետ կապված խնդիրը ժամանակավոր մարտահրավեր է մայրիկի համար և, իհարկե, ցուցանիշ, որ բալիկն աճում է: 

 

Զարգացման հապաղու՞մ      

Թեև ամեն երեխա տարբեր կերպ է զարգանում, ծնողը պետք է խորհրդակցի մանկաբույժի հետ, եթե նրա 4 ամսական երեխան.

 ․ Դժվարանում է աչքերը շարժել որևէ ուղղությամբ

 ․ Չի ժպտում մարդկանց

 ․ Ձեռքերը չի մոտեցնում բերանին

 ․ Չի արձակում ձայներ

 ․ Չի կարողանում  գլուխը վեր պահել

  

Հիգիենայի կանոններ

Ընտանիքի անդամներն իրենց և երեխայի ձեռքերը պետք է հաճախակի լվանան, մասնավորապես՝ ուտելուց կամ ուտելիք պատրաստելուց, լոգարանից օգտվելուց կամ տակդիրը փոխելուց, դրսից ներս մտնելուց, փոքրիկի հետ խաղալուց առաջ և հետո։ Չի կարելի բալիկի ձեռքը հեռախոս տալ։ Սմարթֆոնները կրում են բազում մանրէներ: Սխալ հիգիենայի, շփման հետևանքով հեռախոսի մակերեսին  կարող է հայտնվել E. Coli բակտերիան, որն ունակ է առաջացնել մարսողական համակարգի խնդիրներ: Վերջինները կարող են առավել լուրջ դրսևորվել երեխաների մոտ: 

 

Խորհուրդներ ծնողներին

Ձեր 4 ամսական բալիկին տվեք հնարավորինս շատ հարցեր, բառերն արտաբերեք բարի ձայնով, հետևեք նրա արձագանքներին: Միգուցե տպավորություն ստեղվծվի՝ խոսում եք ինքներդ ձեզ հետ, բայց դրանով ցույց եք տալիս բալիկին զրույցի ճիշտ մոդելը, ինչպես տալ ու վերցնել: Կրկնեք փոքրիկի ձայները ճիշտ այնպես, ինչպես լսում եք: Դա կխրախուսի նրան ավելի շատ գվգվալ ու ժպտալ։ Երբ երեխան լաց է լինում, արձագանքեք որքան հնարավոր է շուտ։ Օգնեք փոքրիկին զարգացնել ձեռքի և աչքի կոորդինացումը՝ մոտակայքում թողնելով խաղալիքներ: 

 

Հեղինակ՝  Լուիզա Աբրահամյան